«Եթե տեսնեն, թե աղջիկներն ինչպես են ծառայում»…
Արդյո՞ք պետք է, որ Հայաստանը հետևի Իսրայելի օրինակին և զինծառայությունը պարտադիր դառնա նաև կանանց համար, – այս հարցը հաճախ է ծագում բանակի խնդիրների վերաբերյալ ամենատարբեր քննարկումների ժամանակ: Շատերը համարում են, որ բանակում կանանց ներկայությունը թույլ կտա խուսափելու տհաճ միջադեպերից, արատավոր երեույթներից, որոնք այսօր, ցավոք, առկա են և հաճախ ողբերգական ավարտ են ունենում : Մյուսները կտրականապես դեմ են, որ կանանց ծառայեն՝ մշակութային-հոգեբանական նկատառումներից ելնելով: Դրա հետ մեկտեղ կա տեսակետ, որ կանանց` ծառայության անցնելու դեպքում , կբարձրանա նաև վերջիններիս կարգավիճակը հասարակության մեջ: Մենք փորձեցին զրուցել այս հարցադրումների շուրջ փորձագետների հետ:
Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանի մեկնաբանությամբ` բանակը նաև կանանց անհրաժեշտությունն է զգում, սակայն այս բնագավառում յուրաքանչյուր նոր քայլ պետք է զգուշորեն անել:
«Ողջունելի է աղջիկների ներկայությունը բանակում: Տարիների ընթացքում հայկական բանակում կանանց ներգրավվածությունը մեծացել է: Այսօր զորամասերում կտեսնենք ոչ միայն բուժքույրերի, այլև կին դիպուկահարների, դիվերսանտների: Դուք տեսաք կին զինվորների նաև անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ: Սա փաստում է, որ պետությունը ողջունում է կանանց ներգրավվածությունը բանակում: Սակայն, փոփոխությունները այս ուղղությամբ պետք է աստիճանաբար անել՝ կամաց-կամաց: Եթե թեկուզ այսօրվա տեմպերով կանայք շարունակեն ծառայել հայրենիքին, ապա մի օր կհասնեք նաև պարտադիր զորակոչին»:
Ռազմական փորձագետը կանանց ներգրավվածությունը բանակում ողջունում է ոչ միայն զինված ուժերի թիվը ավելացնելու առումով, այլև այն դրական ազդեցությամբ, որ կանայք կունենան զորամասերում:
«Կանայք բանակի մթնոլորտը դեպի դրականը կփոխեն: Սա ամենակարև որն է», ասում է Արծրուն Հովհաննիսյանը` համոզմունք հայտնելով, որ կանայք կփոխեն բանակի բարոյահոգեբանական պատկերը և իրենց ներկայությամբ կկարողանան ստիպել տղաներին ավելի լավ ծառայել:
«Եթե տեսնեն, թե աղջիկներն ինչպես են ծառայում, ապա տղայական պատիվն ու արժանապատվությունը կխոսի և նրանք էլ ավելի դրական կտրամադրվեն ծառայությանը», հավաստիացնում է նա:
Ազգային ժողովի պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը դեմ չէ բանակում կանանց ծառայությանը, սակայն դեմ է, որ ծառայությունը լինի պարտադիր: Պարտադիր և պայմանագրային զինծառայության արդյունքում հայոց բանակը թվաքանակի հետ կապված խնդիրներ չի ունեցել և այսօր էլ չունի, հետև աբար հայ աղջիկները բանակում պարտադիր ծառայության անցնելու որև է պատճառ չկա:
«Հայաստանում կանանց պարտադիր զինվորական ծառայության մասին խոսք անգամ լինել չի կարող: Դա կամավոր հիմունքների վրա է և որոշակի պայմանների լրացման դեպքում : Ես դեմ չեմ, որ բանակում կանանց թիվն աճի, բայց դեմ եմ, որ դա լինի պարտադիր: Մենք չունենք Իսրայելի պես մոտեցում, որ կանայք պետք է պարտադիր ծառայություն կրեն: Բացի այդ, պետք է հաշվի առնել նաև մեր ազգի նկարագիրը, որտեղ կինը ընտանիքի պահապանն է, հոգատար կին և մայր», – ասում է Հրայր Կարապետյանը:
Նա միամտություն է անվանում տեսակետը, որ միայն կանանց քիչ ներկայությամբ է պատճառաբանվում բանակում առկա բացասական իրավիճակն ու արատավոր երևույթները:
« Նախ և առաջ բանակում պետք է օրենքները գործեն, պետք է կարգապահական կանոնագիրք լինի, այլապես, կանայք շատ կլինեն, թե քիչ ոչինչ չի փոխի: Էական որև է փոփոխություն զորամասերում չի լինի կանանց ներկայությամբ պայմանավորված, եթե բանակում օրենքները չգործեն»:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը նույնպես դրական է գնահատում, որ աղջիկները ցանկություն են հայտնում ծառայել հայոց բանակում: Նա հավելում է, որ խտրականություն չկա և ցանկության դեպքում յուրաքանչյուր կին կարող է ծառայել բանակում, պարզապես նրանք հիմնականում չեն ընդունվում մարտական ծառայությունների` կապված ֆիզիկական ծանրաբեռնվածության հետ:
«Զորամասերում այսօր ծառայում են մեծ թվով կանայք: Նրանք հիմնականում բուժծառայողներ են, պաշտպանության նախարարության և զորամասերի գործավարներ, կապի ոլորտում են աշխատում կամ ճաշարաններում»:
Կարապետյանի փոխանցմամբ, ներկա դրությամբ կանանաց պարտադիր զորակոչի հարցը չի քննարկվել, որովհետև տղամարդկանց թիվը բավարարում է պետության սահմանների պաշտպանության համար: Այնուամենայնիվ, հավելում է.
«Մի բան ակնհայտ է` այն զորամասերում, որտեղ ներգրավված են կանայք, մթնոլորտը, բարոյահոգեբանական վիճակն առավել դրական է, նկատվում է բարություն ու հայրենասիրության բարձրագույն աստիճան և ծառայության հանդեպ մեծագույն պատասխանատվություն»….
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կարդացեք նաև այլ նյութեր այս թեմայի շուրջ մեր կայքում.
«Աղջիկներն իրենց օրինակով կարող են ապացուցել, որ խաղաղ պայմաններում բանակում զոհ չի կարող լինել»…
Կանայք աշխարհի բանակներում և մարտի դաշտում
Տիկին պաշտպանության նախարար և ֆրաու գլխավոր հրամանատար
«Ամեն ինչ կանեմ, որ խաղաղություն լինի… »
Դիտումների քանակը` 7558