Հին մանգաղը նոր «ժողովրդի հայրերի» ձեռքում

Ներկայացնում ենք  Մարդկային զարգացման  միջազգային կենտրոնի / ICHD/ կողմից պատրաստված վերլոծական համառոտագիրը  Հայաստանում  գենդերային հիմնախնդիրների  եւ  «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի շուրջ բարձրացված աղմուկի  շուրջ

 

Գենդերային հավասարության խնդիրները հայ ժողովրդի  ինքնիշխանության մարտահրավերների առաջին գծում

Մեզ ասին նրանք, որ կյանք մի վսեմ,
Կերտելու համար հարկավոր է նախ
Ձեր դե՛մ մահացու պայքար սկսել

 

Մի ուրվական է շրջում Հայաստանում, 11-րդ կարմիր բանակի ուրվականը

2013 թվականի գարնան ու ամռան ամիսներին, ԵՄ-ի հետ Հայաստանի ասոցացման համաձայնագրի մոտալուտ նախաստորագրմանն ընդառաջ, օրեցօր ավելանում էր Ռուսաստանի կողմից հայ հասարակության և հայաստանյան իշխանությունների վրա ճնշումը: Եվրոպական ինտեգրման ուղուց Հայաստանի հրաժարվելուն ուղղված ճնշումների գագաթնակետը, թերևս, ՀՀ և ՌԴ նախագահների սեպտեմբերի 3-ի հանդիպումն էր, ուր հյուսիսային գերուժը հայաստանյան գործընկերոջն աներկբայորեն արեց «առաջարկ, որը վերջինս մերժել չկարողացավ»: Քաղաքական-ռազմական-տնտեսական ճնշումներին զուգահեռ հայ հասարակությունը հայտնվեց ռուսաստանյան արտաքին քաղաքականության նոր գործիքների ազդեցության ծիրում: Գործիքներ, որոնք կառուցված են ընտանիքի, գենդերային հիմնահարցերի, սեռական-ազգային-կրոնական փոքրամասնությունների խնդիրների շուրջ: Գործիքակազմ, որոնք նախկինում փորձարկվել ու կիրառվել են գերազանցապես ռուսաստանյան ներքաղաքական-հասարակական կյանքում: Գործիքներ, որոնք ուղղված են սեփական հասարակության մասնատմանն ու պառակտմանը, ձևավորման վաղ փուլում գտնվող քաղաքացիական հասարակության ուշադրությունը հասարակության, պետության և տնտեսության կարևորագույն խնդիրներից շեղելուն, հասարակական-քաղաքական մտքի համախմբանը խոչընդոտելուն, «մենք»-ի ու «նրանք»-ի անջրպետներով հասարակության հատվածականացմանը, արևմտյան ազատական արժեքների վարկաբեկմանն ու դրանց՝ «ավանդական»-ի արգանակով հրամցված արժեքներին հակադրմանը:

 

