Ինչպե՞ս են կոտրվում կարծրատիպերը. օրվա կադր խորհրդարանից
Լուսանկարում ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանն է երեկ կայացած ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ, որն, ի դեպ, չորս ու կես ժամ է տևել: Այդ ընթացքում մոր գրկում նստած երեխան քնեց: Հանձնաժողովն էլ քննարկեց ԱԺ գարնանային նստաշրջանի օրակարգը…
Այս առիթով թեմային անմիջական առնչվող երկու դիտարկում մեջբերենք.
«Երբ Շվեդիայի կանայք եկան խորհրդարան, նրանք առաջին հերթին պահանջեցին խորհրդարանին կից բացել մանկապարտեզի նման մի բան, որպեսզի նիստերի ժամանակ այնտեղ հնարավոր լիներ թողնել երեխաներին: Արդյունքում այնպես ստացվեց, որ նույնիսկ կրծկեր երեխա ունենալով, կանայք կարողացան լիարժեք աշխատել խորհրդարանում: Բացի այդ, կանայք հասան այն բանին, որ պատգամավորների աշխատանքային օրը դարձավ նորմավորված – 9 – ից մինչև ժամը 18-ը: Իսկ դա նշանակում է – ավելի քիչ ծխելու ընդմիջումներ, ավելի քիչ անեկդոտներ, ավելի ակտիվ օրինաստեղծ գործունեություն»:
Քաղաքական գիտությունների դոկտոր՝
Սվետլանա Այվազովայի հետ հարցազրույցից
«Նյուզրումը», որտեղ ստեղծվում են նորությունները, չափազանց մեծ չափերի դահլիճ է: Աշխատանքային սեղանները սահմանազատված չեն, մարդիկ խմբերով ինչ որ բան են քննարկում: Մի խոսքով, ծանոթ աշխատանքային գործընթաց, բացի որոշ մանրուքներից – սեղաններին ծաղկամաններ և մրգեր կան (ինչպես պարզվեց, հեռուստաընկերության հաշվին), նաև տեղ, որտեղ կարելի է ավտոմատից անվճար սուրճ ստանալ:
Եվ , ահա, առաջին անակնկալը: Հետո երկար ժամանակ ափսոսում էի, որ չլուսանկարեցի այդ պահը: Մեր կողքով դեպի իր աշխատանքային տեղն անցավ մի տղամարդ՝ մանկական սայլակով, որում խաղաղ քնած էր մանկիկը: Ոչ ոք որևէ ձևով չարձագանքեց , բացի մեր պատվիրակությունից: «Մեզ մոտ հաճախ, և հայրերը, և մայրերը աշխատանքի են գալիս երեխաների հետ, եթե փոքրիկներին թողնելու տեղ չեն ունենում: Բոլորը այնպես են սովորել դրան, որ ուշադրություն չեն դարձնում», – բացատրեց SVT նորությունների գլխավոր խմբագիր Ջուդիթ Էկը»:
Սվետլանա Սվիստունովայի
«Շվեդական հեռուստաընկերության գենդերային խՃանկարը» հոդվածից:
Նշենք, որ երեխաներին իրենց հետ ամենուր տանելու սովորությունը նաև ամերիկյան ապրելաձևի առանձնահատկություններից մեկն է: Ի դեպ, երեխաներն էլ իրենց բնական են պահում. նստում են ծնողների գրկին , քնում , լաց են լինում… Բայց դա չի զարմացնում որևէ մեկին, առավել ևս նյարդայնացնում, ինրպես դա հաճախ լինում է հայ իրականության մեջ: Բոլոր հանրային հաստատություններում, նույնիսկ համալսարաններում, հատուկ տեղեր կան, որտեղ կարելի է փոխել փոքրիկի հագուստը և կերակրել նրան, ռեստորաններում էլ հաՃախ առաջարկում են զբաղեցնել երեխային:
Մի խոսքով արվում է ամեն ինչ, որ երիտասարդ ծնողները ոչ միայն կարողանան գնումներ անել կամ ուրիշ անհրաժեշտ գործերով զբաղվել, այլ նաև վայելեն հանգիստը իրենց երեխաների հետ միասին:
Նկատենք, որ նման մոտեցումը նախապայմաններից մեկն է միայն, որ թույլ է տալիս փոքր երեխաներ ունեցող կանանց լիարժեք կյանքով ապրել և հարկ եղած դեպքում համատեղել ընտանիքն ու կարիերան:
Էնզելա Մակարյան
Լուսանկարը՝ Լիա Խոջոյանի
Դիտումների քանակը` 3732