Panorama.am. «Աոանց կանանց ներուժի ներգրավման ժողովրդի իղձերն ու սպասումները չեն կարող իրականանալ»…

 

Panorama.am – ը անդրադառնալով փետրվարի 5-ին Ծաղկաձորում կայացած նախագահ Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ կանանց խորհրդի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, նշում է, որ նախընտրական գործընթացների հետ կապված մի շարք հարցերի քննարման ընթացքում խոսվել է նաև համամասնական ցուցակում կանանց ներկայացվածության մասին: 

 

Կանանց խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանի խոսքով Սերժ Սարգսյանը այդ հարցադրման համատեքստում շեշտել է` եթե կանանց ներուժը չի օգտագործվում, ապա այն իղձերն ու սպասումները, որ ժողովուրդն ունի, չեն կարող իրականանալ:

 

«Խնդիրը ոչ թե անունների մեջ է, այլ այն սկզբունքների ու քաղաքական կամքի, որ կուսակցությունն ունի: Իսկ փոփոխված Ընտրական օրենսգիրքը (կանանց ներկայացվածությունը համամասնական ցուցակներում բարձրացվել է 15 տոկոսից մինչեւ 20 տոկոս – խմբ. ) հնարավորություն է տալիս, որ կանանց ներկայացվածությունը ոչ միայն օրենսդիրում, այլև գործադիրում ավելանա և երկրի համար կարևոր որոշումների ընդունման համար կանանց ներուժն անպայման օգտագործվելու է»,- հավաստիացրեց պատգամավորը:

 

Panorama.am – ի փոխանցմամբ Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Նաիրա Նահապետյանը նշեց, որ երկրի ղեկավարը առանձնահատուկ կերպով է վերաբերում կանանց ներուժի օգտագործմանը ու բավականին երկար խոսել է այդ մասին կանանց հետ հանդիպման ընթացքում.

 

«Այն կարծրատիպը, որ կա հայ տղամարդկանց մոտ, թե կինը պետք է մնա տանը, խոհանոցում է նրա տեղը, այսօր կարծես կոտրվել է, և նախագահի խոսքերից էլ հստակ երևում է, որ այս իմաստով մտել ենք նոր դարաշրջան: Եվ այն կանայք, որոնք խելացի են ու ներկայանալի նրանք անշուշտ կարող են տեղավորվել տղամարդկանց հետ նույն հարթակի վրա»,- ասաց Ն.Նահապետյանը:

 

Ինչպես հանդիպումից հետո տեղեկացրեց ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը, հատկապես կուսակցության մարզային կառույցների կանայք բազմաթիվ հարցեր են բարձրացրել նախընտրական գործընթացների վերաբերյալ. «Նախագահ Սարգսյանն այս անգամ էլ հայտնեց իր դիրքորոշումը, որ բազմիցս է արտահայտել` կանանց ներկայությունը կառավարությունում, Ազգային Ժողովում ու առհասարակ քաղաքական կյանքում պետք է ավելանա: Նախագահը հակված է հենց այս տեսակետին ու շեշտեց` այդ ավելացումը բոլորս շատ շուտով կզգանք ու կտեսնենք»,- փոխանցեց Կ.Աճեմյանը:

 

ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ՝ պատասխանելով Panorama.am-ի հարցին թե ի՞նչ է, մինչ այսօր կանանց ներուժը չէ՞ր բավարարում, որ այդքան քիչ թվով կանայք են ներկայացված հայրենի կառավարությունում, նշեց.

 

«Ես այն կարծիքին եմ, որ կարևորը սեռը չէ, այլ կարևոր է մարդն իր տեղում է, կարող է աշխատել թե ոչ: Եթե պաշտոն պետք է ստանա միայն նրա համար, որ կին է, ապա դա կոնկրետ իմ համար անընդունելի է` այս պարագայում կվարկաբեկվի թե կինը, թե պաշտոնը և թե գործը կտուժի: Իսկ Հայաստանում կանանց ներուժը իսկապես շատ հզոր է ու կարող, պարզապես պետք է կարողանանք ճիշտ մարդուն ճիշտ տեղում նշանակել. լինի դա տղամարդ, թե կին»…

 

Այն, որ այսօրվա խորհրդարանում կանանց թիվը քիչ է նախարար Հակոբյանի համար տեսանելի բացթողում է, բայց մատնանշելով Ընտրական օրենսգրքի այս խնդրին առնչվող փոփոխությունները նա նշեց.

 

«Օրենքի փոփոխությունը քաղաքական կամքի արտահայտում է և եթե նախագահ Սարգսյանը չունենար այդ կամքը, որ կանանց ներկայացվածության տոկոսն ավելանար, ապա համապատասխան փոփոխությունն էլ չէր լինի»..

 

www.panorama.am

Փետրվար, 6. 2012

 

Դիտումների քանակը` 5008

Գլխավոր էջ