Արժանապատի՞վ ծերություն. Ֆիզարձակուրդում գտնվող կանանց համար ոչ գործատուն, ոչ պետությունը թոշակ չեն կուտակի…
Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի ներդրումը մտահոգություններ է առաջացրել ոչ միայն տարբեր ոլորտների աշխատակիցների, այլ հղի կանանց մոտ: Նրանք չեն կարողանում պատկերացնել, թե ծնելիության աճն ու կրծքով 6 ամիս կերակրելու քարոզը տանող պետությունն ու օրենսդիր մարմինը ինչպե՞ս կարող են պարտադրել մի համակարգ, որն ըստ էության հակասում է այդ ամենին:
Հետաքրքիր զուգադիպությամբ, «Երեխաների կրծքով սնուցման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» ու «Պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին» օրենքներն ուժի մեջ են մտնում միաժամանակ` 2014-ի հունվարի 1-ից:
Պարտադիր կենսաթոշակային համակարգի ներդրումը նախատեսող օրենքի դեմ պայքարող պատգամավորներից դաշնակցական Արծվիկ Մինասյանը WomenNet.am-ի հետ զրույցում փաստեց, որ համաձայն վիճահարույց օրենքի, կուտակային պարտադիր բաղադրիչի դեպքում ֆիզարձակուրդում գտնվող, ինչպես նաև երեխայի` օրենքով սահմանված ժամկետում խնամքն իրականացնող անձի հաշվին որևէ վճար չի կատարվում:
«Հետևաբար այդ տարիների համար կինը զրկվում է թոշակ ստանալու հնարավորությունից: Սա թե ժողովրդագրության, թե ներկա սոցիալ-տնտեսական պայմանների տեսակետից իրավիճակին չհամապատասխանող քայլ է »,-ասաց ՀՅԴ խմբակցության անդամը:
Հիշեցնենք, որ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի համաձայն, աշխատող կանանց տրամադրվում է հղիության և ծննդաբերության արձակուրդ` 140 օր (70 օր` հղիության, 70 օր` ծննդաբերության), մինչև երեխայի երեք տարեկան դառնալը տրվում է խնամքի արձակուրդ:
Պատգամավորն անարդարացի է որակում այն փաստը, որ նշված ժամանակահատվածում ոչ պետությունը, ոչ էլ գործատուն փոխանցում չեն անելու ֆիզարձակուրդում կամ երեխային խնամքի արձակուրդում գտնվող կնոջ հաշվեհամարին:
Ստացվում է, որ եթե կինը եւ երիտասարդ ընտանիքը ներկա սոցիալ-տնտեսական դժվարին պայմաններում խիզախություն են անում ունենալու 3 կամ ավելի երեխա, ապա կինը 9 կամ ավելի տարով զրկվում է թոշակ կուտակելու հնարավորությունից: Էլ ու՞ր մնացին նոր կենսաթոշակային համակարգի անհրաժեշտությունը հիմնավորող սոցիալական արդարություն և արժանապատիվ ծերություն ապահովելու սկզբունքները…
Նշենք, որ ըստ գործող կենսաթոշակային համակարգի՝ բուհերում քաղաքացու ուսումնառության և զինծառայության տարիները համարվում են որպես աշխատանքային ստաժ, այնինչ պարտադիր կուտակային համակարգի դեպքում թե ուսումնառության, թե զինծառայության տարիները, իսկ կանանց դեպքում՝ նաև ֆիզարձակուրդում եղած ժամանակաշրջանը չի ներառվում աշխատանքային տարիների մեջ: Այս դիտարկումն արել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը օրերս տարածված իր բաց նամակում:
Արծվիկ Մինասյանն իր կուսակից պատգամավորների, ԲՀԿ , ՀԱԿ ու Ժառանգություն խմբակցությունների պատգամավորների ու օրենքին ընդդիմացող քաղաքացիական ակտիվիստների հետ հիմա աշխատում են` օրենքի սահմանդրականությունը վիճարկելու հայցի վրա:
«Հիմա մենք պատրաստվում ենք Սահմանդրական դատարան դիմել օրենքի «պարտադիր կուտակային» բաղադրիչի սահմանադրականությունը վիճարկելու տեսակետից: Հուսով ենք, որ որոշակի փոփոխություններ կլինեն»,- հույս հայտնեց դաշնակցական պատգամավորը:
Հ. Կարապետյան
Դիտումների քանակը` 5058