Որդեգրման գաղտնիքները. որտե՞ղ ու ինչպե՞ս են ապրում մեր երեխաները


Մեզանից յուրաքանչյուրը  բազմիցս լսել է, որ օտարերկրյա քաղաքացիների համար որդեգրման գործընթացը Հայաստանում բավական դժվարացված է: Բայց երեւի թե  այնքան չէ, որքան դժվար է այս հարցով տեղեկատվություն հայթայթել համապատասխան գերատեսչություններում: Որդեգրումը ու առհասարակ` ամեն բան, որ կապ ունի մանկատների հետ, միշտ եղել է ամուր  փակված կուլիսների ետևում:

 

Բայց չէ՞ որ, մեզ չի կարող չհետաքրքրել, թե ինչ ճակատագիր են ունենում հայաստանցի որդեգրված երեխաները այն երկրներում, ուր նրանց տանում են նոր ծնողները: Այս հարցը առավել ակտուալ է դառնում այն պահերին, երբ հեռուստաեթերից լսում ես հերթական ռուս կամ հետխորհրդային այլ երկրներից որդեգրված երեխաների դժբախտ ճակատագրի մասին` մեկին ծեծել են, մյուսին էլ ընդհանրապես դաժանաբար սպանել:

 

«Մինչ օրս թե Արտաքին գործերի նախարարությունը և թե կենտրոնական մարմինը որդեգրված երեխաների իրավունքների  և օրինական շահերի խախտման վերաբերյալ որևէ հաղորդում չեն ստացել, երեխայի վերադարձի դեպք չի արձանագրվել, դեռ ավելին` կան բազմաթիվ փաստեր, զեկույցներ, նամակներ և լուսանկարներ որդեգրված երեխաների նկատմամբ իրականացված խնամքի և հոգատարության, որդեգրողների կողմից իրենց պարտականությունների պատշաճ կատարման մասին»:

 

Սա Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի պատասխանն է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանի գրավոր հարցմանը, թե ի՞նչ ապագա են ունենում Հայաստանում որդեգրված, բայց արտերկիր տեղափոխված երեխաները, արդյո՞ք չունենք այնպիսի խնդիրներ եւ  դեպքեր, ինչպիսիք  հաճախ պատահում են  հատկապես Ռուսաստանից  որդեգրված երեխաների հետ:

 

Ի դեպ, Արդարադատության նախարարությունը հանդիսանում է «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» Կոնվենցիայով նախատեսված որդեգրման հարցերով կենտրոնական մարմին:

 

Եվ այսպես, նախարար Թովմասյանն իր նամակում գրում է, որ արտերկիր որդեգրված հայ երեխաները լավ ճակատագիր են ունենում  ու որևէ խնդիր նրանց հետ կապված  մինչ օրս չի արձանագրվել: Ճիշտ է, նամակից տեղեկանում ենք նաև, որ Հ.Թովմասյանը խոսում է մասնավորապես վերջին երկու տարում որդեգրված երեխաների մասին, քանի որ նախորդ տարիների` 2007-09թթ. վերաբերյալ տեղեկատվությունը կարող է տրամադրել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

 

Իսկ վերջին երկու տարվա կտրվածքով  պատկերը հետևյալն է.

«2010թ-ի ընթացքում օտարերկրյա քաղաքացիների կողմից որդեգրվել է 69 ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխա ` 41 աղջիկ և 28 տղա, իսկ 2011թ-ին 63-ը` 42 աղջիկ , 21 տղա»:

 

Ինչ վերաբերում է նրան, թե արդյո՞ք ունենք ինչ-որ վերահսկող մարմին, որը հետամուտ է երեխաների հետագա ճակատագրին ու նաև աջակցում նրանց, եթե ինչ-որ մի բան այն չլինի, ապա Ա.Բախշյանի հարցադրմանն ի պատասխան նամակում ասվում է, որ ՀՀ Ընտանեկան օրենսգրքի 150-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 2010թ-ի թիվ 269-Ն որոշման պահանջների համաձայն օտարերկրյա քաղաքացիների կողմից Հայաստանից դուրս որդեգրված  ՀՀ քաղաքացի երեխաների իրավունքների և շահերի պաշտպանությունը, միջազգային իրավունքի նորմերով թույլատրվող սահմաններում իրականացնում են ՀՀ հյուպատոսական հիմնարկները, որտեղ նշված երեխաները հաշվառված են մինչև չափահաս դառնալը:

 

Ստացվում է, որ երեխաների բարեկեցությունը և ուղղակի նրանց շահերի պաշտպանությունը կախված են տվյալ երկրներում հյուպատոսարանների աշխատանքից, իսկ ավելի կոնկրետ` կառույցների աշխատակիցների բարեհաճությունից, մանավանդ, որ իրենց պարտականնությունների մեջ կարծես թե  չի մտնում ` որդեգրված  հայ երեխաների ճակատագրով հետաքրքրվելը:

 

Մինչդեռ հայաստանյան հասարակական կազմակերպություններն պարբերաբար ահազանգում են, որ իդեալական պատկերը հեռու է իրականությունից ու երեխաները ոչ միշտ են լավ բախտի արժանանում, առավել ևս, որ վերահսկող մարմնի տեսադաշտից էլ հեշտությամբ կորում են:

 

Հիշեցնենք, որ ըստ օրենքի օտարերկրյա քաղաքացիներին, անգամ եթե նրանք ազգությամբ հայ են, հնարավորություն է ընձեռվում որդեգրել միայն այն երեխաներին, որոնք իրենց «ծնողներին» չեն գտել հայրենիքում. Հիմնականում դա այն երեխաներն են, որոնք ունեն առողջական լուրջ խնդիրներ կամ ֆիզիկական արատներ: Բայց այս պարագայում ու ելնելով հենց այդ հանգամանքից  վերահսկող մարմինն էլ ավելի աչալուրջ պետք է լինի, քանզի անհայտ է` այդ ինչո՞ւ հայը իր ազգակից երեխայից հրաժարվում է, ինչ է նա սրտի արատ, դաունի սինդրոմ կամ ԴՑՊ ախտորոշումն ունի, իսկ օտարը որդեգրում է այդ երեխային: Որտե՞ղ է ծուղակը:

 

Հարցեր, որ, ցավոք, գերատեսչական մարմինների մակարդակով դժվար պատասխանների արժանանան և որ ամենակարևորն է` այդ պատասխանները չգիտի նաեւ մեր  հասարակությունը:  Այն հասարակությունը, որը ծնել է այդ երեխաներին ու թեև հրաժարվել նրանցից, բայց միևնույն է չի կարող անտարբեր լինել նրանց հետագա ճակատագրի նկատմամբ:

 

 

  Էնզելա Մակարյան

Հ.Գ. Քանի որ հիմնախնդրի առկայությունը մեզանում  շատ դեպքերում բարձրաձայնվում է առաջին հերթին  ոչ թե պետական մակարդակով, այլ հասարակական կազմակերպությունների  կողմից, ապա  առաջիկայում կներկայացնենք մի շարք  ՀԿ-ների տեսակետն այս խնդիրների  վերաբերյալ:


Դիտումների քանակը` 5371

Գլխավոր էջ