Հին մանգաղը նոր «ժողովրդի հայրերի» ձեռքում

«Բաժանիր, որ տիրես» ռազմավարության և «ժողովրդի թշնամիների» ու «արտաքին թշնամու» կերպարների կերտման լավագույն ավանդույթների վրա կառուցված գործիքակազմը կիրառվեց նաև Հայաստանում: Կիրառվեց ներգործության գործակալների միջոցով, այդ թվում Հայաստանի եվրաինտեգրման շահերին հակադիր տնտեսական խոշոր շահեր ունեցող քաղաքական ուժերի ու կուսակցությունների, դրանց հարող վերլուծական կենտրոնների, հասարակական կազմակերպությունների ու գործիչների աջակցությամբ կամ լռության ներքո, երբեմն՝ դեռահասներին գործընթացում ներքաշելով: Կիրառվեց սոցիալական ցանցերի և ազդեցության շրջանակներում գործող ԶԼՄ-ների միջոցով, հենվելով հասարակության լայն շերտերի անբավարար իրազեկությանը: Կիրառվեց անձնավորված, առանց երկար-բարակ մտածելու հասարակության մեջ հարգանք վայելող այս կամ այն անձին թիրախ դարձնելու, պիտակավորելու, այլատյացություն ու մարդատյացություն, անհանդուրժողականություն ու թշնամանք սերմանելու միջոցով: Կիրառվեց առանց «տեղայնացման» նվազագույն ջանքերի ամգամ, հաճախ՝ առանց օտարալեզու (հիմնականում՝ ռուսալեզու) նյութերը թարգմանելու: Կիրառվեց համոզվածությամբ, թե գործ ունեն շատ դեպքերում ընտանիքի և հասարակության, նաև՝ գենդերային խնդիրների վերաբերյալ լիարժեքորեն չտեղեկացված, ավանդական պատերնալիզմի ու պատրիարխալ ավանդականության արժեհամակարգում ձևավորված անհատների ու հասարակության հետ: Սակայն հաշվի չառնելով, որ գործ ունեն այլատյացության ու  ցեղասպանության զոհ դարձած և այլատյացության ու մարդատյացության հանդեպ գենետիկական իմունիտետ ունեցող, դրանք արմատից մերժող ժողովրդի հետ: Մոռանալով, որ գործ ունեն ոչ թե մեծապետական շովինիզմի ախտով տառապող, կասյերապաշտական պատրանքներ փայփայող հասարակության, այլ շովինիզմից դարեր շարունակ տառապած ու իրեն մնացած մի կտոր հողի վրա իր զավակների ապագան կերտել փորձող մարդկանց հետ: Թերևս չգիտենալով, որ հայ ժողովուրդը կանանց և տղամարդկանց իրավունքների ու հնարավորությունների հավասարության սկզբունքները որդեգրել է և իրավականորեն ամրագրել է ոչ միայն ռուսական, այլև արևմտյան հասարակական-քաղաքական մտքից տասնամյակներ առաջ անցնելով: Վստահաբար անտեղյակ, որ հայ եկեղեցու ծայրագույն պատրիարքը ողջունել և իր հայրապետական օրհնությամբ պայծառացրել է կանանց և տղամարդկանց հավասարության ուղին այն օրերում, երբ գենդերային խնդիրներին Հայաստանում տեղյակ պետական ու հասարակական գործիչներին դեռևս կարելի էր հաշվել մատների վրա, երբ պահակից՝ նախարար գրագրության մեջ «գենդերն» ուղղում էին «տենդեր» բառով, տպագրական սխալ կարծելով:

 

Հայկական խեցգետին

Եվ այդուհանդերձ, հայ հասարակության մեջ բաժանարար գծեր անցկացնելուն ուղղված հարվածի առաջին ալիքն իսկապես անակնկալի բերեց շատերին: Շատերն ընդունեցին ընտանիքի, զավակի, հավատի՝ հայի հիմնական արժեքների քողով պատված թունավոր հաբը: Կրթված ինժեներ ու ֆինանսիստ, դպրոցական, բժիշկ թե հավաքարար, ոստիկան կամ թոշակառու, անկախ կրթական, մասնագիտական կամ այլ առանձնահատկության սկզբում առանց վատը կասկակծելու կուլ տվեցին խայծը: Այլատյացության ու ռասիզմի քարոզին, վաստակաշատ անձանց արժանապատվության ոտնահարման և անգամ բացահայտ սպառնալիքներին պատկան մարմինների կողմից կոշտ և հաստատակամ արձագանքի բացակայության, ինչպես նաև արտաքին ներգործության մեջ ներգրավված քաղաքական ուժերի արագ և պատրաստակամ «արձագանքի» պարագայում օրակարգում հայտնվեց վերջերս ընդունված «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի վերանայման խնդիրը: Այն ձեռքբերումը, որով դեռևս մեկ ամիս առաջ միջազգային տարբեր ատյաններում հպարտանում էին հայաստանյան պետական և հասարակական կառույցները մեկ ամսում վտանգվեց: Իրավամբ, շատ հաճախ հայկական քաղաքական, տնտեսական և հասարակական իրողություններում մեկ քայլ առաջընթացին կարող է հաջորդել երկու քայլ հետընթացը: Ինչպես եվրոպական ինտեգրման ուղում, այնպես էլ սեռերի իրական հավասարության ապահովման զարգացումներում կարծես ականատես ենք նույն տրամաբանությանը:

 

«Երկինք մի մաքուր, արև մի բոսոր, Լոկ հոկտեմբերյան հողմերը տվին…»

 

