«Ես չեմ ուզե իմ էրեխեն 6 տղու հետ դասի նստի»…
Հետք.ամ-ի լրարող Երանուհի Սողոյանի այս հոդվածը արժանացել է
Նա/Նե առաջին մրցանակի «Առցանց հոդված» անվանակարգում:
Շիրակի մարզի Քեթի գյուղում այս տարի առաջին դասարան պիտի ընդունվեր վեց տարին լրացած յոթ երեխա` 6 տղա եւ մեկ աղջիկ: Գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Ալիսա Նիկողոսյանն ասում է, որ սեպտեմբերի 1-ին իրենք նվերներով սպասել են փոքրիկներին, սակայն այդ օրը դպրոց են եկել միայն վեց տղաները, Հայկանուշին մայրը դպրոց չի բերել: Անհանգստացել են, փորձել պարզել պատճառը:
«Սկզբում մայրը պատճառաբանեց, որ հագուստ չի գնել, երեխան համապատասխան զգեստ ու կոշիկ չունի, դասագիրք չունի, դրա համար չի բերում: Ես մորն ասացի, որ Հայկանուշը նվեր գրենական պիտույքներ ունի, մենք իրեն դա կտանք, իսկ հագուստն էլ, դե թող տան շորերով գա, ոչինչ, մենակ թե պարտադիր ուսուցումից դուրս չմնա,- պատմում է տնօրենը:
– Մայրը սկզբում պատճառաբանում էր, որ հայրը Ռուսաստանում է, չի թողնում բերեմ, տանը փոքր երեխա ունեմ, հետո ասում էր, թե պիտի տեղափոխվեն ընտանիքով Հայաստանից, տարբեր-տարբեր պատճառաբանություններ էր բերում, բայց մտքներովս էլ չէր անցնում, որ բուն պատճառը համադասարանցի տղաներն են: Ես Նառային ասացի, որ եթե նույնիսկ միտք ունեն տեղափոխվելու, թող երեխան գա այնքան, որքան իրենք դեռ կմնան գյուղում, գոնե հայերեն տառերը կսովորի»:
Հորդորն ազդել է: Հայկանուշը սեպտեմբերի 5-ից 16-ը հաճախել է Քեթիի միջնակարգ դպրոցի առաջին դասարան: Դասվար Սիլվա Մկրտչյանի հավաստմամբ` երեխան բոլորովին կաշկանդված չի եղել, միայն թե սկզբնական շրջանում, երբ նկար-պատկերներ են վերլուծել, հրաժարվել է կրկնել տղա դասընկերների ասածները:
«Երբ ես իրեն ասում էի` այ, քո ընկերն ասաց, դե հիմա դու էլ կրկնի, ինձ ասում էր` չէ, դու ասա, քո ասածը կկրկնեմ,- պատմում է Ս. Մկրտչյանը,- ու ես հասկանում էի, որ երեխային տանը պարզապես տրամադրում են ոչ այնքան դրական ձեւով դեպի տղա դասընկերները: Հետո ամեն ինչ կարգավորվեց: Հայկանուշը շատ ժիր երեխա էր ու խաղերը, որ կազմակերպում էին, ինքը մի տեսակ վարողի դերում էր լինում միշտ: Նախաձեռնող էր, լիդերության հակում ուներ: Շատ պարտաճանաչ էր դասապատրաստման պրոցեսներին, եթե նույնիսկ մենք այդ օրը տվյալ առարկան չունեինք, ինքը գիրքն անպայման բերում էր ու դեռ հետն էլ առաջարկում, որ տվյալ դասն անենք»:
Երբ սեպտեմբերի 17-ից Հայկանուշն այլեւս դպրոց չի հաճախել, դասվարը նույն երեկոյան զանգահարել է մորը` մտածելով, որ երեխան գուցե հիվանդացել է: Չստանալով խելամիտ որեւէ բացատրություն բացակայության վերաբերյալ` մյուս օրը Սիլվա Մկրտչյանն անձամբ է այցելել աշակերտուհու տուն, զրուցել Նառայի հետ: Վերջինս ասել է, որ Ռուսաստանում գտնվող ամուսինն արգելել է վեցամյա աղջնակին դպրոց տանել: Պատճառն էլ այն է, որ Հայկանուշը դպրոցի միակ առաջին դասարանի միակ աշակերտուհին է, ու ամենայն հավանականության, իրենք Հայկանուշին Հողմիկ գյուղում դպրոց կուղարկեն, որտեղ բնակվում են նրա մորական տատն ու պապը:
Սպասելով մի որոշ ժամանակ եւ տեսնելով, որ Նառան մտադիր չէ երեխային ոչ Քեթիի, ոչ առավել եւս Հողմիկի միջնակարգ դպրոց ուղարկել, Ալիսա Նիկողոսյանը սեպտեմբերի 29-ին պաշտոնական գրություն է ուղարկում համայնքի ղեկավարին` տեղեկացնելով, որ դպրոցահասակ Հայկանուշ Խաչատրյանը չի հաճախում դպրոց:
Նամակում նշվել է, որ իրենք բազմիցս տեղեկացրել են ծնողին դպրոց հաճախելու անհրաժեշտության մասին, սակայն դրական արդյունքի չեն հասել` ծնողն առանց հիմնավոր պատճառի հրաժարվում է երեխային դպրոց բերել: Ալիսա Նիկողոսյանը խնդրել էր համայնքի ղեկավար Թորգոմ Սահակյանի միջամտությունը: Խնդրին լավատեղյակ համայնքապետի առաջարկությամբ հոկտեմբերի 6-ին Քեթի համայնքի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի նիստ է գումարվել, որին մասնակցել է երեխայի մայրը` Նառա Խաչատրյանը:
Նիստի ընթացքում Նառա Խաչատրյանը որեւէ հիմնավոր պատճառաբանություն չի բերել, թե ինչու է 6-ամյա աղջկան հրաժարվում դպրոց տանել, խոստացել է հաջորդ օրը խնդրին տալ դրական լուծում, սակայն երեխան այդպես էլ չի հաճախել դպրոց: Հոկտեմբերի 18-ին գումարվել է հանձնաժողովի 2-րդ նիստը, որին այս անգամ մասնակցել է Շիրակի մարզպետարանի աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի իրավաբան Մանուկ Մանուկյանը:
Ծնողին բացատրվել է, որ «Կրթության մասին» ՀՀ օրենքի համաձայն` դպրոցահասակ երեխան պետք է առանց որեւէ պատճառաբանությունների պարտադիր ուսուցման ներկայանա: Տեղեկացրել են նաեւ, որ ծնողը կենթարկվի պատասխանատվության երեխայի իրավունքների ոտնահարման համար:
Հոկտեմբերի 28-ին համայնքի ղեկավարը նամակ է ուղարկել նաեւ ոստիկանության Ախուրյանի բաժնի պետ, փոխգնդապետ Վ. Ենգոյանին եւ խնդրել միջամտել` հարցին դրական լուծում տալու համար: Նոյեմբերի 10-ին հայրենի գյուղ վերադարձած Կառլեն Սարգսյանին հրավիրել են ոստիկանության Ախուրյանի բաժին, նրա հետ զրուցել է անչափահասների գծով տեսուչն ու հորդորել որեւէ տարբերակ մտածել երեխային պարտադիր ուսուցումից դուրս չթողնելու համար: Կառլենի հետ զրուցել են նաեւ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի ղեկավարն ու իրավաբանը:
Վեցամյա աղջնակը հարցիս, թե «դպրոցում լա՞վ էր», տարուբերում է գլուխն ու մի կարճ «չէ»-ով փորձում խուսափել հետագա հարցերից: «Բայց դու երկու շաբաթ հաճախել ես, մի՞թե այդքան վատ էր»,- փորձում եմ հասկանալ, թե ինչը կոնկրետ դուր չի եկել փոքրիկին: «Չէ, լավ էր»,- անկեղծանում է երեխան ու հայացքը հառում մորը:
Զրույցին ներկա են Հայկանուշ Խաչատրյանի ծնողները` Կառլեն Սարգսյանը եւ Նառա Խաչատրյանը: Երեխան կրում է մոր ազգանունը, Կառլենը դա բացատրում է նրանով, որ իրենք զագսավորված չեն, ժամանակ չունեն դրա համար, թեպետ 7 տարի է` ամուսնացած են, ու երկրորդ դուստրն էլ արդեն մի քանի ամսական է:
«Փաստորեն, դուք վատ եք զգում, որ Հայկանուշը սովորելու է 6 տղայի հետ նույն դասարանում, սակայն վատ չեք զգում, որ նա կրում է ոչ թե ձեր, այլ մոր ազգանունը»,- հարցնում եմ Կառլենին: «Չէ, հեչ վատ էլ չեմ զգա, ազգանունն ի՞նչ կապ ունի, եթե էրեխեն իմն է,- արդարանում է հայրը,- հըմի ես որոշել եմ, օր ինքն էս տարի դպրոց չէրթա: Ես, իմ սեփական էրեխեն, թող մնա, կդառնա 7 տարեկան, մյուս տարի կերթա, ի՞նչ է էղել»:
Երեխային դպրոց չուղարկելու հարցում երկու ոտքը մի մաշիկ մտցրած Կառլեն Սարգսյանն իր դիրքորոշումը չի թաքցնում մեր զրույցի ընթացքում: «Ըդիկ շատ լավ է, օր դուք լրագրող եք, ուրեմն լսեք ու ըսեք` ես ճի՞շտ եմ, թե՞ սխալ,- զրույցի հենց սկզբում նկատեց Հայկանուշի հայրը,- հասարակ օրինակ` էրեխես գնում է դպրոց, բա ընկերուհի չունենա՞ առաջին հերթին, ինչի՞ էրթա անկյունի վրա տխուր նստի կամ ուզենա զուգարան էրթա, թեւը բռնող, հետն էրթացող չեղնի: Հլը բերեք ըդոնք սաղ հաշվի առնինք: Մի ամիս չի, 6 ամիս չի ու մի տարի էլ չի, 12 տարի երեխես բդի սորվի 6 տղու հետ, բա էդ էրեխեն մեղք չէ՞: Ամեն ինչից հետ մնա, չթողնինք ծնունդ էրթա, էքսկուրսիա էրթա, 6 տղա ու թաք մե աղջիկմ: Թող մի տարի ուշ գնա: Ես ծնողն եմ, ես բդի տանջվիմ ու 12 տարի էդ կռիվը բդի մշտական մեր տան մեջն էղնի, ավելի լավ է էրեխես էդ 6 ամիսը սպասե, բան չկա, մյուս տարի թող էրթա, մանավանդ իմացել եմ, օր մյուս տարի 2 աղջիկ երեխա կա առաջին դասարան գնացող»:
Ամուսինները գոհ են թե դպրոցի տնօրինությունից, թե դասվար ՍիլվաՄկրտչյանից, սակայն առաջին դասարանում 6 տղայի առկայությունը բացառում է իրենց զավակի դպրոց հաճախելու հանգամանքը:
Իրենք չեն պատրաստվում ոչ հարեւան Մայիսյան գյուղի դպրոցում տեղավորել իրենց դստրիկին, ոչ էլ առավել եւս ուղարկել Հողմիկ, ինչպես սկզբում խոստացել են:
«Եթե ես հմի էրեխուս ղրկեմ դպրոց, ուրեմն 12 տարի տանս մեջ վեճ ու կռիվ բդի էղնի, ես էլ էրեխուս զրկեմ բդի ամեն ինչից: Ես հերն եմ, ես չեմ ուզե իմ էրեխեն 6 տղու հետ դասի նստի, ընչի՞ չեն հասկնա: Ես կխոստանամ, օր իրա մերը հետը տունը կզբաղվի, ոտանավոր էլ կսորվցնե, պետք էղնի տառերն էլ կսորվցնենք, բայց էս տարի ես Հայկուշիկիս դպրոց չեմ ղրկե, վերջ»,- զրույցը եզրափակում է Կառլեն Սարգսյանը:
Հայկանուշի մայրն էլ իր հերթին համաձայն չէ այն մտքին թե երեխան միայն իրենցը չէ, պետությանն էլ է: «Պետությունն ի՞նչ կենե իմ երեխայի համար, օր մարդիկ էլ կհայտարարեն, թե էրեխեն մենակ քուկդ չէ: Տվածները 3 հատ գիրք չէ՞, տունը դրած է, տանինք ետ կուտանք: Մեր երեխուն պահողն էլի մենք ենք, շոր ու կոշիկ առնողը, կերցնող-հագցնողն էլի մենք ենք: Հմի չեմ հասկնա` ի՞նչ գուզեն մեզնից: Մենք մեր երեխուն չենք ուզե էս տարի դպրոց տա, թող մնա, մյուս տարի կերթա»,- ամուսնուն է միանում Նառան:
Դիտումների քանակը` 6013