Կանանց ձայնը պետք է լսելի լինի
Հայ ֆեմինիստ-ակտիվիստները ասելիք ունեն Կանանց կարգավիճակի հանձնաժողովում
Վաղը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում մեկնարկելու է Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 58-րդ նստաշջանը, որի հիմնական թեման է ՝ Հազարամյակի զարգացման նպատակները կանանց և ազջիկների համար: ՄԱԿ-անդամ պետությունների հետ մեկտեղ նստաշրջանին մասնակցելու է նաև Հայաստանի կառավարության պատվիրակությունը: Նստաշրջանի աշխատանքների ձևաչափն այնպիսին է, որ նրան զուգահեռ ընթանում են ոչ կառավարական կազմակերպությունների մասնակցությամբ քննարկումներն ու այլ միջոցառումները՝ ապահովելով անմիջական կապը ՄԱԿ-ի դահլիճում տեղի ունեցող կառավարությունների մակարդակով լիագումար նիստերի հետ: Հայաստանի ոչ կառավարարական կազմակերպություններից նստաշրջանին մասնակցելու է «Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Աննա Նիկողոսյանը, ով տրամադրել է WomenNet.am –ին իր ելույթի հիմնական թեզերը.
…ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի ամենամյա նստաշջանը կարևոր իրադարձություն է և եզակի հնարավորություն՝ կանանց իրավունքների հարցերով զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչներին ողջ աշխարհից մեկ վայրում համախմբելու և մասնակցելու այն միջազգային գործընթացներում, որոնք մեզ ազդեցություն են թողնում միլիոնավոր կանանց և աղջիկների կյանքի վրա:
Շատ մարդիկ մտածում են, որ իրենք չեն կարող փոխել այն, ինչ կատարվում է իրենց հետ կամ իրենց շուրջը: Նրանք կարծում են, որ չեն կարողանա պայքարել բռնության, ճնշման, խարանման և խտրականության դեմ իրենց համայնքում կամ երկրում: Միևնույն ժամանակ կան հիանալի ակտիվիստներ, կանանց իրավունքների պաշտպաններ, ովքեր կարծում են, որ իրենք կարող են դրական փոփոխության հասնել իրենց համայնքում, թեկուզ և այդ փոփոխությունները շատ չնչին են՝ տարածաշրջանային կամ միջազգային մակարդակով նկատելի լինելու համար: Եվ այդ պատճառով նրանք կարծում են, որ միայնակ չեն կարող ազդել աշխարհում տեղի ունեցող գործընթացների վրա և այդ մակարդակներում իրենց ձայնը լսելի դարձնելը անհնարին է:
Համոզված եմ, որ դա այդպես չէ: Շատ ժամանակ միայն հավատն է պակասում այդ ներազդեցությունը իրագործելու համար: Յուրաքանչյուր կին այս աշխարհում ունի հնարավորություն և ներուժ՝ դարձնելու իր ձայնը լսելի, ազդելու որոշումների կայացման վրա՝ լինի դա կառավարության կամ միջազգային մակարդակով: ՄԱԿ-ի Կանանց իրավիճակների հանձնաժողովի ձևաչափը ընձեռում է այդ հնարավորությունը կանանց հասարակական կազմակերպությունների ներկայացուցիրներին:
Որպես կանանց իրավունքները և գենդերային հավասարությունը Հայաստանում խթանող «Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն, և որպես ԱՍՏՐԱ տարածաշրջանային ցանցի անդամ՝ ես պատրաստվում եմ ներկայացնել իմ երկիրը և տարածաշրջանը՝ մարտի 10-ին մեկնարկող Կանանց իրավիճակի հանձնաժողովի 58-րդ նստաշջանում: Մեր կազմակերպությունը՝ լինելով Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի 19 երկրների սեռական և վերարտադրողական առողջության և իրավունքներով զբաղվող շուրջ 36 կազմակերպություններ միավորող ԱՍՏՐԱ ցանցի անդամ, բարձրաձայնելու է նաև այդ ոլորտի հետ կապված հիմնախնդիրները և 2015-ից հետո գործընթացների օրակարգում դրանք ընդգրկելու առաջարկը:
Ինչպես հայտնի է, նստաշրջանի հիմնական թեման է ՝ Հազարամյակի զարգացման նպատակները կանանց և ազջիկների համար: Կարելի է փաստել, որ մեր տարածաշրջանում Հազարամյակի զարգացման նպատակները շատ կարևոր ներդրում ունեցան. դրանց շրջանակում նվազեցվեց մայրական մահացությունը, ստեղծվեցին ազգային քաղաքականություններ՝ սեռական և վերարտադրողական առողջության վերաբերյալ, հիմնվեցին ընտանիքի պլանավորման և սեռական և վերարտադրողական առողջության կլինիկաներ տարածաշրջանի մի շարք երկրներում, վավերացվեց Ստամբուլի Կոնվենցիան տարածաշրջանի հինգ երկրներում և ստորագրությամբ՝ վեց երկրներում:
Չնայած էական առաջընթացին, հետագա՝ 2015-ից հետո ծրագրվող՝ այսպես կոչված «Post-2015» գործընթացների շրջանակում որոշ նպատակներ օպերատիվ վերանայման կարիք ունեն, քանի որ դեռևս շատ անելիք կա Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում:
