«Խաղաղությունը քո տնից է սկսվում»…
Այս տարվա ապրիլին Երևանում կկայանա «Կանայք Կովկասում. պատերազմի, խաղաղության և բռնության քաղաքականությունը» թեմայով կոնֆերանս, որին կմասնակցեն Հարավային եւ Հյուսիսային Կովկասի պետություններից ժամանած փորձագետներ: Այս մասին լրագրողներին երեկ կայացած հանդիպմանը տեղեկացրեց «Դեմոկրատիան այսօր» հասարակական կազմակերպության հիմնադիր Գյուլնարա Շահինյանը` ավելացնելով, որ կոնֆերանսի շրջանակում կքննարկվեն մի շարք հարցեր, որոնք նվիրված են կանանց դերի բարձրացմանն ու կարևորությանը պետությունների անվտանգության և խաղաղության հարցերում, նաև` թե ինչու կյանքի չեն կոչվում մի շարք բանաձևեր, որ շարունակ ընդունվում են և որոնք նույնպես այդ գաղափարն են կրում: Եվ այդ ամենը «Կովկասի կանայք` հանուն խաղաղության և անվտանգության» նախաձեռնության շրջանակում:
Տիկին Շահինյանը, ով հանդիսանում է նախաձեռնության հայաստանյան համակարգողը հիշեցրեց, որ երբ նախաձեռնությունը նոր էր ծնվել, ապա դրա շրջանակում համագործակցում էին ընդամենը երեք հասարակական կազմակերպություններ Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից, իսկ ահա այսօր նախաձեռնությանը միացել են 15 հասարակական կազմակերպություններ: Եվ որ կարևոր է` գործընկերության ծավալները օրեցօր մեծանում են.
«Մենք ակտիվ համագործակցում ենք նաև ադրբեջանցի կանանց հետ և, օրինակ, նախօրեին հանդիպում ենք ունեցել նրանց հետ Թբիլիսիում: Կարևոր է գիտակցել, որ հարևանների հետ ապրում ենք կողք-կողքի և պետք է համագործակցության ուղիներ, եզրեր փնտրենք: Արդեն 20 տարի տևող հակամարտությունը հաղթահարելու համար իսկապես շատ կարևոր է, որպեսզի խոսենք առանց միջնորդների ու խոսենք իրար հետ թեկուզ ամենադժվար խնդիրների մասին: Եվ կարող ենք հպարտանալ, որ մենք թորձել ենք սկսել այդ երկխոսությունը»,- տեղեկացրեց Գ.Շահինյանը` հավելելով, որ նախաձեռնությունը համախմբել է այն կանանց, որոնք ոչ թե դեկլարատիվ քայլեր են անում, այլ գործ` ամենքն իր երկրում, իր հասարակությունում.
«Փետրվարի 6-ը հայտարարել ենք Խաղաղության օր Կովկասում, բացի այդ արդեն երեք տարի է ինչ սահմանել ենք Անահիտ Բայանդուրի անվան «Կովկասի երիտասարդ կանանց խաղաղության պարգևը»,- տեղեկացրեց նա ու խոսքը փոխանցեց երկու տարի առաջ այդ պարգևին արժանացած, Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիից ժամանած Իննա Հայրապետյանիին:
Իննան, ով ծնվել ու մեծացել է Չեչնիայում, իր խոսքում նշեց, որ խաղաղություն հաստատելը լոկ բառեր չեն իր համար, այլ գիտակցված գաղափար է ` ինքը անձամբ երկար տարիներ ռազմական հակամարտության մասնակից է եղել և լավ հասկանում է, թե ինչ ասել է խաղաղություն. «Ես ռազմական հակամարտության անմիջական մասնակիցն եմ եղել: Ու տեսել եմ, թե ինչպես են իրենց այդ ժամանակ դրսևորում կանայք: Մի մասն իրենք էին հրահրում իրենց որդիներին, մյուսները հակառակը` չէին ցանկանում որդուն պատերազմ ուղարկել: Այնպես որ մեր կարգախոսը` «Խաղաղությունը քո տնից է սկսվում» եւ խաղաղասիրությունն էլ ծնվում է երեխաների դաստիարակությունից»,- նշեց նա, ընդգշելով, որ ողջ աշխարհում կանայք խաղաղության համար պայքարողների աառաջին շարքերում են:
Հիշեցնենք, որ ‹‹Երիտասարդ կանանց Կովկասի խաղաղության մրցանակը›› հիմնադրվել է խաղաղության կառուցման գործում երիտասարդ կանանց բացառիկ դերի և առաջնորդական կարողությունների, կոնֆլիկտների կանխարգելման գործում նրանց կարևորագույն դերի ճանաչման, ինչպես նաև մարդու իրավունքների վերակագնման պաշտպանության նպատակով: Սույն մրցանակի գաղափարը ներշնչվել է խաղաղության եւ մարդու իրավունքների հայտնի ակտիվիստ, Օլաֆ Պալմեյի անվան Խաղաղության մրցանակիակիր, խաղաղարար Անահիտ Բայանդուրի (1931-2011) գործունեությամբ:
Էնզելա Մակարյան
Կարդացեք այս թեմայի շուրջ մեր կայքում.
«Կովկասը մեր ընդհանուր տունն է» շարժումը հայտնեց մրցանակակիրների անունները
Կովկասի Խաղաղության Մրցանակ ՝ երիտասարդ կանանց համար
Հայաստանը դեռևս չի մշակել թիվ 1325 բանաձևի կատարումն ապահովող ազգային ծրագիր
«Գենդերային հավասարությունը – կայուն խաղաղություն է»/ վիդեո
Կանանց, խաղաղության ու անվտանգության մասին ՄԱԿ-ի բանաձևերը
Պատերազմների «ոչ կանացի դեմքը»…
Դիտումների քանակը` 4402