Խորապես հետադիմական և հայ հասարակությունը եվրոպական ուղուց ավելի հեռացնելուն միտված քաղաքական շահարկումներ հետապնդող գործընթացը շարունակվում է, թեպետ ՀՀ իշխանությունների կողմից սեպտեմբերի սկզբին արված հարկադրական քաղաքական հայտարարություններից հետո կարծես թե ժամանակավորապես թուլացել է: Ժամանակն է ամփոփելու վերջին ամիսների զարգացումները: Եկել է քարերը հավաքելու ցավալի ժամանակը: Եզրակացությունները պարզ են: Նախ, ակնհայտ է հայ հասարակության մեջ համամարդկային արժեքների հետագա ամրապնդման անհրաժեշտությունը: Արժեքներ, որոնք ձևավորվել են հայ քաղաքական-հասարակական-հոգևոր մտքի խոր ազդեցությամբ: Արժեքներ, որոնք իրավամբ մերն են եղել, նախքան ողջ աշխարհինը դառնալը: Արժեքներ, որոնք սակայն վտանգված են. օտարը մեր իսկ հայրենակցի ձեռքով մեր արժեքների դեմ է հանում ծուռ հայելու մեջ այդ արժեքների աղավաղված անդրադարձը: Ընտանիքի, երեխաների ու հավատի դեմ գործում են դրանց անունից: Շատերն այդ գործընթացում ներգրավված են առանց գիտակցելու քայքայիչ գործունեությանը նպաստելու իրենց պատասխանատվությունը, ճիշտ այնպես, ինչպես նախորդ դարի երկրորդ տասնամյակում ազատության, հավասարության և եղբայրության գաղափարներով տոգորված բազմաթիվ տաղանդավոր հայորդիներ չկարողացան տեսնել այդ վեհ գաղափարների շղարշի հետևում թաքնված այն ձեռքը, որի միակ նպատակը Հայաստանը ստրկացնելն ու հային շղթայելն էր, որի հիմնական գործիքը բոլորին մահվան ու բռնակալության առջև հավասարեցնող մանգաղն էր, որը եղբայրական գերեզման դարձրեց հայ մտքի, ոգու և հավատի գանձարանը: Նեոբոլշևիկյան գործընթացում ներգրավված հայաստանցիներն ու արտերկրում բնակվող հայերը կամ չգիտե՛ն, կամ չե՛ն գիտակցում սեփական պատմության դասերի արժեքը: Անհրաժեշտ է բարձրաձայնել այս խնդիրները և կարևորել դրանք գերժամանակակից սպառազինություններից ոչ պակաս: Այստեղ անհրաժեշտ է հայ մտքի, ոգու և հավատի ուժը: Մենք բաց ենք թողել այն պահը, երբ մեր արժեքների հակառակորդը մտել է մեր հոգևոր ու մտավոր տարածքը: Մարտերն արդեն մի քանի ամիս շարունակ ընթանում են մեր հողում, մեր զավակների, մեր քույրերի ու եղբայրների ուղեղներում ու սրտերում: Արժեքների պատերազմում հրթիռային համազարկային համակարգերն անգամ օգուտ չեն տա: Այստեղ անհրաժեշտ են հայ մտավորականի, պետության ամրությամբ մտահոգ գործչի ու հայ հոգևորականի հաստատակամ խոսքն ու միտքը: Տգիտության խավարն անհրաժեշտ է հետ մղել քարանձավ, իսկ այլատյացության ու մարդատյացության լեղին նետել ճաղերի հետևը: Նետել անհապաղ, քանի հայոց պետականության ու հայ ժողովրդի դժվարություններով ուրախացող ու դրանք շահարկող հակառակորդն ու թշնամին չեն պիտակավորել մի ողջ երկիր ու հասարակություն ռասիզմի խարանով: Որքան ուշանում է հստակ ու կտրուկ արձագանքը, այնքան մեծանում է տարբեր մոնիտորինգների հաշվետվություններում Հայաստանի Հանրապետությունն առավել աննպաստ կերպով ներկայացնելու հավանականությունը՝ էլ ավելի շեղելով երկիրը քաղաքակրթական իր ուղուց և մղելով այն դեպի ուրիշի կամքին ծառայելու հաճկատարության ճահիճը:

 

«Երբ կհոգնես, կգազազես աշխարհի՛ց…»

