«Գենդեր» եզրույթի հետ կապված փոփոխությունները հետաձգվեցին. մանրամասներ քննարկումից

 

 

 

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հոտեմբերի 18-ին կայացած նիստում որոշում է կայացվել  մինչև մեկ տարի հետաձգել  «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին»   ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» կառավարության հեղինակած օրինագծի քննարկումը: Ակնկալվում է, որ այդ ընթացքում մասնագետների և փորձագետների խումբը կաշխատի օրինագծի վրա՝ խնդրահարույց դրույթները շտկելու նպատակով:

 

Հիշեցնենք, որ  փոփոխությունների նախագծով առաջարկվում էր գործող օրենքում հրաժարվել «գենդեր, գենդերային» եզրույթի սահմանումից,  ինչպես նաև «գենդերային հարաբերություններ» բառերը փոխարինել «կանանց և տղամարդկանց հավասար իրավունքները և հավասար հնարավորությունները» բառերով:

 

Ինչպես պարզաբանեց WomenNet.am-ի հետ զրույցում ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը,  մինչև մեկ տարի փոփոությունների օրինագծի հետաձգումը ամենևին էլ չի ենթադրում, որ դրա քննարկմանը կվերադառնան միայն մեկ տարուց, ոչ:

 

« Ողղակի կանոնակարգային ձևակերպումն է այդպիսին՝ նախագծի քննարկումը հեղինակի կողմից կարող է հետաձգվել միայն մեկ անգամ մինչև մեկ տարի ժամկետով: Իրականում քննարկումը կարող է  վերսկսվել  մեկ շաբաթից, մեկ ամսից կամ երեք ամսից, մի խոսքով այն  ժամանակ, երբ աշխատանքային խումբը կվերջացնի իր աշխատանքը և նախագիծն իր վերջնական տեսքը կստանա»,- հավելեց  ԱԺ հանձնաժողովի նախագահը:

 

Անդրադառնալով մեր այն  հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված հետաձգումը` Էլինար Վարդանյանն ասաց, որ դա  հեղինակի՝ այսինքն  կառավարության  առաջարկն է եղել:

 

«Ըստ հանձնաժողովի նիստին  հնչեցված  տեսակետի՝  օրինագծով նախատեսված «գենդեր, գենդերային»» եզրույթից հրաժարումը   այն դեպքում,  երբ  օրենքում մի շարք դրա հետ փոխկապակցված  հասկացություններ կան,   կարող է, ոչ այնքան տարակարծությունները փարատել, որքան , հակառակը,  թուլացնել օրենքը: Եվ նախագծի հեղինակ` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ի դեմս նախարար Արտեմ Ասատրյանի առաջարկում է  հետաձգել հարցի քննարկումը, ստեղծել աշխատանքային խումբ, որում ընդգրկված կլինեն  բոլոր շահագրգիռ կողմերը, այդ թվում  և նրանք, ովքեր դեմ են «գենդեր» եզրույթի օգտագործմանը»,- տեղեկացրեց Էլինար Վարդանյանը` ավելացնելով, որ աշխատանքային խմբում ներկայացված կլինեն  նաև իրենց  հանձնաժողովի  փորձագետները: Խմբի աշխատանքը միտված կլինի գտնել այնպիսի մի լուծում, որը ընդունելի կլինի բոլոր կողմերի համար.

 

Ի դեպ, հանձնաժողովի նիստն ընդլայնված ֆորմատով էր հրավիրվել,  բացի պատգամավորներից  մասնակցել են նաև փորձագետներ,  Կառավարության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի,  կանանց  ՀԿ-ների,  ինչպես նաև  «Համահայկական ծնողական կոմիտե» նախաձեռնության ներկայացուցիչներ: Հիշեցնենք, որ  վերջիններս իրենց հրապարակային ելույթներում պահանջում էին  առհասարակ  հետ կանչել «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» թիվ 57    օրենքը, «Հայաստանին  այն պետք չէ» հիմնավորմամբ:  Է.Վարդանյանից հետաքրքրվեցինք` այդ մասին բարձրաձայնվե՞լ է հանձնաժողովի նիստում.