Կրոնական և նեո-ազգայնական ծայրահեղական խմբավորումների էական աճը անհանգստություն է առաջացնում տարածաշրջանում և լուրջ մարտահրավեր է հանդիսանում կանանց և աղջիկների մարդու իրավունքների իրականացման համար: Սա հանգեցրեց բազմաթիվ, հաճախ հաջողված փորձերի՝ կանանց վերարտադրողական և սեռական իրավունքների սահմանափակման ուղղությամբ:
Տարածաշրջանի որոշ երկրների կառավարություններ դեռևս շարունակում են դեմ լինել օրինական և անվտանգ աբորտի համընդհանուր հասանելիությանը, ժամանակակից հակաբեղմնավորիչնեչին և բարձրորակ սեռական և վերարտադրողական ծառայություններին: Նրանք չեն ապահովում բազմակողմանի սեռական կրթություն դպրոցներում և չեն ճանաչում կանանց իրավունքը՝ հասկանալու և վերահսկելու իրենց իսկ գրավչությունը, պտղաբերությունը և մարմնի անձեռնմխելիությունը: Դրա հետ մեկտեղ մեր տարածաշրջանի երկրներում առկա է սելեկտիվ աբորտների անընդունելի երևույթը, ինչը գենդերային անհավասարության և գենդերային կարծրատիպերի արդյունք է:
Սեռական դաստիարակության պակասը հանգեցնում է անչափահասների շրջանում հղիության աճի բարձրացման, սեռական ճանապարհով փոխանցվող վարակների, սեռական բռնության և այլն: Անցանկալի հղիությունը հանգեցնում է կրթության դադարեցման, աղքատությանև սոցիալական մեկուսացման, ինչպես նաև վտանգավոր աբորտների, որոնք սպառնում են կանանց առողջությանը և կյանքին:
Գենդերային բռնությունը և ընտանեկան բռնությունը դեռևս շատ տարածված են տարածաշրջանում, բռնության ենթարկվածներին հասանելի չեն ծառայությունները, տեղեկատվական և գենդերային կրթությունը: Կան երկրներ, որտեղ չկա ընտանեկան բռնության մասին օրենք, և Հայաստանը, ցավոք, նույնպես օրինակն է այն իրականության, թե ինչպես օրենսդրությունը չի կարողանում պաշտպանել կանանց և աղջիկների իրավունքները: Շատ կանայք են մահանում համապատասխան օրենքների և քաղաքական կամքի բացակայության պատճառով, մինչդեռ այս երևույթին վերջ դնելու արդյունավետ մեխանիզմներ կան և կարող էին կիրառվել:
Հաշվի առնելով այն բոլոր մարտահրավերները, որոնց բախվում է մեր տարածաշրջանը, ես Կանանց իրավիճակի հանձնաժողովում հանդես կգամ կոչով՝ պարտադիր ներառելու Հազարամյակի զարգացման նպատակների 2015-ից հետո գործընթացներում սեռական և վերարտադրողական առողջության և գենդերային հիմքով բռնության կանխման վերաբերյալ դրույթները: Միևնույն ժամանակ ես պատրաստվում եմ կոչ անել կառավարություններին՝ ապահովել բարձրորակ և համակողմանի սեռական կրթությունը և դաստիարակությունը դպրոցներում, հասանելիությունը ապահով և անվտանգ աբորտին և ժամանակակից հակաբեղմնավորիչներին, վերացնել համընդհանուր անվտանգ աբորտի բոլոր օրինական և կառուցվածքային խոչընդոտները, համապատասխան քայլեր ձեռնարկել գենդերային բռնության բոլոր ձևերի և ընտանեկան բռնության վերացման համար, ինչպես նաև կատարել CEDAW- ի, Հազարամյակի հռչակագրի, Պեկինյան գործողությունների հարթակի, Կահիրեի գործողությունների ծրագրի և կանանց մարդու իրավունքների պաշտպանության շրջանակում պետությունների կողմից ստանձնած պարտավորությունները և հանձնառությունները:
Հայաստանում և մեր տարածաշրջանում կանանց իրավուքնների պաշտպան լինելը չափազանց դժվար է: Քեզ սխալ են հասկանում քո ընկերները, ընտանիքը, հասարակությունը: Քո խոսքերն ու գործողությունները աղավաղված կերպով են ընկալվում ծայրահեղական խմբերի խողմից և ավելի են սրվում ԶԼՄ-ների պատճառով: Մինչ փորձում ես օգնել կանանց, երբեմն ընկալվում ես որպես «երկրի ավանդական արժեքները խարխլող» սպառնալիք քո ազգի համար:
Այնուամենայնիվ, ես հավատում եմ, որ մեր պայքարը կանանց հիմնարար իրավունքների և ազատությունների համար և գենդերային հավասարության համար շատ շուտով կհասնի միջազգային ճանաչման և գնահատանքի: ՄԱԿ-ի Կանանց իրավիճակի հանձնաժողովը մի շարք իրադարձություններով հանդերձ այս հնարավորություններից մեկն է: Եվ, այսպես, ես ուղղում եմ իմ խոսքերը բոլոր կանանց և աղջիկներին, կանանց իրավունքների պաշտպաններին. մի՛ դադարեք հավատալ, որ ձեր մտքերն ու մտահոգությունները լսելի կդառնան, խոսե՛ք, բարձրացրե՛ք ձեր ձայնը և շարունակե՛ք ձեր պայքարը հանուն հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների: Միշտ էլ կգտնվեն մարդիկ, ովքեր կլսեն և կհետևեն ձեզ, պարզապես մի՛ սպասեք, այլ պահանջե՛ք, որ ձեր իրավուքնները իրագործվեն, և հասարակությունն ուշադրություն դարձնի ձեր խնդիրների վրա: Համոզվե՛ք ինքներդ, թե ինչպես է դա աշխատում…
Աննա Նիկողոսյան,
Գործադիր տնօրեն
«Հասարակություն առանց բռնության» ՀԿ, Հայաստան
Դիտումների քանակը` 3209