Համամարդկային արժեքներին, մարդու իրավունքներին և Հայաստանի եվրոպական ուղուն սպառնացող գործընթացներին պատշաճ կերպով ու ժամանակին չարձագանքեցին ոչ միայն ՀՀ պետական մարմինները, հասարակական և քաղաքական շատ ուժեր, այլև Հայաստանում եվրոպական արժեքներն ու կառույցները ներկայացնող հաստատությունները: Արձագանքն էլ հիմնականում հատվածական էր: Այսպես, երևույթին թեև ուշացումով, սակայն այնուամենայնիվ անդրադարձավ Գենդերային թեմատիկ խումբը, որի համանախագահներն են ՄԱԿ-ի Երեխաների հիմնադրամն ու ԵԱՀԿ գրասենյակը: Ցավոք, այս կարևորագույն խնդրին որևէ կերպ չարձագանքեց Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակությունը, որի դերը հատկապես էական կարող էր լինել ՀՀ իշխանությունների քայլերը խթանելու գործում: Ավաղ, ՀՀ իշխանությունների և ԵՄ հաստատությունների միջև ժամանակին գովերգված քաղաքական երկխոսությունը միշտ չէ, որ դիմանում է մարտահրավերների քննությանը Հայաստանի և հայ հասարակության համար կարևորագույն պահերին:

 

Հանուն հոգու ինքնիշխանության, մտքի ազատության ու սերունդների հարատևության

  • Անհրաժեշտ է ձևավորված հասարակական հնչեղության ալիքն օգտագործել հասարակության լայն շերտերին կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների խնդիրների վերաբերյալ իրազեկելու, դրանց շուրջ հասարակությունը համախմբելու, բաժանարար գծերն օր առաջ ջնջելու և անջրպետները լցնելու նպատակով: Հայ ինքնության զորությունը մեր բազմակերպության ու բազմադիմության մեջ է: Հայ ինքնությունն իր բազմակերպությունից զրկող, «ճիշտ» հայի ու «ճիշտ» հայկականության մասին որևէ նեղ պատկերացում հայ հասարակությանը պարտադրող և մյուս դրսևորումները քարկոծող կամ սահամանափակող յուրաքանչյուր նախաձեռնություն պետք է մերժվի արմատից, որպես հայ ժողովրդի անվտանգության լրջագույն մարտահրավեր:

 

  • Անհրաժեշտ է բացառել ռասիզմի և մարդատյացության դիրքերից հանդես եկող անձանց հետ «երկխոսությունը»: Հայ ժողովրդի ինքնիշխանությունը սահամանափակելու նպատակով հայի արժեքները խոյահարելու միջոցով օտարի քաղաքական շահերը սպասարկող հինգերորդ շարասյան «առաջամարտիկների» հետ ոչ մի երկխոսություն չի կարող լինել, ինչպես չի կարող լինել երկխոսություն ցեղասպանության եղելություն ու դրա հետևանքները բացառող որևէ մեկի հետ: Փոխարենն անհրաժեշտ է հասարակական կարծիքի վրա էական ազդեցություն ունեցող հասարակական, քաղաքական, պետական, մշակութային և ամենակարևորը՝ հոգևոր գործիչների ներգրավմամբ քողազերծել ընտանիքի, երեխաների և հոգևոր արժեքների շղարշի հետևում ծածկված ազգակործան նպատակներն ու ի ցույց դնել Հայաստանի ինքնիշխանության վրա ծառացած մարտահրավերների հետ դրանց անմիջական ու անթաքույց կապը:

 

