Ֆինանսական աջակցություն կցուցաբերվի կին ձեռներեցներին

 

 «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի կողմից Փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության տարեկան ծրագրերի շրջանակներում ֆինանսական աջակցություն կցուցաբերվի 300 գործող և սկսնակ ՓՄՁ սուբյեկտների, որոնց առնվազն 50 տոկոսը պետք է պատկանի կամ կառավարվի կանանց կողմից:

 

Այս մասին համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարությունը` հաստատելով «ՀՀ 2013 թվականի պետական բյուջեում և ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի  20-ի որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառա­վա­րու­թյան որոշման նախագիծը: Ինչպես նշեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը, որոշման   ընդունումը պայմանավորված է Կանանց ձեռներեցությանն աջակցության հատվածի զարգացման ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարության և Ասիական Զարգացման Բանկի միջև կնքված վարկային համաձայնագրով ստանձնված պարտավորությունների կատարման անհրաժեշտությամբ:

 

 

Նշվեց, որ փոքր և միջին ձեռնարկատիրությունը պետական աջակցության տարեկան  ծրագրերի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից իրականացվում են գործող և սկսնակ ՓՄՁ-ի սուբ­յեկտ­նե­րի ֆինանսական աջակցության ծրագրեր: Ֆինանսական աջակցությունն իրականացվում է վարկային երաշխիքների տրամադրման միջոցով երաշխիքային դրամագլխի հաշվին, որը ձևավորվել է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ում 2004-2013 թթ. ընթացքում  ՀՀ պետական բյուջեից և միջազգային դոնոր կազմակերպություններից ներգրավված ֆինանսական միջոցներից: 2004-2013 թթ. ընթացքում նշված ծրագրերի շրջանակներում ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել համապատասխանաբար 428 և 454 գործող և սկսնակ ՓՄՁ սուբյեկտների:

 

 

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ տնտեսական աճը խթանելու համար աննախադեպ ծավալի ֆինանսական միջոցներ են տրամադրվում Կենտրոնական բանկին և առևտրային բանկերին: «Սա նշանակում է, որ բիզնես հատվածն այդ մասին պետք է իմանա, որպեսզի բիզնես ծրագրեր մշակի և ներկայացնի  և օգտվի այդ վարկային ծրագրերից»,-ասաց նա:

 

 

Ծրագրի ընդհանուր արժեքը 20 մլն դոլար է: Կ.Մինասյանը տեղեկացրեց, որ ծրագրի շրջանակներում կին ձեռներեցների համար  անցկացվում են սեմինարներ, դասընթացներ: Ապրիլից  մեկնարկած ծրագրին արդեն իսկ 100 կին ձեռնարկատեր է մասնացկում:

 

Ա.Հակոբյան

Դիտումների քանակը` 3235

Գլխավոր էջ