16-օրյակն ավարտվեց. «Օր առաջ պետք է ընդունել օրենքը»

 

 Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը` դեկտեմբերի 10-ին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամները «Մեդիա Կենտրոնում» ամփոփեցին  Գենդերային բռնության դեմ  ակտիվության 16-օրյակի, ինչպես նաև այս տարվա ընթացքում կոալիցիայի անդամ 7 ՀԿ-ների  գործունեության արդյունքները:

 

 

Քննարկմանը մասնակցում էին «Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ նախագահ Սուսաննա Վարդանյանը,  «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի ծրագրերի պատասխանատու Հասմիկ Գևորգյանը,  իրավաբան Ինեսսա Վարդանյանը, «Հասարակություն առանց բռնության» ՀԿ ծրագրերի համակարգող Անուշ Խաչատրյան և ընտանեկան բռնության ենթարկված Հասմիկ Խաչատրյանը:

 

 

Սուսանա Վարդանյանը փաստում է, որ տարեցտարի իր ղեկավարած ՀԿ-ն ավելի ու ավելի մեծ թվով ահազանգեր է ստանում ընտանեկան բռնությունների վերաբերյալ:  «Իմ կարծիքով սա երկու պատճառ ունի. Կանայք ավելի իրազեկ են դառնում նման ծառայությունների մասին, և կանայք սովորում են իրենց իրավունքները պաշտպանել»,-ասաց ՀԿ նախագահը, չբացառելով, որ ավելացել է  նաև բռնության դեպքերի  թիվը:

 

 

Այս տարվա առաջին յոթ ամսիների ընթացքում Երևանից ու չորս մարզերից ՀԿ-ին դիմել են 1344 զանգ է ստացել, որից մոտ 897-ը եղել է ընտանեկան բռնության մասին են: Այս կանանցից 398-ն առաջին անգամ էին դիմում ՀԿ-ին:

 

 

«Մաղթում եմ բոլորիս պետություն, որտեղ մարդու իրավունքներն առաջնային են ու անօտարելի մարդուց»,- խոսքը շնորհավորանքով սկսեց Անուշ Խաչատրյանը: Նրա ներկայացմամբ, 16-օրյակի նպատակի գենդերային հիմքով բռնությունների մասին բարձրաձայնելն է, կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում խնդիրների վեր հանումն է:

 

 

«Այս տարին առանձնահատուկ էր այն բանով, որ մենք որոշեցինք գրեթե բոլոր միջոցառումների հիմքում դնել «Ընտանեկան բռնության մասին օրենքի» ընդունելու անհրաժեշտությունը », -ասաց Ա. Խաչատրյանն՝  տեղեկացնելոբ, որ իրենց ՀԿ-ն միայն այս տարվա ընթացքում  վեցը գենդերային հիմքով սպանության դեպքեր է բացահայտել:

 

 

Կոալիցիայի անդամները փաստեցին, որ վիճակագրությունը մտահոգիչ է, ուստի իրենք շարունակելու են պնդել օրենքի օր առաջ ընդունման անհրաժեշտությունը: Ա. Խաչատրյանը նշեց, որ լավագույն դեպքում նախագիծն օրենքի ուժ կարող է ստանալ 2017 թվականին, իսկ մինչ այդ բռնության շատ դեպքեր  կմնան անարձագանք, զոհերն էլ անօգնական  եւ այդ ամենը  «պարզապես օրենսդրական բացի պատճառով»:

 

 

Հասմիկ Գևորգյանը փաստեց, որ շատ հաճախ կանայք ենթարկվում են դաժան ֆիզիկական բռնությունների, սակայն քչերն են համարձակվում դրա մասին բարձրաձայնել, ինչպես օրինակ արել է Հասմիկ Խաչատրյանը:

 

 

«Դեկտեմբերի 10-ն աշխարհում նշվում է որպես մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր, ցավով եմ նշում, որ Հայաստանում բազմաթիվ խոցելի խմբերի իրավունքներ պաշտպանված չեն, այդ թվում նաև ընտանեկան բռնության ենթարկված կանայք»,-ասաց նա ու ներկայացրեց տուժած Հասմիկին, ով իրենց կենտրոն է դիմել 2010-ի հունիսին:

