«Չբուժված ցավն օրինականացված խոշտանգում է»
Երեկ Երևանի կենտրոնում տեղադրվել էր խոշտանգման բազկաթոռ… Այն «Կյանքն առանց ցավի» քարոզարշավի շրջանակներում անցկացվող «Վերջ ցավին» ակցիայի խոորհրդանիշն էր հանդիսանում: Դասական երաժշտության հնչյունների ներքո միջոցառման կազմակերպիչներն անցորդներին առաջարկում էին մեկ րոպե կանգ առնել ու նստել խոշտանգման բազկաթոռին՝ զգալու այն ցավն , ինչ զգում են մահացու հիվանդության վերջին փուլում գտնվող հիվանդները, երբ նրանք չեն ցավազրկվում։ Ցանկացողներ չկային, սակայն մարդիկ ստորագրում էին այն նամակի տակ, որը կուղարկվի կառավարություն՝ պալիատիվ օգնության կարիք ունեցող հիվանդներին օգնելու պահանջով:
Ամեն օր Հայաստանում 3200-3600 անբուժելի հիվանդներ պալիատիվ օգնության կարիք ունեն: Ամեն տարի 27-28 հազար մահացողներից 16-17 հազարն ունեցել են պալիատիվ օգնության կարիք – այսպիսին է ուղիղ իմաստով դաժան վիճակագրությունը, չհաշված այն հոգեկան ապրումներն ու սթրեսը, որ ապրում են հիվանդների հարազատները՝ չկարողանալով գոնե մի փոքր թեթեվացնել իրենց մտերիմների տանջանքները:
Պալիատիվ բժշկության մեջ մտնում է երեք բնագավառ` հակացավային թերապիան, այսինքն` ցավի բուժումը, սիմպտոմատիկ թերապիան` ֆիզիկական սիմպտոմների դեմ պայքարը, եւ հոգեսոցիալական օգնությունը հիվանդին ու նրա ընտանիքին։ Հայաստանում, սակայն, պալիատիվ օգնության կարիք ունեցողները պետության կողմից անտեսված են: Ցավազրկողների հասանելիությունը պատշաճ մակարդակի վրա չէ:
Ինչպես բացատրեց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի պալիատիվ օգնության կենտրոնի ղեկավար, «Հայաստանի հակացավային և պոլիատիվ օգնության ասոցիացիա» հ/կ նախագահ Հրանտ Կարապետյանը , մտավախություն կա խորհրդային ժամանակներից եկած, որ այդ դեղամիջոցներից կօգտվեն նաեւ թմրամոլները: «Այդ մտավախություններն են, որ թույլ չեն տալիս, որ հիվանդների համար այդ դեղորայքը հասանելի լինի»,- ասաց նա:
Հրանտ Կարապետյանի խոսքով՝ քաղցկեղով հիվանդները Հայաստանում պալիտիվ օգնության կարիք ունեցողների ընդամենը 30-40 տոկոսն են կազմում, մնացածը ոչ քաղցկեղային հիվանդներն են: «Մարդիկ կան, որ ողնաշարային շատ լուրջ պրոբլեմներ ունեն, ուժեղ ցավեր ունեն, բայց նրանց համար հասանելի չեն ցավազրկողները: Եթե մարդն ունի ցավեր և չի ցավազրկվում, դա արդեն անձի խոշտանգում է»,- ասում է մասնագետը:
Նույն կարծիքն արտահայտեց «Բաց հասարակության հիմնադրամի» Հանրային առողջապահության ծրագրի համակարգող Անահիտ Պապկիյան: «Մարդիկ շատ մեծ դժվարությամբ են ձեռք բերում մորֆին, քանի որ պոլիկլինիկաներում կան հանձնաժողովներ, որոնք խոչընդոտում են, որ բժիշկները դուրս գրեն այդ ցավազրկող միջոցը : Չկա լիարժեք օրենսդրական դաշտ, որը պաշտպանում է դրա կարիքն ունեցող հիվանդների իրավունքները: Կարծիք կա, որ մորֆին օգտագործելով՝ մարդիկ կախվածություն ձեռք կբերեն, բայց ծանր հիվանդների դեպքում դա միֆ է»,- ասաց նա, նշելով, որ իրենց նպատակն է ցավը կանխող դեղորայքը հասանելի եւ անվճար դարձնել:
«Վանատուն» հիմնադրամը նախաձեռնել է դրամահավաք՝ Հայաստանում Պալիատիվ օգնության հանրապետական կենտրոն կառուցման համար: Որոշել են չսպասել, որ կառավարությունը ֆինանսներ տրամադրի: Հրանտ Կարապետյանի տեղեկացմամբ՝ կառավարությունում ասում են, որ 2015 թվականին միայն կկարողանան պետպատվեր տեղադրել պալիատիվ օգնության կարիք ունեցող հիվանդների համար, եւ դա այն դեպքում, որ տարեկան 100 հազար քաղաքացիներ նման օգնության կարիք ունեն: Կենտրոնի կառուցման համար 2 մլն դոլար է անհրաժեշտ, որը պետք է հավաքվի առաջիկա մեկ տարվա ընթացքում: Դրամահավաքը անցկացվելու է Հայաստանում և Սփյուռքում:
Միջոցառման նախաձեռնողների թվում էին՝ Բաց հասարակություն-Հայաստան հիմնադրամը, մի շարք հասարակական կազմակերպություններ ու անհատներ: Ակցիային միացել էին նաեւ բժիշկները:
Դիտումների քանակը` 4270