Խաթարված մանկության ամփոփագրերից …
«2011-ին Հայաստանում անչափահասների կատարած հանցագործությունների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է», – այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության երրորդ վարչության պետի տեղակալ, անչափահասների գծով բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:
Ի տարբերություն 2010թ., երբ գրանցվել էր անչափահաս երեխաների կողմից կատարված 509 հանցագործություն, այս տարի արձանագրվել է 527 հանցագործություն:
Աճել են մարմնական վնասվածք հասցնելու դեպքերը. 2010-ին արձանագրվել է 30 դեպք, 2011-ին՝ 54:
Դրա հետ մեկտեղ, եթե 2010թ.գրանցվել է մարդասպանության 3 դեպք, ապա 2011-ին մարդասպանության դեպքեր չեն արձանագրվել:
Անչափահասների կողմից սեռական բնույթի հանցագործությունների դեպքերը նույնպես կրճատվել են. 2010 թ.-ին գրանցվել էր 60 դեպք, 2011-ին` 54:
Այսօր Աբովյան քրեակատարողական գտնվում է 16 անչափահաս հանցագործ: Նրանք կատարել են ծանր հանցագործություններ: Նելլի Դուրյանի փոխանցմամբ` մյուսների նկատմամբ կիրառվում է համապատասխան հոդված եւ նրանք արդարադատության նախարարության հսկողության ներքո այլընտրանքայի պատիժ են կրում:
Մտահոգիչ է անչափահաս երեխաների ինքնասպանության փորձերի դեպքերը: Անցյալ տարի 45 անչափահաս է ինքնասպանության փորձ կատարել, որից 9-ը մահվան ելքով: Ինքնասպանության հիմնականում դիմում են 16-17 տարեկան աղջիկները: Պատճառները տարբեր են` անպատասխան սեր, ընտանեկան խնդիրներ, չհասկացվածություն եւ այլն:
Նելլի Դուրյանը հավաստիացրեց, որ անչափահասների գծով ոստիկանությունը իրականացնում է բարեփոխումների ծրագիր: «Ոստիկանության պետի կողմից տրվել է հանձնարարական, լինել դպրոցներում, հանդիպումներ ունենալ երեխաների, մանկավարժների հետ և կանխարգելիչ աշխատանքներին առավել ուշադրություն դարձնել: Նախկինում էլ ենք եղել դպրոցներում, սակայն հիմա ավելի շատ կլինենք»,-հավաստիացրեց նա:
Ոստիկանության գնդապետն ավելացրեց, որ շարունակաբար նվազում է մուրացիկ երեխաների թիվը: Ըստ նրա՝ իրենց հետևողական աշխատանքի շնորհիվ հաջողվել է այդ երեխաների թիվը նախորդ տարիներին հաշվառված 300-ից հասցնել 16-ի: Անընդհատ աշխատանք է տարվում և երեխայի, և ծնողի հետ, նշեց նա, բայց կան դեպքեր, երբ երեխան մուրացկան է դառնում ծնողի դրդմամբ:
Հ. Հ.
Դիտումների քանակը` 3982