Նոբելյան մրցանակը գրականության ոլորտում ստացավ Էլիս Մունրոն
Գրականության նոբելյան մրցանակն այս տարի շնորհվել է կանադացի գրող, 82-ամյա Էլիս Մունրոյին՝ «ժամանակակից պատմվածքի վարպետին» ձևակերպմամբ:
Մունրոն 13-րդ կին գրողն է, որ արժանանում է Նոբելյան մրցանակի: Այդ մրցանակին, ընդհանուր առմամբ, արժանացել է 110 գրող:
Էլիս Մունրոն ծնվել է 1931-ին` Օնտարիոյում: Գրողի առաջին ժողովածուն` «Dance of the Happy Shades»-ը, հրատարակվել է 1968-ին, որն արժանացել է կանադական ամենահեղինակավոր մրցանակներից մեկին:
Ի դեպ, Yerkir.am կայքը ներկայացրել է Մունրոյի «Ձմեռային քամի» պատմվածքը` «Համազգային» հայ կրթական-մշակութային հիմնադրամի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանի թարգմանությամբ:
Ձմեռային քամի
Տատիկիս ննջարանի պատուհանից, երկաթգծից էլ այն կողմ, երևում էր Վավանաշ գետը, որը եղեգնուտի մեջ մխրճվելով ու մոլորվելով՝ իր ճամփան էր հարթում։
Հիմա ամեն ինչ սառած էր, ձյան վրա հետք անգամ չկար։ Բայց նույնիսկ փոթորկոտ օրերին, ճիշտ ընթրիքից առաջ ամպերը նահանջում էին, ու սկսվում էր բոսորագույն մայրամուտը։ «Իսկական Սիրիր է,- տհաճությամբ ասում էր տատիկս,-ասես ամայության եզրին ապրենք»։ Իրականում ոչ մի ամայություն էլ չկար, շուրջն ամենուր ագարակներ էին, բանջարանոցներ, բայց ձյունը նույնիսկ ցանկապատներն էր առել իր տակ։
Փոթորիկն սկսվեց կեսօրին։ Մենք քիմիայի դասին էինք ու սպասում էինք նրա ահագնանալուն։ Մեր կարծիքով այն ավերիչ էր լինելու, ծածկելու էր բոլոր ճանապարհներն ու անցուղիները, հետո լցվելու էր մեր դպրոցի միջանցքները։ Ես պատկերացնում էի, թե ինչպես էր տանջվելով, մոմի ուժեղ լույսի տակ, ի հեճուկս քամու ոռնոցին՝ մարտական երգ երգելով ինձ փրկում միսթր Հարմերը։ Նա մեր ուսուցիչներից էր, և ես հաճախ էի փորձում միջանցքում որսալ նրա հայացքը։ Սկզբում նրա գրկում բարեկամաբար տաքուկ ու ապահով կլիներ, իսկ հետո, երբ մոմերը հանգած կլինեին, ամեն ինչ ավելի թրթռուն ու մտերմիկ կդառնար։ Բայց դեպքերն այդքան հեռու չգնացին։ Մեզ շուտ թողեցին, և կեսօրին դպրոցական ավտոբուսները՝ վառելով լույսերը, ճամփա ընկան։ Սովորաբար Վայթչրչի ավտոբուսով գնում էի մինչև քաղաքի արևմտյան արվարձանի առաջին շրջադարձը, իսկ հետո այնտեղից երեք քառորդ մղոն քայլում էի դեպի մեր տուն, որ անտառապուրակի եզրին էր։ Այդ օրը որոշեցի մնալ գյուղում, տատիկիս տանը։ Ձմռանը երկու-երեք անգամ էի մնացել այնտեղ։
Այդ տան միջանցքն ամբողջովին փայտից էր. փայլում էր, բուրում, ողորկ էր ու պսպղուն՝ ասես ընկույզի խեցի լիներ։ Ճաշասենյակում դեղին լամպ էր վառվում։
Ծածկոցը չկեղտոտելա համար մորաքույր Մադջը թերթ փռեց, ու ես նստեցի դասերս պատրաստելու, մի բան, որ մեր տանը ոչ մեկին չէր հետաքրքրում, նախ՝ որովհետև տեղ չունեի, հետո՝ ժամանակ։ Մորաքույր Մադջն իմ մեծ մորաքույրն էր՝ տատիկիս քույրը, նրանք երկուսն էլ այրի էին։
Մորաքույր Մադջն արդուկում էր (նրանք արդուկում էին ամեն ինչ՝ ներքնաշորերից մինչև ամանբռնիչները), իսկ տատիկն ընթրիքի համար գազարի փուդինգ էր պատրաստում։ Համով հոտ էր գալիս։ Այս ամենը համեմատում էի մեր տան հետ։ Այնտեղ միակ տաք տեղը խոհանոցն էր, ուր փայտե վառարան ունեինք։ Եղբայրս բերում էր փայտն ու ձյան ցեխոտ հետքերը թողնում լինոլեումի վրա։ Ես հայհոյում էի, բղավում վրան։ Ամենուր կեղտ էր ու իրարանցում։ Մայրս պառկում էր թախտին ու փնթփնթում։ Ես առիթը բաց չէի թողնում, հակառակվում էի, իսկ նա ասում էր, որ իրեն կհասկանամ, երբ ինքս երեխաներ ունենամ։ Այդ ժամանակ մենք ձու էինք վաճառում, և ամենուր հարդով, հավի փետուրներով ու ծերտով լի ձվի զամբյուղներ էին, որ պիտի մաքրվեին։ Ես մտածում էի, որ հավաբնի հոտը մեր կոշիկների ու շորերի հետ է տուն մտնում, և դրանից ազատվելու միջոց չկա։
Պատմվածքը ամբողջությամբ կարդացեք Yerkir.am կայքում:
Դիտումների քանակը` 4497