  • Անհրաժեշտ է իրավապահ մարմիններից հետևողականորեն պահանջել անհապաղ և օրենքի ողջ ուժով արձագանքել այլատյացության և ռասիզմի դրսևորումներին, այդ թվում՝ նշավակված անհատների և կազմակերպությունների հանդեպ դրսևորված յուրաքանչյուր ոտնձգության ու սպառնալիքին: Ակնհայտ նացիստական դրսևորումներին պետք է արձագանքել օրենքի ողջ զինանոցի համազարկով: Պատկան մարմինների կողմից արձագանքի ուշացման պարագայում անհրաժեշտ է մտահոգությունները ներառել մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության վերաբերյալ մեր երկրում ընթացող զարգացումների վերաբերյալ համապատասխան ազգային զեկույցում, որի համար անհրաժեշտ է կազմակերպել և իրականացնել հետևողական մշտադիտարկում, այդ թվում ուշադրության կենտրոնում պահելով թե՛ մարդու իրավունքների դեմ առավել ագրեսիվ դրսևորումները, թե՛ դրանք կատարած անձանց ու կազմակերպություններին, թե՛ անգործությամբ համարժեք արձագանքն ուշացրած պաշտոնյաներին ու կառույցները: Անհրաժեշտ է նաև արմատից մերժել այն մոտեցումը, թե «խեղդվողների փրկության գործը խեղդվողներինն է» և այն անձինք ու կազմակերպությունները, որոնք դարձել են առավել ագրեսիվ հարձակումների զոհ, սպառնալիքների թիրախ և պիտակավորման առարկա անձնապես պիտի հոգան սեփական պատվի ու արժանապատվության, ինչպես նաև ֆիզիկական անվտանգության մասին: Հայաստանի ժողովուրդը ստեղծել ու պաշտպանել է իր պետականությունը մեր արժեքների ու մեր զավակների քաղաքակրթական ապագայի համար անվտանգության հավաքական պատասխանատվության խորը գիտակցումով: Նման մոտեցումը վնասում է պետականության հիմքերը: Հասարակության արժեքների և մարդու սահմանադրական իրավունքների ոտնահարման յուրաքանչյուր դրսևորում պետք է արժանանան պետական մակարդակով հակազդեցության:

 

  • Զուգահեռաբար հարկավոր է աջակցել այն պետական մարմիններին և պաշտոնյաներին, որոնք առավել հաստատակամ կերպով կնպաստեն երկրի և հասարակության անվտանգության և զարգացման ապահովման գերակայությունների, մարդու իրավունքների, կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների ու հնարավորությունների վերաբերյալ պետական քաղաքականության անշեղ իրականացմանը, որոնք ամրագրված են մի շարք կարևորագույն ռազմավարական փաստաթղթերում: Հարկավոր է թև ու թիկունք դառնալ նման կառույցներին ու պաշտոնյաներին, կանգնել նրանց կողքին: Անհրաժեշտ է նաև պահանջել պետության քաղաքական բարձրագույն ղեկավարության հստակ դիրքորոշման արտահայտումը այս խնդիրների վերաբերյալ:

 

  • Անհրաժեշտ է ՄԱԿ-ի և ԵՄ պաշտոնական կառույցներին և պաշտոնյաներին կոչ անել անհապաղ արձագանքել այս խնդրին՝ ՀՀ իշխանություններին և հասարակությանը տեղյակ պահելով իրենց դիրքորոշման մասին: Անհրաժեշտ է ԵՄ անդամ-երկրների դիվանագիտական ներկայացուցչություններից պահանջել քննարկել ծայրահեղ ռասիստական դրսևորումներում ներգրավված և մարդու իրավունքների դեմ հրապարակային ելույթներ ունեցող անձանց՝ թե՛ պաշտոնյաների, թե՛ հասարակական և քաղաքական գործիչների, թե՛ անհատների ԵՄ անդամ-երկրներ մուտքի սահմանափակման անհրաժեշտությունը, այդ թվում՝ պաշտոնական այցերի կամ անձնական այցելությունների նպատակով: Սա հայ հասարակության համար մարդու իրավունքների և համամարդկային ու եվրոպական քաղաքակրթական արժեքների պաշտպանության գործում եվրոպական գործընկերների հաստատակամությունն ընդգծող ազդակ կդառնա:

 

 

Համառոտագիրը մշակվել է 2013թ-ի հոկտեմբերի 7-ին կայացած` «Գենդերային  հավասարության  խնդիրները»   քննարկման  մասնակիցների կողմից  արտահայտված  կարծիքների հիման վրա:

 Կլոր  սեղանին  մասնակցում էին  անկախ  վերլուծաբաններ,  պետական պաշտոնյաներ, միջազգային   կառույցների  ներկայացուցիչներ:

Քննարկումը  կազմակերպվել  էր  «Սևծովյան տարածաշրջանի խաղաղաշինական ցանցի» աջակցությամբ:

 

Աղբյուրը՝

Մարդկային զարգացման միջազգային կենտրոն 

 

 

 

Դիտումների քանակը` 4245

Գլխավոր էջ