«Մարդկանց իրավունքները պաշտպանելու համար՝ մեզ նրանց հավատն ու վստահությունն է հարկավոր»
Մեր զրուցակիցն է Վորոնեժի Մարդու իրավունքների տան նախագահ, Մարդու իրավունքների երիտասարդական շարժման առաջնորդ Աննա Դոբրովոլսկայան, ում հետ մենք նույնպես ծանոթացանք վերջերս Երևանում կայացած «Կին իրավապաշտպանների պաշտպանությունն ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում» թեմայով կլոր սեղանին: Աննայի խոսքերով, ինչպես և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող գրեթե բոլոր կազմակերպությունների նկատմամբ, այնպես էլ իրենց նկատմամբ Ճնշումներ լինում են, սակայն դա իրենց չի կանգնեցնում …
– Անձամբ իմ նկատմամբ խոչընդոտ կամ բռնություն չի կիրառվել: Տա Աստված, որ ամեն ինչ լավ ընթանա, պարզապես իմ կազմակերպությունը գործում է ոչ թե Մոսկվայում, որտեղ հարյուրավոր նման կազմակերպությունների շարքում կարող ես չնկատվել, այլ Վորոնեժում, իսկ մարզերում ավելի հեշտ է գտնել ու «պատժել» այդ կազմակերպությանը: Փոքր քաղաքում բոլորն իրար ճանաչում են, այդ իսկ պատճառով հաշվեհարդար են տեսնում հարազատ-բարեկամներին, օրինակ՝ աշխատանքից ազատելով: Իշխանություններին չի մտահոգում կին իրավապաշտպանների անվտանգության ապահովումը, քանի որ նրանք դիտարկում են մեր գործունեությունը որպես իրենց պաշտոններին ոտնձգություն … Մինչդեռ մեզ չի հետաքրքրում, թե ով է իշխանության ղեկին, կարևորն այն է, որ պաշտոնյան հանրության համար օգտակար գործ անի, որ կառավարությունում և խորհրդարանում լինեն հասարակության սոցիալական, առողջապահական, կրթական հարցերով իրապես մտահոգվող գործիչներ:
-Իսկ հանրությու՞նը, մարդիկ հավատում ու վստահու±մ է երիտասարդ ակտիվիստներին:
-Սկզբնական շրջանում մեզ «սվիններով» էին դիմավորում, խուսափում էին մեր առջև դուռ բացել, պատճառաբանելով, թե մեր մասին հեռուտատեսությամբ սարսափելի բաներ են պատմում: Սակայն երբ սկսեցինք բացատրել մեր գործունեության իրական նպատակը, որ մենք քաղաքական ակտիվիստներ կամ «ագենտներ» չենք, որ իշխանության չենք ձգտում, մարդիկ հետզհետե հավատացին ու համոզվեցին, որ գործում ենք ի նպաստ իրենց: Մարդկանց պաշտպանելու համար՝ մեզ նրանց վստահությունն ու հավատն է հարկավոր:
– Դուք նաև զբաղվում եք բռնության ենթարկված կանանց օգնություն ցուցաբերելով: Տարածված կարծիք է, որ կանանց հանդեպ կիրառվող բռնության մեղավորը կնոջ ազատ ու անբռնազբոս պահվածքն է: Ի±նչպես բացատրել մադկանց, որ իրականում դա այդպես չէ…
– Կարծում եմ, դա ավելի շուտ կարծրատիպ է, իր բոլոր բացասական հետևանքներով … Համոզված եմ, որ բռնության դեպքում զոհը, կինը մեղավոր չէ, որ կնոջը կարճ շրջազգեստի համար բռնաբարողը նույնը կանի նաև երկար շրջազգեստ հագած կնոջ հանդեպ: Այնպես որ զգեստն այստեղ կապ չունի: Իհարկե կան աղջիկներ, որ ազատ են իրենց վարքում ու հագուկապի հարցում, սակայն դա անհատական վարք է, բոլորն այդպիսին չեն, բացի այդ եթե կինը ազատ է հարաբերություններում, դեռ չի նշանակում, որ նրա հանդեպ պետք է բռնություն կիրառվի: Ի տարբերություն Հյուսիսային Կովկասի բնակչության, որտեղ աղջիկները վարում են չափազանց զուսպ կենցաղ, մեզ մոտ շատ ավելի ազատ է երիտասարդությունը, աղջիկներն ու տղաներն ավելի վաղ տարիքում են մտերմանում և անգամ սեռական հարաբերություններ ունենում, արդյունքում լինում են նաև բռնություններ, սակայն դա չպետք է դիտարկել որպես արդարացում, թե տեսեք, աղջիկներն իրենք են հրահրում բռնության դիմել…
–Ընդհանուր առմամբ, դժվա±ր է հեղաշրջում կատարել մարդկանց գիտակցության մեջ:
-Օ~հ, այն էլ ինչպես: Ընդհանրապես, մարդու գիտակցությունն ու միտքը վերափոխել դժվար է, հատկապես եթե նա չի ցանկանում: Դա, ի դեպ, խնդիր է ոչ միայն տղամարդկանց, այլև կանանց մոտ: Տեսեք, աղջիկները մանկուց դաստիարակվում են հետևյալ չափանիշներով. կարող ես ցանկանալ ամեն ինչ, կարող ես լինել խելացի, սակայն ամեն դեպքում տղամարդը քեզանից ուժեղ և խելացի է: Ահա սա է ողջ խնդիրը: Նույնկերպ կանայք են մտածում, որ իհարկե, ես ուժեղ եմ, սակայն առանց տղամարդու, առանց ամուսնու ես դժբախտ եմ: Արդյունքում կանայք բռնությունը գերադասում են մենակ մնալուց՝ հանդուրժելով և հարբեցող, և ծեծող ամուսու գոյությունը: Բացի այդ կինը տնտեսապես անկախ չէ, որ կարողանա միայնակ ապահովել իր երեխային: Այնպես որ, մտքի հեղափոխության համար անհրաժեշտ է նաև նյութական անկախություն կամ դրա համար պայքարելու ուժ:
–Առաջիկայում ի±նչ պլաններ ունեք:
-Աշխատել ու աշխատել, ու նաև ապացուցել հանրությանը, որ մենք ոչ մի վատ բան չենք անում, որ ուզում ենք պաշտպանել նրանց խախտված իրավունքները: Ամենագլխավորը դա է:
Անուշ Ներսիսյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Ի պաշտպանություն կին իրավապաշտպանների
«Օրենքը պետք է կիրառել, այլապես այն սիրում է թաքնվել դարակում»
«Որքան շատ են քեզ ճնշում, այնքան ավելի վճռական ես դառնում»
Դիտումների քանակը` 3116