«Ծառի ճյուղերը տակավին նոր են ծլարձակում»…

Բացօթյա  ցուցահանդես-վաճառք  կին-արտադրողների մասնակցությամբ 

Հայաստանի երիտասարդ   կանանց ասոցիացիան  «Հայ  խոհարարական  ավանդույթների զարգացման և պահպանման> ՀԿ-ի աջակցությամբ Երևանում, Կարապի  լճի մոտ կազմակերպել էր երեկ կանանց տոնին  նվիրված բարեգործական բացօթյա  ցուցահանդես-վաճառք: 

Լիճը բոլորող տաղավարներում Հայաստանի մարզերից եկած մասնակիցների  հետ միասին իրենց կանացի հմտության ու երևակայության արգասիքն էին ցուցադրում  նաև  սիրիացի  և  պարսկահայ կանայք: Խայտաբղետ ու գեղեցիկ ձեռագործ սփռոցների, հագուստների, բազմատեսակ  զարդարանքների, գյուղական  լավաշի, արցախյան ժենգյալով  հացի, հայկական լեռնաշխարհի և իրանական անուշաբույր համեմունքների գունագեղ ամբողջությունը տաղավարների  շուրջ էր  հավաքել մարդկանց, ովքեր դիտում ու գնում էին նախընտրած  ուտեստը,  համեմունքը, տնական գաթան ու արիշտան: Միջոցառման  կազմակերպիչների ոգևորությունն անսպառ էր, քանի որ միջոցառման ողջ հասույթը պետք է  տրամադրվեր Հայաստանի մարզերում կանանց  տնտեսական  մասնակցության խթանման  նպատակով  իրականացվող  ծրագրերին:

Հայաստանի երիտասարդ   կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը նման  միջոցառումները  կարևորում է այն առումով, որ ինչպես Հայաստանի մարզերից ժամանած, այնպես էլ սփյուռքահայ  կին-արտադրողները սեփական արտադրանքը վաճառելուց բացի հնարավորություն են  ունենում ձեռք  բերել  նաև  պատվիրատուներ: «Նման  բարեգործական  ծրագրերը  մեր  գործունեության  առանցքն են  կազմում, քանզի դրանք  խթանում են կանանց  գործունեությունն ակտիվացնելու բազմաթիվ այլ   ծրագրերի իրականացմանը: Այս  ցուցահանդես  -վաճառքին  մասնակցում են շուրջ 50 կին-արտադրողներ, նրանցից  շատերը «ՀՀ Կին ձեռներեցների ցանցի» անդամներ են, իսկ ոմանք էլ  մասնակցում են առաջին անգամ, հուսանք, որ այդ համագործակցությունը  կունենա շարունակություն»,- ասում է Լիլիթ Ասատրյանը:

 

Շուրջ քսան  տեսակի հյութալի ու  գայթակղիչ  մթերքներով  ծանրաբեռնված  տաղավարում Գառնի  գյուղի գյուղմթերք արտադրող  կանայք հետաքրքրասեր գնորդներին  առաջարկում են թոնրի գաթան, անարատ  մեղրը, չրեղենն ու գինին:

Քիչ հեռվում Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերը հիանում է  հայ  կանանց հմուտ  մատներով ստեղծած սփռոցներով, գլխարկներով ու շարֆերով: Նրա  համոզմամբ հայ  կանանյք տաղանդավոր են, նաեւ  հիանալի ղեկավարներ են,  ինչում  համոզվել է  դպրոցներ կատարած  շրջայցերի ընթացքում: «Եվ  համոզված եմ, որ  հայ  կանայք աստիճանաբար ավելի  բարձր դիրքեր են  գրավելու և ավելի մեծ ներդրում են  ունենալու Հայաստանի տնտեսության  զարգացման գործում»,-ասաց դեսպանն ու հավելեց, որ իր համար ցուցահանդես-վաճառքի ամենագայթակղիչ ապրանքատեսակը ծիրանի  չիրն է:

Ժպտերես Վիկտորիա Շիշոյանը երկու տարի առաջ  Հալեպից եկել է  Հայաստան և ցանկանում է ձեռնարկել  խոհանոցային բիզնես, սակայն,  նրա  պատկերավոր արտահայտմամբ. «Ծառի ճյուղերը  տակավին նոր են  ծլարձակում, Հայաստանի  հետ  մեծ  հույսեր եմ  կապում»: Վիկտորիան գոհ է իր տարատեսակ համեմունքների ու 15 տեսակի լեբլեբիների վաճառքից:

 

Իսկ ահա 7 տարի առաջ  Հայաստան եկած Էլսիկ Վարդանյանը, ով  հաշմանդամ է  և ապրում է քրոջ հետ ֆինանսական  խնդիրների հաղթահարման  նպատակով և անգործությունից «չխենթենալու» համար  զբաղվում է հյուսքով: Նրա ստեղծած պայուսակներն ու շարֆերն արվեստի կատարյալ նմուշներ են: Էլսիկն իր արտադրանքի  հումքը ստանում է Իրանից, ինչը   բավականին  թանկ է:

 

«Իմ աշխատանքերը հայաստանցիների  համար թանկ են համարվում, բայց գիտեք որքան  աշխատանք է պահանջվում  յուրաքանչյուր պայուսակի ստեղծման  համար, այն ամբողջովին  ձեռքի աշխատանք է: Նախկինում  իմ աշխատանքները վաճառքի  համար ուղարկում էի Իրան, սակայն արդեն  երկու տարի է, որ այդ  հնարավորությունն այլևս  չունեմ: Մնում է դրանք  իրացնեմ այստեղ»,- ասում է Էլսիկը: Այնուհանդերձ, նրա  հյուսած գեղեցիկ  պայուսակն  իր գնորդն ունեցավ:

 

Միջոցառման անակնկալը «Հայ  խոհարարական  ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի կողմից  խոհարարական  շոուն էր, որի  ընթացքում վարպետ  խոհարարները մասնակիցներին  և  այցելուներին հրամցնում էին ավանդական  ուտեստներ:

 

Ցուցահանդես-վաճառքը ռոք երաժշտության  հնչյունների նվագակցությամբ շարունակվեց  մինչ երեկո: Անշուշտ, կին-արտադրողները գոհ  մնացին, քանի որ միջոցառման սկիզբն ու ընթացքն շատ  խոստումնալի էին:

Անուշ Ներսիսյան

 

 

Դիտումների քանակը` 4802

Գլխավոր էջ