Ադրբեջանում իրավապաշտպանների որս է սկսվել
Ադրբեջանի ամենահայտնի իրավապաշտպան ամուսնական զույգը՝ Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսն ու պատմաբան, կոնֆլիկտոլոգ Արիֆ Յունուսը բերման ենթարկվեցին երկուշաբթի երեկոյան՝ Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանից: Ամուսիններին ձերբակալել էին, երբ նրանք փորձում էին ուղևորվել Քաթարի մայրաքաղաք Դոհա, որտեղից էլ մեկնելու էին Փարիզ՝ մասնակցելու միջազգային գիտաժողովի:
Նշենք, որ «Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտ» ոչ կառավարական կազմակերպության տնօրեն Լեյլա Յունուսը ապրիլի 22-ին հանդես էր եկել ի պաշտպանություն ադրբեջանցի հայտնի լրագրող Ռաուֆ Միրկադիրովի, ում վերջերս Թուրքիայում ձերբակալել, ապա հայրենիք էին արտաքսել՝ մեղադրելով պետական դավաճանության մեջ: Ադրբեջանի գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն՝ Միրկադիրովը կասկածվում է Հայաստանի հատուկ ծառայությունների հետ 2008-ից համագործակցության մեջ:
«Միրկադիրովին լրտեսության և հայրենիքի դավաճանության մեջ մեղադրելը խաչ է քաշում Հայաստան Ադրբեջանի քաղաքացիական ակտիվիստների հետագա այցերի, Ադրբեջանում ժողովրդական դիվանագիտության և քաղաքացիական հասարակության զարգացման վրա, – հայտարարել էր Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ, Թեոդոր Հեքերի անվան միջազգային մրցանակի դափնեկիր Լեյլա Յունուսը :
Ամուսիններին օդանավակայանում խուզարկել են, խլել են նրանց համակարգիչը, ժամը 03.00-ին վերադարձրել են տուն և սկսել են խուզարկություն անցկացնել: Լեյլա Յունուսը չի ցանկացել նրանց թողնել մտնել իր տուն առանց քաղաքացիական ակտիվիստների ներկայության՝ վախենալով, որ իրավապահները կարող են իրենց հետ նրա տուն բերած լինել «անցանկալի իրեր»: Սակայն նրան սպառնացել են, որ կկոտրեն դուռը, ինչից հետո Լեյլան տեղի է տվել:Առավոտյան կողմ ոստիկանների և իրավապաշտպանների հակամարտությունը հասավ գագաթնակետին: Բառացիորեն երկու օր առաջ հիվանդանոցից դուրս գրված Արիֆ Յունուսի առողջական վիճակը կտրուկ վատթարացավ, և նրան նախաինֆարկտային վիճակում կրկին տեղափոխեցին Բաքվի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունք: Իսկ Լեյլա Յունուսին տարան դատախուզություն:
Շուրջ 9 ժամ տևած հարցաքննությունից հետո Լեյլա Յունուսին թույլ տվեցին դուրս գալ երկրի Գլխավոր դատախազության շենքից` նախապես նրանից առգրավելով անձնագիրը: Դատախազության շենքի մոտ հավաքված լրագրողների հետ զրույցում Յունուսը հայտարարել է հարցաքննության ընթացքում իր իրավունքների խախտումների մասին: «Հազիվ եմ կանգնում ոտքի վրա: Երեկ ժամը 11-ից ոտքի վրա եմ: Ավելի քան մեկ օր չեմ քնել: Անգամ զուգարան ստիպված եմ եղել գնալ ոստիկանական հսկողության ներքո»,- ասել է իրավապաշտպանը:
Նա տեղեկացրել է, որ գնում է մասնակցելու իր ղեկավարած կենտրոնի խուզարկությանը, որի իրականացման համար, իր խոսքով, իրավապահները որևէ հիմք չունեն:«Նրանք ամեն րոպե խախտում են օրենքները: Ինձնից երկրից չմեկնելու ստորագրություն չեն վերցրել, սակայն թույլ չեն տվել մեկնել երկրից՝ ինձնից վերցնելով անձնագիրս»,- ասել է Յունուսը՝ հավելելով, որ չի հասկանում՝ իրեն ինչում են մեղադրում:
«Հարցաքննության ողջ ընթացքում ինձ հարցնում էին լրագրող Ռաուֆ Միրկադիրովի մասին, արդյոք մենք ընկերներ ենք, թե՝ ոչ: Անկեղծ ասած, ես այդպես էլ չհասկացա, թե ինչում են ինձ մեղադրում»,- նշել է իրավապաշտպանը:
Ի դեպ, ադրբեջանական լրատվական կայերից մեկը երեկ տեղադրել է մի տեսահոլովակ, որտեղ Լեյլա Յունուսը ոստիկանների կողմից շրջապատված փողոցում կանգնած ժամանակ ասում է, որ նրան ամբողջ գիշեր թույլ չեն տվել զուգարան գնալ, իսկ երբ վերջապես նա կարողացել է գնալ, ոստիկանության աշխատակիցները նրա հետ ներս են մտել: Ոստիկաններից մեկը հայտարարել է, որ ոստիկանությունը գնացել է Յունուսի հետևից, որպեսզի «պաշտպանի Յունուսին», և չթողնի, որ նա իրեն «մարմնական վնասվածքներ հասցնի»:
Լեյլա Յունուսի համոզմամբ` վերջին իրադարձությունները երկրում մնացած հատուկենտ իրավապաշտպաններին լռեցնելու նպատակ են հետապնդում.- «Հիմնական նպատակը երկրի վերջին իրավապաշտպանին ոչնչացնելն է: Նրանք մեզ ոչնչացնելու հնարավորություն են ստացել, ոչնչացնում են նաև տաղանդավոր լրագրող Ռաուֆ Միրկադիրովին` խելագար մեղադրանքներ առաջադրելով»:
Լեյլա Յունուսը նաեւ հայտարարություն է տարածել, որտեղ զուգահեռներ է անցկացրել ստալինյան եւ ալիեւյան ռեժիմների միջեւ եւ նշել , որ ժամանակին իր մայրը ողջ կյանքում վախեցել է խոստովանել, որ գերմանուհի է, իսկ այսօր իր աղջիկն է վախենում ասել, որ իր տատը հայուհի է…
Նշենք նաեւ, որ մինչ ձերբակալությունը ՝ ապրիլի 26-ին Ադրբեջանի «Խաղաղության և ժողովրդավարության» ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը և Հայստանի «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը համատեղ հայտարարություն էին տարածել, որում իրենց մտահոգությունն էին հայտնել ադրբեջանցի հայտնի լրագրող, ադրբեջանական ռուսալեզու «Զերկալո» թերթի Անկարայի թղթակից Ռաուֆ Միրկադիրովի ձերբակալության վերաբերյալ և կոչ արել ազատել նրան:
«Մենք՝ երկու կանայք՝ իրավապաշտպան և լրագորղ, երկու մայր՝ Ադրբեջանից և Հայաստանից, համագործակցում ենք մոտ տասը տարի, կանգնած ենք թիկունք թիկունքի տված՝ ավելի քան 20 տարի պատերազմի մեջ գտնվող մեր ժողովուրդների միջև հասարակական երկխոսություն ստեղծելու և ամրապնդելու ոչ դյուրին գործում: Մոտ տասը տարի է՝ մենք քայլում ենք ձեռք ձեռքի տված՝ թողարկելով համատեղ հոդվածներ, գրքեր և վեջապես ստեղծելով առաջին ու միակ յուրօրինակ համատեղ կայքը, որը հայերի և ադրբեջանցիների միջև երկխոսության դաշտ է»,-ասված է հայտարարությունում:
Լեյլա Յունուսը և Լաուրա Բաղդասարյանը նշում են, որ ապրիլի 22-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշմամբ Գլխավոր դատախազության և ազգային անվտանգության նախարարության հետախույզներից միացյալ խումբ է ստեղծվել՝ «Ադրբեջանում Հայաստանի լրտեսների մեծ ցանցը բացահայտելու նպատակով»: «Դժվար չէ կանխատեսել, որ այդ ցանցում ծրագրվում է ներառել հենց մեր Երկխոսության մասնակիցներին»,- ընդգծում են իրավապաշտպանն ու լրագրողը՝ հավելելով, որ ապրիլի 19-ին Հայաստանի օգտին լրտեսություն անելու համար ձերբակալված Ռաուֆ Միրկադիրովը իրենց կայքում անցկացվող ինտերնետ-համաժողովների, ինչպես նաև Հայաստանում անցկացված միջազգային համաժողովների ակտիվ մասնակից է եղել:
Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարության պնդմամբ` Ռաուֆ Միրկադիրովը 2008 թվականին հավաքագրվել է հայկական հատուկ ծառայությունների կողմից: Դա, ադրբեջանցի իրավապահների պնդմամբ, տեղի է ունեցել հենց Յունուսի կողմից կազմակերպված հայ-ադրբեջանական համաժողովներից մեկի ժամանակ:
Դիտումների քանակը` 3506