«Ասում է, որ ապագա չի տեսնում այստեղ իր համար… »
Նոյեմբերյանում և հարակից գյուղերում մարդկանց հոսքը գնալով նվազում է , փոխարենն ավելանում է ավիատոմսեր վաճառող կրպակի հաճախորդների և հարակից մթերային խանութի պարտապանների ցուցակը:
Տիկին Մարոն /անունը փոխված է/ արդեն երկու թոռնիկ ունի: Դուստրն արդեն հասցրել է նրան երկու հրաշք փոքրիկ պարգևել: Երեխաների ծնունդը երջանկություն է, բայց նրանց պահելը մեծ դժվարություն:
– Աշխատանք չունեն: Ոչ աղջիկս է աշխատում, ոչ էլ փեսաս,-ասաց տիկին Մարոն:- Մենք ենք իրենց օգնում: Մի քանի կենդանի էլ պահում են ուղղակի տարին <<գլորելու>> համար:
Տիկին Մարոն ինքն է և՛ այս խանութի աշխատողը և՛ տերը: Նրա վկայությամբ՝ տարեցտարի պարտքով առևտուր անողների ցուցակն ավելի է մեծանում ու այն տետրը, որում նա գրի է առնում մաս-մաս վճարողների անուններն, էլ ավելի է հաստանում:
– Տղաս արդեն 26 տարեկան է, բայց դեռ չի աշխատում: Ավարտել է Ագրարային համալսարանը, փորձարար է: Աշխատանք չունենալու պատճառով ուզում է գնալ Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի, բայց մի կերպ պահում ենք նրան,-անկեղծացավ տիկինը:
Խանութի տիրուհին փաստում է, որ որդուն իրենց քաղաքում պահելը իսկապես մեծ դժվարություն է:
– Գոնե ուզում ենք ամուսնացնենք նոր գնա, որ վերադառնա, թե չէ էլ հետ չի գա, -ափսոոսանքով նշեց նա: – Բայց նա ամուսնության մասին լսել չի ուզում, ասում է, որ ապագա չի տեսնում այստեղ նույնիսկ իր համար:
Տիկին Մարոն՝ թերթելով խանութի պարտապանների ցուցակը ցույց է տալիս նաև այնպիսի մարդկանց անուններ, ովքեր վաղուց արդեն վաճառել են իրենց <<ունեցած-չունեցածն>> ու հեռացել հայրենիքից:
Մեր զրուցակիցը, կարելի է ասել, քաղաքի փոքր-ինչ լավ ապրողներից է, բայց նույնիսկ այն պարագայում, որ ունի փոքրիկ բիզնես և դրա միջոցով վաստակում է օրվա ապրուստը, իրեն լավատես չի համարում և շատերի նման դժվարանում է ապագա տեսնել երիտասարդների համար… Ու ստիպված տառապում է որդուն իր կողքին պահելու ցավով…
Սիլվի Հակոբյան
Երեւան- Նոյեմբերյան -Երեւան
Դիտումների քանակը` 3573