 

 

Տարիներ շարունակ բռնություններին դիմացած կինը մի գիշեր որոշել է տանից փախչել, դիմել է բուժհաստատություններից մեկին, որն էլ ահազանգել է ոստիկանություն:

 

 

«Ոստիկանները չէին ուզում գործին տալ քրեաիրավական գնահատական, չնայած իր բնույթով այն հանցագործություն էր: Ոստիկանները ինչպես միշտ դա որակում էին որպես վեճ ամուսինների միջև»,-ասաց Հ. Գևորգյանն ու ավելացրեց, որ միայն բազմաթիվ բողոքների շնորհիվ հաջողվել է քրեական գործ հարուցվել նախ ծեծ, ապա պայքարի արդյունքում խոշտանգում հոդվածներով:

 

 

Չնայած գործն ուղարկվել է դատարան, բայց բռնարար ամուսինն ազատության մեջ է, երեխաների միջոցով հոգեբանական ճնշումների է ենթարկում նախկին կնոջը, նա նույնիսկ ոստիկանների ներկայությամբ առերեսման ժամանակ է սպառնացել ու ուժի գործադրման փորձեր արել:

 

 

Բռնությունների ենթարկված կինն ասում է, ամուսինը իրավաբանի կրթություն ունի, չնայած մասնագիտությամբ չի աշխատել, սակայն ֆինանսական հնարավորություններ ու լծակներ ունեն, որոնք թույլ են տալիս հարցեր կարգավորել: Հիշեցնենք, որ Հասմիկը ողջ հանրապետությունում հայտնի քյավառցի բախտագուշակ Վարսիկի հարսն է:

 

 

Հասմիկ Գևորգյանը նշեեց, որ եթե Ընտանեկան բռնության մասին օրենքն գործեր, ապա Հասմիկ Խաչատրյանին եւ նման իրավիճակներում հայտնված կանանց  հնարավոր կլիներ  տեղափոխել ապաստարան, երեխայի դպրոցը փոխել: «Հասմիկի ու երեխայի անվտանգությունը հիմա բացարձակապես պաշտպանված չէ»,- ասաց նա, նշելով, որ  Ընտանեկան բռնության մասին օրենքը նախատեսում է նաև մարզերում պետության կողմից գոնե մեկական ապաստարանի հիմնում: Այժմ նման միայն մեկ ապաստարան է գործում, որը շատ ծանրաբեռնված է:

 

 

«Երբ Հասմիկը տանից փախել էր, մենք բազմաթիվ գրություններ են հղել համայնքապետարան ու այլ կազմակերպություններ ու միայն ՄԻՊ-ի միջոցով հաջողվեց իմանալ, թե որտեղ են գտնվում երեխաները: Փակ ընտանիք էր ու պատճառաբանում էին, թե այնտեղ ոչ մեկ մուտք ու ելք չի անում», -ասաց «Կանանց աջակցման կենտրոն»-ի աշխատակից  Հասմիկ Գևորգյանը :

 

 

Բռնության ենթարկված կինն իր բախտակից կանանց խորհուրդ է տալիս պաշտպանել իրենց իրավունքները. «Իմ  կյանքն  էր վտանգված, ես  ոչ մի ելք չունեի: Խորհուրդ կտամ բոլոր կանանց, որ իրենց իրավունքները պաշտպանեն: Հուսով եմ, որ կհասնեմ այն բանին, որ յուրաքանչյուրն իր արածի համար պիտի պատասխան տա»,- ասաց Հասմիկ Խաչատրյանը:

 

Եզրաձակելով քննարկումը կոալիցիայի անդամները ասացին,որ շարունակելու են  բոլորին   իրազեկել օրենքի ընդունման կարևորության մասին:

Հ. Կարապետյան

 

 

Դիտեք քննարկումն ամբողջությամբ   Մեդիա կենտրոնի  տեսագրության մեջ.

 

 

Դիտումների քանակը` 3923

Գլխավոր էջ