 

«Ոչ, այդ մասին չի խոսվել: Երեկ ճշգրտվեց օրենքի ընդդիմախոսների  տեսակետը և վերջիններիս ներկայացուցիչը առաջարկեց ոչ թե հրաժարվել օրենքից, այլ հրաժարվել օրենքում առկա մի շարք ձևակերպումներից ու եզրույթներից»,- պարզաբանեց տկն. Վարդանյանը:

 

Ինչ վերաբերում է նիստի ընթացքին, ապա մասնակիցները անդրադարձել են օրինագծի վիճահարույց կետերին, ներկայացրել առաջարկներ և դիտողություններ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հիմնական զեկույցում հիշեցրեց, ր վերջին շրջանում մի շարք հասարակական կազմակերպությունների կողմից «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» թիվ 57 օրենքում օգտագործվող «գենդեր, գենդերային», «գենդերային հարաբերություններ» հասկացությունների տարաբնույթ ընկալումն ու դրանց վերաբերյալ տրված մեկնաբանությունները հասարակության կողմից օրենքի քննադատության պատճառ են դարձել:  Նա նշեց, որ իրենց կողմից  ներկայացված փոփոխությունների օրինագիծը  նպատակ ուներ թիվ 57 օրենքով ամրագրված ձևակերպումները զերծ պահելու հասարակական տարաբնույթ մեկնաբանություններից և տարընթերցումներից, սակայն քանի որ այժմ առկա են այն նույն խնդիրը լուծելու մի քանի նախաձեռնություններ ,  կառավարությունը նպատահարմար է գտնում լրացուցիչ քննարկել դրանք փորձագետների ներգրավվմամբ:

 

Անդրադառնալով օրենքի հիմքում  ընկած միջազգային փաստաթղթերին, նախարարը նշեց  «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան (Հայաստանը վավերացրել է 1993 թ.)  , ըստ որի պետությունը ստանձնել է  կանանց խտրականությունը բացառելու և  կանանց և տղամարդկանց հավասարությունն ապահովելու  պարտավորություններ: Ըստ այդմ, օրենքը  սահմանում է քաղաքական, սոցիալական, տնտեսական, մշակութային և հասարակական կյանքի այլ ոլորտներում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների ու հավասար հնարավորությունների ապահովման երաշխիքները և կարգավորում է դրանց առնչությամբ ծագող հարաբերությունները:

 

Հարց ու պատասխանի  ընթացքում մի քանի ուշագրավ փաստարկ հնչեց: Մասնավորապես նշվեց, որ  թեպետ 1979 թվականին ընդունված կոնվենցիայի տեքստում դեռ չկար   «գենդերային հավասարություն» եզրույթը, հետագայում՝ երբ այդ հասկացությունը  միջազգային պրակտիկա մտավ, այն արծարծվեց նաև  Հայաստանի պարբերական զեկույցների վերաբերյալ  Կոնվենցիայի կոմիտեի կողմից արվող բոլոր հանձնարարականներում: Ի դեպ, պարտավորություններ ենթադրող ՄԱԿ-ի փաստաթղթերի շրջանակից փորձագետները  հիշատակեցին նաև Պեկինի գործողությունների ծրագրը (1995 թ.) ու  «Հազարամյակի զարգացման նպատակները» (2000 թ.), որոնք նույնպես  ընկած են թիվ 57 օրենքի հիմքում և որոնցում ամարգրված  է «գենդերային հավասարություն» եզրույթը:

 

Ինչ վերաբերվում է վերջերս բազմիցս հիշատակվող 2006 թ. Ջոկյակարտայում (Ինդոնեզիա) միջազգային փորձագետների  կողմից  մշակված «Սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հետ կապված մարդու իրավունքների միջազգային-իրավական նորմերի կիրառման սկզբունքներին», ապա այդ սկզբունքները ՄԱԿ-ի  պաշտոնական փաստաթուղթ չեն հանդիսանում, հետևապես չեն կարող որևէ երկրի համար  «օրենքի  բացարձակ ուժ ունենալ, ինչպես դա պնդում են օրենքի ընդդիմախոսները:

 

Նշենք, որ Ջոկյակարտայի փաստաթղթի հետ կապված խառնաշփոթը դրանով չի սահմանափակվում: Օրենքի ընդդիմախոսները իրենց տեսակետները հիմնավորելու նպատակով  միտումնավոր փոխարինում են  «գենդեր» եզրույթը Ջոկյակարտայի փաստաթղթում արծարծված «գենդերային  ինքնություն»  եզրույթով, ինչը մասնագետների կարծիքով, իրավական տեսանկյունից  պատշաճ  չէ, հաշվի առնելով այն փաստը, որ «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքը չի  կարգավորում սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հետ կապված խնդիրները:

 

Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանը  նիստի ընթացքում իր ելույթում անդրադարձավ այն հանգամանքին, որ 2013 թ. մայիսի 20-ին  ընդունված  թիվ 57 օրենքը  հրապարակային քննարկումների երկար  ճանապարհ է անցել,  օրենքի վրա մասնագիտական լուրջ խումբ է աշխատել,  խորհրդարանական լսումներ են անցկացվել և այդ բաց քննարկումների   ընթացքում  տարակարծություններ և  անառողջ մեկնաբանություններ «գենդեր» տերմինի վերաբերյալ ի հայտ չեն եկել:   Այդ իսկ պատճառով  կանանց ՀԿ-ները իրենց իրավունք են վերապահում պնդելու, որ  օրենքում  ներկայացված տերմինները ճշգրիտ են   և դրանց փոփոխության  կարիքը չկա:  Այլ հարց է , որ   հասարակական կարծիքը ձևավորելու խնդիր կա:

