Սելեկտիվ աբորտները խտրականության դրսևորում են և պետք է արգելվեն
Հունվարի 15-ին Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլ Մույժնիեկսը հանդես է եկել հայտարարությամբ , որում անդրադառնալով Հայաստանին, Վրաստանին, Ադրբեջանին, Ալբանիային, ինչպես նաև մի շարք արևելաեվրոպական երկրների, նշել էր, որ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները խտրականության դրսևորում են և պետք է արգելվեն, մասնավորապես, քրեականացման ճանապարհով:
Առաջարկում ենք ծանոթանալ տեքստին ամբողջությամբ.
Իգական սաղմի արհեստական ընդհատման երևույթը ծանոթ է Չինաստանից և Հնդկաստանից, սակայն այն հանդիպում է նաև Եվրոպայի որոշ մասերում: Այս խիստ խտրական պրակտիկան հասարակության մեջ կանանց ունեցած խոցելի կարգավիճակի արդյունք է: Դրա դեմ պետք է միջոցներ ձեռնարկվեն և այն պետք է արգելվի օրենքով:
Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում նորածինների սեռի խախտված հարաբերակցություն գրացվել է Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում, ինչպես նաև որոշ բալկանյան երկրներում` առավելապես Ալբանիայում և ավելի պակաս չափով Մոնտենեգրոյում, Կոսովոյում* և նախկին Հարավսլավիայի Մակեդոնական Հանրապետությունում: Նման երևույթի կարելի է հանդիպել նաև Արևելյան Եվրոպայում` ներգաղթյալների որոշ համայնքներում: Կա տարածված կարծիք, որ այս անհամամասնության պատճառը հղիության` սեռով պայմանավորված արհեստական ընդհատումն է:
Բնականոն է համարվում ծնելիության` 102-ից 106 արական սեռի` 100 իգական սեռի դիմաց հարաբերակցությունը: 2011թ. Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը նորածինների սեռերի խախտված հարաբերակցության տագնապալի մակարդակներ է մատնանշել անդամ երկրներից մի քանիսում: Ալբանիայում, Հայաստանում և Ադրբեջանում այդ հարաբերակցությունը կազմել է 112/100, մինչդեռ Վրաստանում` 111/100:
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի պատվերով իրականացված զեկույցում ներկայացված 2013թ. ցուցունիշներն անգամ ավելի վատն են, և այդ հարաբերակցությունը Հայաստանում կազմել է 114-115/100, իսկ Ադրբեջանում` 116/100: Բացի այդ, զեկույցում 110-ից բարձր մակարդակ գրանցվել է նաև Ալբանիայում, Մոնտենեգրոյում, Կոսովոյում, ինչպես նաև նախկին Հարավսլավիայի Մակեդոնական Հանրապետության որոշ մասերում:
Սաղմի սեռն իմանալը հեշտ է
Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման պրակտիկան ձևավորվել է որոշ հասարակություններում արու զավակ ունենալու արմատավորված նախընտրության արդյունքում: Ուլտրաձայնային հետազոտությունը շատ կարևոր միջոց է սաղմի տարիքը որոշելու և նրա զարգացումը վերահսկելու համար, սակայն միևնույն ժամանակ այն ամենաէժան և մատչելի միջոցն է սաղմի սեռն իմանալու համար: Ուլտրաձայնային սարքավորումներն այժմ ընդհանուր առմամբ հասանելի են, և այդ իսկ պատճառով սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների թիվը սկսել է աճել: Միևնույն ժամանակ դժվար է ապացուցել այն, որ հղիությունն ընդհատվել է սաղմի` իգական սեռի լինելու պատճառով:
Միջազգային իրավական դաշտը թույլ պաշտպանություն է նախատեսում
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը դեռևս ուղենիշներ չի սահմանել սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ: Այնուամենայնիվ, մի քանի միջազգային մարմիններ այս հարցի վերաբերյալ արտահայտել են իրենց դիրքորոշումը:
Մարդու իրավունքների և բիոբժշկության մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան արգելում է «ապագա երեխայի սեռն ընտրելու նպատակով» բժշկական միջամտությունը, «բացառությամբ եթե դա արվում է սեռով պայմանավորված ժառանգական բնույթի լուրջ հիվանդությունից խուսափելու համար»: Ինչևէ, 47 անդամ պետություններից միայն 29-ն են միացել և վավերացրել կոնվենցիան: Այդ պետությունների շարքին են պատկանում Ալբանիան և Վրաստանը, սակայն ոչ` Հայաստանն ու Ադրբեջանը:
1995թ. Պեկինում անցկացված Կանանց մասին 4-րդ համաշխարհային գիտաժողովի ժամանակ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը նկարագրվել է որպես կանանց դեմ բռնության դրսևորում: Երեք տարի անց ՄԱԿ-ի Գլխավոր գագաթաժողովում աղջիկ երեխաների մասին բանաձևը հավանության արժանացավ, և Պետություններին կոչ արվեց «ընդունել և կիրառել օրենսդրություն»:
Ինչպես Կանանց նկատմամբ խտրականության վերացման հարցերով ՄԱԿ-ի կոմիտեն (CEDAW), այնպես էլ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն կոչ են արել կառավարություններին` ընդունելու սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումն արգելելու վերաբերյալ ազգային օրենսդրություն:
Կանանց դեմ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայում (Ստանբուլի կոնվենցիա) որևէ հստակ վկայակոչում չկա սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման մասին: Այնուամենայնիվ, պահանջվում է, որպեսզի պետական մարմինները քրեականացնեն «առանց կնոջ նախօրոք և տեղեկացված համաձայնության նրա նկատմամբ հղիության արհեստական ընդհատման կիրառումը» (հոդված 39), ինչպես նաև հոգեբանական բռնությունը, այսինքն` հարկադրանքի կամ սպառնալիքների գործադրմամբ դրսևորված այն դիտավորյալ արարքը, որը լրջորեն ազդում է մարդու հոգեբանական ամբողջականության վրա (հոդված 33): Հաշվի առնելով այն, որ շատ իրավիճակներում կանայք ենթարկվում են հոգեբանական կամ անգամ ֆիզիկական ճնշման` սեռով պայմանավորված հղիությունն արհեստականորեն ընդհատելու, հետևաբար, Կոնվենցիայի այս դրույթները նման դեպքերում կարող են որոշ երաշխիքներ նախատեսել:
Հիրավի, հղիության` սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների մասին 2011թ. իր բանաձևում Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովն ընդգծել է, որ «սաղմի սեռի պատճառով հղիությունը չշարունակելու հետ կապված կանանց նկատմամբ գործադրվող հասարակության և ընտանիքի անդամների ճնշումները պետք է դիտվեն որպես հոգեբանական բռնություն, և որ հղիության բռնի ընդհատման դեպքերը պետք է քրեականացվեն»:
Այդ մոտեցումը սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումն ավելի շատ դիտում է որպես սաղմը կրող կնոջ, այլ ոչ չծնված երեխայի դեմ իրականացվող բռնության ձև:
Ի՞նչ պետք է արվի
ՄԱԿ-ի մի քանի կազմակերպություններ, ինչպիսիք են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, ՄԱԿ-ի կանայք կազմակերպությունը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը օրենսդրությունից բացի առաջարկել են մի շարք գործողություններ, որոնք պահանջում են կառավարությունների և քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը: Դրանք են`
• հուսալի տվյալների հավաքագրում,
• առողջապահության ոլորտի մասնագիտական միությունների միջոցով որոշակի տեխնոլոգիաների` էթիկայի կանոններին համապատասխան կիրառման ուղենիշների մշակում և խթանում,
• կանանց և աղջիկների համար պաշտպանության միջոցների սահմանում,
• պետությունների կողմից սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների հանգեցնող անհավասարությունների խորքային պատճառներին անդրադարձող օրենսդրության և քաղաքականության մշակում,
• պետությունների կողմից աղջիկների և տղաների հավասար արժեվորման խթանում:
Անհրաժեշտ են տեղեկացվածություն և նոր օրենքներ
Դժվար է անդրադառնալ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդրին առանց ներքաշվելու հղիության արհեստական ընդհատման շուրջ ծավալվող բանավեճի մեջ: Այնուամենայնիվ, պրակտիկան ծայրահեղ խնդրահարույց է կանանց և տղամարդկանց միջև հավասարության սկզբունքի տեսանկյունից: Անկախ այն բանից խնդիրը դիտում ենք որպես բռնություն սաղմի, թե կնոջ դեմ, սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը խտրականության ակնհայտ դեպք է, որում կան ֆիզիկական և հոգեբանական բռնության խորն արտահայտված տարրեր:
Անդամ պետություններն իրենց գնահատման հայեցողության շրջանակներում պետք է գտնեն ուղիներ ` սահմնանելու օրենքներ, քաղաքականություն և ձևավորելու պրակտիկա, որոնք թույլ կտան հաշվի առնել տվյալ խնդրի հետ առնչվող տարբեր օրինական շահերը: Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ճնշող մեծամասնությունում, որտեղ հղիության արհեստական ընդհատումն օրինական է, առկա է համապատասխան դաշտ, որտեղ կարգավորում են գտնում դրա հնարավորության և խտրականության դեմ պայքարի հարցերը:
Մեզ անհրաժեշտ են կանանց դեմ բռնության մթնոլորտն ուժեղացնող պրակտիկան վերացնելուն ուղղված հզոր կանխարգելիչ միջոցներ:Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը պետք է քրեականացվի:
Աղբյուրը՝ ԵԽ գրասենայկը Երևանում.
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Պե՞տք է արդյոք ծնողներն իրավունք ունենան ընտրելու իրենց երեխայի սեռը
Ինչպե՞ս պայքարել սելեկտիվ աբորտների դեմ
Բագրատյանն անդրադարձավ գենդերցիդին…
Վիգեն Սարգսյան.«Սեռով պայմանավորված աբորտները ` պարզապես խայտարակություն են մեր ազգի համար»…
Գարիկ Հայրապետյան. «Սելեկտիվ աբորտների հիմքում՝ գենդերային անհավասարությունն է»
Ինչու՞ ենք գերադասում ընդամենը մեկ-երկու երեխա ունենալ
Դ-ր Գիլմոտո. «Հայաստանը մինչև 2060-ը կկորցնի գրեթե 93 հազար պոտենցիալ ապագա մայր»
«Կորսված հավասարակշռություն. արու զավակի նախընտրությունը Հայաստանում»
Ոչինչ չի եղել, ուղղակի մի Լիլիթիկով պակաս կծնվի Հայաստանում…
Աբորտը ՝ մարդասպանություն է, բայց օրենքով դրա արգելումը խնդիր չի լուծում
Յուրաքանչյուր տարի կորցնում ենք մոտ 1400 պոտենցիալ մայր
Մարդկության մայրամուտը սկիզբ կառնի, երբ երկրի վրա «վերջանան» կանայք
Դիտումների քանակը` 7959