Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունը Հայաստանում. հետազոտություն
Հայաստանում պաշտոնապես գրանցված է 189 հազար հաշմանդամություն ունեցող մարդ: Նրանցից շատերը ստիպված են դիմակայել հասարակության կողմից հաշմանդամության թյուր ընկալմանը, կանոնակարգերի ոչ պատշաճ կիրառմանն ու խտրականության այլ դրսեւորումներին: Պաշտոնական վիճակագրության համաձայն` Հայաստանում գրանցված հաշմանդամություն ունեցող անձանց շուրջ 92 տոկոսը գործազուրկ է:
Իսկ գուցե օրենսդրակա՞ն փոփոխություններ են պետք
Օրերս «Սեյվ դը չիլդրեն» միջազգային կազմակերպությունը և Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ) ներկայացրեցին «Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունը Հայաստանում. կարիքներ և խոչընդոտներ» հետազոտության արդյունքները:
Հետազոտությունը իրականացվել է 2012-ին մեկնարկած LIFE ծրագրի շրջանակներում, որը ծրագրի տնօրեն Ջինա Սարգիզովայի ներկայացմամբ նպատակ ունի խթանելու հավասար հնարավորությունները և աշխատանքի մատչելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար: Ծրագիրը ֆինանսավորում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը եւ իրականացնում «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությունը՝ «Ակտիվա» միջազգային հիմնադրամի, «Էյջ-Դի-Փի» հիմնադրամի «Ունիսոն» և «Լիարժեք կյանք» հկ-ների հետ համագործակցությամբ:
«Սեյվ դը չիլդրեն» տնօրեն Իրինա Սաղոյանն իր խոսքում նշեց, որ ծրագրի շրջանակում իրենք փորձել են հասնել մի շարժման ստեղծման, որը թույլ կտա հասկանալ, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ կարող են աշխատել, ավելին` տնտեսական առավելություններ բերել գործատուին: Նա տեղեկացրեց, որ իրենց իրականացրած ծրագրերի շնորհիվ արդեն 188 հաշմանդամ անձ աշխատանք է գտել, 600 հոգի անցել կամ այս պահին անցնում են մասնագիտական վերապատրաստումներ, որոնք հնարավորություն կտան հետագայում տեղավորվել աշխատանքի, նաեւ 14 խնդրով զբաղվող ՀԿ-ներ աջակցություն են ստացել «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությունից, որպեսզի վերապատրաստման ծրագրեր իրականացնեն հաշմանդամ անձանց համար, այդ թվում և մարզերում:
ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդի դիտարկմամբ գործատուները հաճախ գերադասում են աշխատանքի ընդունել երիտասարդ, գեղեցիկ աղջիկների, եւ գուցե ժամանակն է ընդունել օրենք, որը կբացառի հաշմանդամություն ունեցող մարդկանց հանդեպ խտրականությունը և կերշխավորի, որ նրանք աշխատանքի կընդունվեն ոչ թո բարի կամքի դրսեւորմամբ, այլ հավասար հնարավորությունների սկզբունքով:
Զեկույցի շնորհանդեսին ներկա Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը նույնպես փաստեց օրենսդրական դաշտի բացերը այս հարցում, բայց շտապեց տեղեկացնել, որ այս ուղղությամբ ակտիվ քայլեր արվում են, պետությունը պասիվ քաղաքականությունից անցնում է ակտիվ գործողությունների՝ օրենսդրական փոփոխություններ առաջարկելով: Նրա խոսքով արդեն իսկ առաջին ընթերցմամբ ընդունվել է «Զբաղվածության մասին» օրենքում փոփոխությունների փաթեթը, որոնք նախատեսում են քվոտավորման քաղաքականություն հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության հարցում և, մասնավորապես, 2015-ից այդ քվոտաները կգործեն պետական հիմնարկություններում, իսկ 2016-ից` մասնավորում:
Ի՞նչ են ասում թվերն ու գործատուները
Փորձագետ Վլադիմիր Օսիպովը , ներկայացնելով «Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունը Հայաստանում. կարիքներ և խոչընդոտներ» հետազոտության արդյունքները նշեց, որ հաշմանդամ անձանց զբաղվածությանը խոչընդոտում են նախևառաջ օրենքները, միջավայրը, ինչպես նաև հասարակության ոչ պատշաճ վերաբերմունքը: Ընդհանուր առմամբ հետազոտությունը ի հայտ է բերել այն հանգամանքը, որ հաշմանդամություն ունեցող անձանց 31 տոկոսը չաշխատելու պատճառ է համարում իր առողջական խնդիրները, իսկ 25 տոկոսը գլխավոր պատճառ է համարում աշխատատեղերի բացակայությունը։
Հետազոտության շրջանակում դիտարկված 9 ընկերություններում (1.396 աշխատողներով), հաշմանդամություն ունեցող աշխատողներ եղել են միայն 3-ում` ընդամենը 43 հոգի` 8 կին և 35 տղամարդ: Պարզվել է, որ ինչքան ավելի մեծ է ընկերությունը, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ նրանք ունենան հաշմանդամություն ունեցող աշխատողներ: Այդպես, շատ փոքր ձեռնարկություններում՝ մինչեւ 30 աշխատող, հաշմանդամություն ունեցող աշխատակիցներ չեն եղել, իսկ 100-ից բարձր թվով աշխատողներ ունեցող ընկերություններում այդպիսիք կան:
Դիտարկումը ըստ ոլորտների ցույց է տվել, որ հաշմանդամություն ունեցող աշխատողներ քիչ են կամ ընդհանրապես ներգրավված չեն սպասարկման ոլորտում, բայց նրանց համար բարձր է հավանականությունը աշխատանք գտնել արտադրական ոլորտում: Գրեթե բոլոր հաշմանդամություն ունեցող աշխատակիցները ցածր պաշտոններ զբաղեցնող կապույտ օձիքավորներ են, արտադրական ոլորտում տղամարդիկ աշխատում են հիմնականում որպես բանվորներ, տղամարդկանցից միայն երկուսն էին, որ բարձր պաշտոն էին զբաղեցնում: Իսկ կանայք աշխատում են որպես լ օգնականներ լաբորատորիաներում, փաթեթավորողներ և տեսուչներ:
Ուսումնասիրության մեջ ներառված եւ հաշմանդամ աշխատակիցներ չունեցող 6 ընկերությունների կողմից ներկայացվել են մի շարք պատճառներ, թե ինչու չունեն այդպիսի աշխատողներ: Օրինակ, որոշ գործատուներ նշել են, թե «ոչ մի հաշմանդամություն ունեցող անձ չի դիմել իրենց աշխատանքի համար», բայց հիմնական մասը նշել են, որ հաշմանդամ մարդիկ չունեն իրենց ոլորտում աշխատանքի անցնելու համար «անհրաժեշտ փորձն ու որակավորումը », «չեն տիրապետում որոշակի համակարգչային ծրագրերի», «եթե աշխատողները կույր են, կամ համր կամ վերջույթ չունեն, նրանց համար դժվար կլինի այդ գործն անել» և այլ նմանատիպ պատճառաբանություններ են բերվել:
Ի՞նչ ցույց տվեց հետազոտության գենդերային բաղադրիչը
Աշխարհում կատարված տարբեր ուսումնասիրությունները ի հայտ են բերում այն փաստը, որ հաշմանդամություն ունեցող կանայք սովորաբար կրկնակի խտրականության են ենթարկվում: Այլ հարց է , որ սեռի հատկանիշով խտրականությունը միշտ չէ, որ գիտակցվում է: Վլադիմիր Օսիպովի դիտարկմամբ ` կանանց և տղամարդկանց համար խոչընդոտների առումով ի հայտ են եկել ընկալումների որոշակի տարբերություններ:
Օրինակ, հարցված 50 հաշմանդամություն ունեցող անձանցից 12-ն ասել են, թե չգիտեն` աշխատանքի ընդունվելիս հաշմանդամ կանայք են ավելի շատ մերժում ստանում, թե տղամարդիկ, իսկ 22-ը նշել են, որ սեռը դեր չի խաղում: 16-ը հավաստում են, որ կա գենդերային խտրականություն, ընդ որում նրանցից 8-ը, որպես խտրականության զոհ նշում են կանանց, 8-ը` տղամարդկանց: Ըստ զեկույցի հեղինակների ուշագրավ է, որ ամեն մի սեռ գտնում է, որ խտրականություն դրսևորվում է հենց իր սեռի նկատմամբ:
Ինչ վերաբերում է հարցված գործատուներին, ապա նրանցից շատերի կարծիքները հաշմանդամ անձանց նկատմամբ գենդերային խտրականության բացակայության առումով համընկնում են: Մասնավորապես` նրանք ասում են, որ չեն կարծում, որ սեռը որևէ նշանակություն ունի այս հարցում, կամ, ինչպես նշել է մի գործատու. «Տարբերությունը (գենդերային) ոչ իրեն զգացնել է տվել, ոչ էլ մենք այն տեսել ենք գործնականում»:
Գործատուներից մեկը նշել է, որ հասարակության ընկալումները զգալի դեր են խաղում այդ հարցում. «Կարծում եմ , մեր երկրում գենդերային սահմանափակումները խիստ ընդգծված են»: Մյուսն էլ նշել է, որ գերապատվությունը տրվում է տղամարդկանց և դա հասկանալի է, որովհետև նրանք լավ են աշխատում: Նրա կարծիքով. «Կինը ոչ բոլոր աշխատանքները կարող է կատարել նույնքան լավ, որքան տղամարդը, եթե անգամ այդ տղամարդը հաշմանդամություն ունի: Գործատուները ավելի հակված են տղամարդ աշխատակից վերցնելուն»:
Զբաղվածության տարածքային կենտրոններից ստացված տվյալները ցույց են տվել, որ հարցմանը նախորդած 12 ամիսների ընթացքում նրանք աշխատանքով ապահովել են հավասար թվով հաշմանդամություն ունեցող անձանց՝ 22 կին և 22 տղամարդ: Նույն պատկերն, իրենց ներկայացմամբ, նաև մարզերում է: Այս առումով, Զբաղվածության կենտրոնների աշխատակիցները չեն տարանջատում խոչընդոտները կանանց և տղամարդկանց պարագայում:
Զեկույցի հեղինակներն այնուամենայնիվ հարց են բարձրացնում` արդյո՞ք դա նշանակում է, որ գենդերային խտրականությունը բացակայում է և աշխատանքի տեղավորման հետ կապված խոչընդոտները հավասարապես են ազդում կանանց և տղամադրկանց պարագայում: Հազիվ թե, քանի որ բազմաթիվ ուսումնասիրություններ և նույնիսկ պաշտոնական վիճակագրական տվյալները ցույց են տալիս , որ Հայաստանի աշխատաշուկայում և զբաղվածության ոլորտում առկա է զգալի գենդերային անհավասարություն եւ հաշմանդամություն ունեցող մարդիկ այս առումով բացառություն չեն կազմում, փաստոմ են զեկույցի հեղինակները: Այսինքն, խնդիրը այս երեւույթի գիտակցման եւ ընկալման մակարդակում է. հասարակությունը ուղղակի չի նկատում խտրականության դրսեւորումները…
Էնզելա Մակարյան
Հետազոտության արդյունքներին կարելի է ծանոթանալ այստեղ.
Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունը հայաստանում. Կարիքներ եվ խոչընդոտներ.
Դիտումների քանակը` 4851