 

« Սոցիալական ցանցերով ապատեղեկատվության  տարածման արդյունքում անհրաժեշտություն է առաջացել  հասարակական կարծիքում ճիշտ պատկերացումներ ձևավորել «գենդերի»,  «գենդերային քաղաքականության» և «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին»  օրենքի  կարևորության եւ իրական նպատակների  վերաբերյալ: Եվ որ ամենակարևորն է՝  տարակարծությունները բացառելու նպատակով բոլոր պատգամավորներին պետք է տրամադրվեն նյութեր «գենդեր» եզրույթի ՄԱԿ-ի պաշտոնական  ձևակերպումների վերաբերյալ», – նշեց Հասրաթյանը մեզ հետ զրույցում:

 

Նշենք, որ կանանց ՀԿ-ները որակում են  թիվ 57 օրենքի  դեմ   ծավալված  ապատեղեկատվական   գործընթացը  որպես կանանց իրավունքների նկատմամբ ոտնձգության փորձ: Իրենց դիրքորորշումը նրանք արտահայտել են  ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին ուղղված նամակում, որում մասնավորապես ասված  է.

 

«Ակնհայտ է, որ գենդերային տերմինների շուրջ արհեստականորեն պարտադրվող  բանավեճը  չի կարող կասկածի տակ դնել  պետության կողմից  որդեգրած գենդերային քաղաքականության  իմաստն ու բովանդակությունը: Այդ իսկ պատճառով տարընթերցումներից խուսափելու համար ավելի նպատակահարմար է ոչ թե հանել  «գենդեր, գենդերային» եզրույթներն օրենքի տեքստից, դրանով իսկ ամրապնդելով հասարակության մեջ սերմանված կասկածները,  այլ բացատրական աշխատանք տանել դրանց և առհասարակ պետության գենդերային քաղաքականության շուրջ»…

 

 

Էնզելա Մակարյան

 

 

 

 Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Փորձենք հասկանալ ինչի մասին է օրենքը / «Բանաձեւ» հաղորդում

 

Լարա Ահարոնյան. «Պետք էր ոչ թե հանել «գենդեր» տերմինը, այլ բացատրել դրա նշանակությունը…»

 

«Ինչու՞ են օրենքից ցանկանում հանել «գենդեր» բառը

 

 

Հին մանգաղը նոր «ժողովրդի հայրերի» ձեռքում

 

 «Ի՞նչ է նշանակում ՝ երբ Խաչիկ Ստամբոլցյանն ինձ բացատրեց, ես հասկացա որ»…

 

Ջեմմա Հասրաթյան. « Օրենքի սխալ ու աղավաղված ներկայացումը հանրությանը անընդունելի է »

 

Ո՞վ եւ ինչու՞ է ատելություն տարածում կանանց ՀԿ-ների նկատմամբ

 

Oրենքն անհրաժեշտ է ճիշտ մեկնաբանել և լուսաբանել…/ հարցում

 

Հանրային խորհրդի գենդերային և ժողովրդագրական հարցերի հանձնաժողովի հայտարարությունը

 

ՀԿ-ների հայտարարությունը՝ Կանանց ռեսուրսային կենտրոնի նկատմամբ սպառնալիքների առնչությամբ

 

ՀԿ-ները պահանջում են օրենքի նախագծի վերաբերյալ հանրային քննարկումների անհապաղ անցկացում

 

Ի՞նչ է առաջարկում եւ ի՞նչ է ակնկալում կառավարությունը

 

Ռուզաննա Մուրադյան. «Օրենքը բոլորովին էլ այլասերվածություն չի տարածում»

 

Այդ տղամարդիկ վախենում են «իրենց կնիկներից»…

 

Կարո՞ղ է արդյոք մեկ տերմինի շուրջ տարընթերցումը ողջ օրենքի վարկաբեկման հիմք հանդիսանալ

 

ՀՀ վարչապետ. «Օրենքի նպատակը հասարակական կյանքում կանանց դերի մեծացումն ու խթանումն է»

 

Ուրվականները վախից են ծնվում, ոչ թե սեքսից

 

Ֆիլարետ Բերիկյան. «Օրենքի սխալ մեկնաբանման վրա ծախսած գումարները լավ կանեին սոցիալական նպատակներով ծախսեին»

 

Դիտումների քանակը` 4482

Գլխավոր էջ