Իմացե՛ք ձեր աշախատանքային իրավունքները . փաստաբանների մայիսմեկյան ակցիա

ՀՀ փաստաբանների պալատը Աշխատավորների միջազգային տոնի կապակցությամբ այսօր Հյուսիսային պողոտայում կազմակերպել էր իրազեկման  ակցիա: Ակցիայի կարգախոսն է՝ «պաշտպանված աշխատող, բարեխիղճ գործատու, հզոր հայրենիք»:

 

Փաստաբանների պալատի նախագահ՝ Արա Զոհրաբյանը  լրագրողների հետ զրույցում նկատել է, որ գործատու-աշխատող հարաբերություններում որպես կանոն խոցելին աշխատողն է, հետևաբար նախաձեռնության նպատակն է աշխատողներին իրազեկել իրենց իրավունքների մասին: Իրազեկվելով՝ նրանք արդեն իսկ  պաշտպանված կլինեն աշխատանքային իրավահարաբերություններում:

 

«Հայ աշխատողը պետք է իմանա, որ պաշտպանված է, քանի որ մեր աշխատանքային օրենսգիրքն  իսկապես լավ պայմաններ է ստեղծում», –  սսաց Արա Զոհրաբյանը:

 

Դրա հետ մեկտեղ  նա  նկատեց, որ այսօր աշխատանքային օրենսգրքի մի շարք կետեր խախտվում են, օրինակ, եթե կինը հղի է, ապա աշխատանքի ընդունվելու նրա հնարավորությունը բավական փոքր է:

Իսկ  Փաստաբանների պալատի անդամ Մարինե Ֆարմանյանը նշեց, որ այսօր հատկապես երիտասարդներին  կարևոր է փորձաշրջանին վերաբերող տեղեկատվության հասանելիությունը: Իրազեկման ակցիայի վերջում կազմակերպիչները անցորդներին բաժանեցին ինֆորմացիոն թերթիկներ, որոնց միջոցով քաղաքացիները կարող են տեղեկություններ ստանալ աշխատանքային օրենգրքի, ինչպես նաև գործատու և աշխատող իրավահարաբերությունների վերաբերյալ:

Ի դեպ՝

 

ՀՀ  Աշխատանքային օրենսգրքով  աշխատանքային հարաբերությունների կողմերը իրավահավասար են անկախ նրանց սեռից, ռասայից, ազգությունից, լեզվից, ծագումից, ամուսնական վիճակից և ընտանեկան դրությունից և աշխատողի գործնական հատկանիշների հետ չկապված այլ հանգամանքներից (հոդված 3): Նույն հանգամանքները չեն կարող պատճառ համարվել աշխատանքային պայմանագրի լուծման համար (հոդված 114), բացի այդ, տղամարդկանց և կանանց միևնույն կամ համարժեք աշխատանքի դիմաց վճարվում է նույն չափով աշխատավարձ (հոդված 178):

 

Աշխատող ծնողների աշխատանքային իրավունքները սահմանված են եվրոպական իրավունքի մակարդակով։ ՀՀ աշխատանքային օրենսգրքում որպես աշխատանքային իրավական հարաբերությունների օբյեկտ դիտարկվում է ոչ միայն մայրությունը, այլ ծնող լինելը։

 

Այսպես, «Աշխատանքային պայմանագիրը չի կարող լուծվել հղի կնոջ հետ հղիության ամբողջ ժամանակահատվածում, ծննդաբերության արձակուրդի և դրան հաջորդող ամսվա ընթացքում, ինչպես նաև մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողի հետ….» (հոդված117):

 

Երեխայի խնամքի համար արձակուրդ տրամադրվում է աշխատող ծնողներից մեկին, իրենց ցանկությամբ, մինչև երեխայի երեք տարին լրանալը (ՀՀ ԱՕ, հոդ.175):

 

Աշխատողի պահանջով մինչև երկու ամիս չվճարվող արձակուրդ տրամադրվում է հղիության ու ծննդաբերության արձակուրդում գտնվող, ինչպես նաև մինչև մեկ տարեկան երեխային խնամելու համար արձակուրդում գտնվող կնոջ ամուսնուն (ՀՀ ԱՕ, հոդ.176):

 

Արտաժամյա աշխատանքները (հոդ.144), աշխատանքները գիշերային ժամանակ, հերթապահությունը, ամենշաբաթյա անընդմեջ հանգիստը կարգավորող հոդվածները նունպես սահմանում են երեխա խնամող աշխատողների (թե´ կանանց, թե´ տղամարդկանց) ընտանեկան պարտականությունների կատարման հետ կապված իրավունքները:

 

Հղի կնոջ և երեխա խնամող աշխատողի պահանջով սահմանվում է

  • ոչ լրիվ աշխատանքային օր կամ ոչ լրիվ աշխատանքային շաբաթով աշխատաժամանակ (հոդված 141),
  • կրծքով կերակրող մայրերին տրամադրվում են լրացուցիչ ընդմիջումներ` յուրաքանչյուր երեք ժամը մեկ, կես ժամով (հոդված 258, կետ 5),
  • հղի կանայք և մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողը կարող են արտաժամյա և գիշերային աշխատանքի ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ (հոդված 144, 148),
  • նրանց տրամարվում է նպատակային և լրացուցիչ արձակուրդ (հոդված 171, 172),
  • արգելվում է ներգրավել հղի և մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց վնասակար պայմաններով աշխատանքի մեջ (հոդված 258) և այլն:

 

ՀՀ Ընտանեկան օրենսգրքով՝ ամուսիններից յուրաքանչյուրն ազատ է աշխատանք, զբաղմունք, մասնագիտություն, բնակության վայր ընտրելու հարցում…

 

 

Դիտումների քանակը` 6335

Գլխավոր էջ