«Միավորվենք՝ վերացնելու կանանց հանդեպ բռնությունը»/ ուղերձ եւ տեսահոլովակ

 

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ուղերձը

Կանանց հանդեպ բռնությունների վերացման միջազգային օրվա կապակցությամբ

Կանանց և աղջիկների հանդեպ կատարված  բռնություններն ուղղակիորեն ազդում են անհատների վրա՝ միաժամանակ վնաս հասցնելով  մեր ընդհանուր մարդկությանը: Ի պատասխան այս գլոբալ մարտահրավերին՝  2008 թ. ես հայտարարեցի «Միավորվենք՝ վերացնելու կանանց հանդեպ բռնությունը» քարոզարշավի մեկնարկը։ Այդ ժամանակվանից ի վեր ամբողջ աշխարհի մեր գործընկերները միացան այս նախաձեռնությանը՝ պաշտպանելու կանանց և աղջիկների բռնություններից ազատ ապրելու մարդկային իրավունքը:

 

 

Ես ողջունում եմ շատերի ձայնը՝ ուղղված բռնությունը վերացնելուն, որից, միջին հաշվով, կյանքի ընթացքում տուժում է յուրաքանչյուր երեք կնոջից մեկը: Ես ողջունում եմ այն առաջնորդներին, ովքեր օգնում են ընդունել ու կիրառել օրենքներ,  փոխել մարդկանց մտածելակերպը: Եվ ես հարգանքի տուրք եմ մատուցում ամբողջ աշխարհի բոլոր այն հերոսներին, ովքեր զոհերին օգնում են ապաքինվել և  դառնալ փոփոխություն տարածող քարոզիչներ:

 

 

Անցյալ ամիս՝ ՄԱԿ-ի օրվա տոնակատարության ժամանակ, ինձ բախտ վիճակվեց կրկին հանդիպել այդպիսի մի հերոս՝ բժիշկ Դենիս Մուկվեգեյի հետ, ով Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում հիմնել է Պանցի հիվանդանոցը՝ բռնության ենթարկված կանանց ընդունելու համար: Բժիշկ Մուկվեգեն ասաց․ «Շատ դեպքերում մենք հուզմունքից արտասվում ենք. ամեն ինչ այնքան վնասված է լինում: Բայց մենք ստիպված ենք գործել: Մենք աշխատում ենք: Մենք շտկում ենք, ինչ կարող ենք, և դա քիչ չէ»: Նա ոգեշնչված է այն կանանց խիզախությամբ, որոնց նա բուժում է, ներառյալ նրանց, ովքեր, իրենց հերթին, օգնում են մյուսներին:

 

 

Չնայած բժիշկ Մուկվեգեն առնչվում է կանանց դեմ զինված հակամարտության պայմաններում կատարվող  բռնությունների հետ, սակայն այս խնդրով զբաղվելու ու այն լուծելու նրա ցանկությունը պետք է օժանդակի  մեր բոլորի ջանքերը օգնելու բոլոր այն կանանց, որոնք բռնության են ենթարկվում  տանը, դպրոցներում և  քաղաքացիական այլ միջավայրերում ամբողջ աշխարհի, յուրաքանչյուր երկրի, յուրաքանչյուր  հասարակության կտրվածքով:

 

 

Ավանդաբար այս օրը նշվում է որպես Ակտիվության 16-օրյա մեկնարկի առաջին օր: Նոյեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 10-ը` Մարդու իրավունքների օրը, մենք հատուկ ջանքեր ենք գործադրում կազմակերպելու և պայքարելու կանանց դեմ իրագործվող բռնությունների դեմ, որը մարդու իրավունքների համատարած խախտում է: Այս տարի իրազեկության բարձրացման նպատակով մենք ընտրել և կրում ենք նարնջագույնը` այս հարցում մեր աջակցությունը խորհրդանշելու համար:

 

 

Փոփոխություն մտցնելու միակ ձևը՝ աջակցությունն է Կանանց հանդեպ բռնության վերացման ՄԱԿ-ի հիմնադրամին, որն օգնում է արձագանքել մարդու իրավունքների խախտումներին և ֆիզիկական անվտանգությունից մինչև տնտեսական ապահովության կարիքներին: Մինչ վերջին տարիներին Հիմնադրամից ստացվող դրամաշնորհների պահանջն ավելի քան կրկնապատկվել է, միջոցները, որ Հիմնադրամն ի վիճակի է եղել տրամադրել՝ կրճատվել են 60 տոկոսով: Ես դիմում եմ բոլոր գործընկերներին օգնելու լրացնել կանանց և աղջիկների դեմ իրականացվող բռնությունը կանխելու և դրան վերջ տալու համար անհրաժեշտ միջոցների այս բացը՝ մեր հետագա ջանքերի իրականացման համար:

 

 

Կանանց դեմ բռնություններին վերջ դնելու այս միջազգային օրը հնարավորություն է տալիս բոլոր մարդկանց կրկին անգամ միավորվելու՝ հանուն կանանց և աղջիկների հանդեպ ամեն տեսակ բռնության կանխման ու դադարեցման:

 

Բան Կի Մուն 

 

Դիտեք նաեւ «Միավորվենք՝ վերացնելու կանանց հանդեպ բռնությունը» քարոզարշավի տեսահոլովակը.

 

 

 

Դիտումների քանակը` 3048

Գլխավոր էջ