Գտի’ր, ապրելու քո բանաձևը…
Շաբաթվա այդ օրերին , չնայած ուշ ժամին, տիկին Արմինեն սրտի թրթիռով է մոտենում ռադիոընդունիչին, որ փոքր- ինչ բարձրացնի ձայնը: Հետո ամուր սեղմում է ձեռքի ափերը ու կարծես, մի աղոթք, 15 րոպե գամված, մեկ ամբողջ շնչով լսում իր Արմենի մասին… Իրականում, իր որդու մասին պատմել էին տարիներ առաջ, բայց այդ օրվանից «Ապրելու բանաձև» հաղորդումը օգնում է նրան անէացնել, գոնե մի քանի րոպեով, մենակության զգացողությունը… Տիկին Արմինեն մեկն է այն հարյուրներից, որոնց հուզում, բայց և հուսադրում, ապրելու մեծ հավատ է տալիս ոչ միայն իր Արմենի, այլ Նունեի, Աշոտի, Հեղինեի ու էլի շատ քաջերի ընտրած ապրելու բանաձևը:
Այդ հույսը անշեջ պահում ու արդեն ինը տարի մի մեծ ու անգնահատելի աշխատանք է կատարում հերոսի մայր, իր որդուն Արցախյան հերոսամարտին տված մի կին, ով անսպառ նվիրումով մեկ առ մեկ թերթում է արցախյան հերոսամարտի էջեր: 850 կյանք, 850 հերոսների ճակատագրեր, որոնք վերհանում է Հանրային Ռադիոյի «Ապրելու բանաձև» հաղորդաշարի հեղինակ` Գոհար Մարտիկյանը:
Տարիներ առաջ ` հունվարի 31-ին, Քարվաճառի բարձունքներից մեկում իր գնդի մարտիկների կյանքը փրկելու համար զոհված Աշոտ Չախոյանի սխրանքն է պարտավորեցրել նրա մորը ՝ Գոհար Մարտիկյանին, ստեղծելու այս հաղորդաշարը:
– Այն կյանքը, որ նա նվիրաբերեց ծնողներին, շրջապատին, ուսուցիչներին, բոլորին, ինքնայրումով ապրելու մի որակ էր, տեսակ, որը ուրիշ կերպ անհնար էր վերնագրել: Դա նրա ապրելու բանաձևն էր: Ծնված առաջին օրվանից մինչև վերջին պահը Աշոտը այդպես է ապրել եւ հաղորդաշարի առաջին հերոսը որդիս էր: Եվ այն բոլոր տղաները և աղջիկները, որոնց մասին շարունակեց պատմել այն եւ որոնք պատրաստ են եղել իրենց կյանքը զոհաբերել հանուն հայրենիքի, նրանք նույնպես ունեցել են ապրելու իրենց բանաձևը:
Նրանք մտածել են ոչ թե վերցնելու, այլ` տալու մասին: Սա այն գաղափարախոսությունն է, որը որպես պատգամ փորձում եմ փոխանցել երիտասարդ սերնդին, հատկապես նրանց, ովքեր մշտապես պահանջատիրոջ իրավունքով են հանդես գալիս, բայց մոռանում են, որ պահանջից առաջ, նրանք ունեն նաև պարտականություններ:
Ես չեմ թաքցնում. այն սխրանքը, որ գործել է իմ որդին, շատ ավելիին է արժանի, բայց այդ մասին չեմ խոսում, պետությունը փնովելով չի կառուցվում, այլ շենացնելով ու աշխատելով: Եթե դու ամեն ոչ տաշված քարը շարված պատի տակից հանես` տաշելու փոխարեն, դու կփլես այն պատը, որով կանգուն է պետությունը: Ի վերջո, «ապրելու բանաձև» չի նշանակում` ապրել զոհվելու համար, այլ ապրել` պահպանելու համար:
Գոհար Մարտիկյանի հաղորդաշարի հերոսների շարքում են նաև կին ազատամարտիկները, նա հիշատակում է նրանց անուն առ անուն… Հեղինե Բդոյան, Նարինե Սահակյան, Նունե Աբրահամյան…
– Այնքան հերոսական են այդ կանաց կերպարները: Ես ոչ մի կերպ չեմ կարող զատել նրանց սխրանքը, տղամարդկանց գործած սխրանքից: Կրել են նույն տառապանքը, զրկանքը, ցուրտը, այն ամենը, ինչ եղել է ռազմի դաշտում: Դրան զուգակցած նաև այն, որ կռվելով` վերքեր են բուժել, կրակների տակից մարդկանց են փրկել ու վիրակապել:
Հեղինեն , նրա խոսքերով, 16 տարեկանից մտել է մարտի դաշտ, կռվել: Ապրել է Նորքում, մի շատ սովորական ընտանիքում, խորհրդային տարիների աղջնակի կյանքով է ապրել: Բայց այն պահին, երբ նրա կարիքն ունեին, կամավորներ էին պետք, ծնողներից թաքուն, գնացել է, դարձել` կամավոր և զոհվել մարտի դաշտում: Հետմահու պարգևատրվել է Մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանով:
Տիկին Գոհարը մի դրվագ է հիշում, երբ Հեղինեի տանը զրուցելիս են լինում, ներս է մտնում Հեղինեի եղբոր աղջիկը, ով հորաքրոջ անունն է կրում: Մայրիկի բարձրակրունկ կոշիկները հագին, մոտենում է պատին փաքցված հորաքրոջ նկարին.
– Մոտեցավ նկարին ու երկար-երկար նայեց մարտական խաչին, նա չէր հասկանում, թե ինչի մասին ենք խոսում, բայց գիտեր, որ հորաքրոջ մասին ենք խոսում: Մայրիկի կոշիկները հագնելով, կարծես, ասեր` ես էլ եմ մեծանալու… Այդ պահը մի երդման արարողության էր նման:
Հաղորդաշարի հերոսներից է և Նարինե Սահակյանը, ով իր զավակին թողնելով մոր խնամքին, մեկնել է ռազմաճակատ: Նունե Աբրահամյանը Հայաստանի նետաձգության չեմպիոնուհի, ով ոչ միայն բուժքույր, այլև` նշանառու է եղել :
Այսօր «Ապրելու բանաձևը» ոչ միայն ռադիոունկնդիրների կողմից սիրված եւ գնահատված հաղորդաշար է, որ շաբաթը չորս անգամ եթերում է: Նա վաղուց արդեն վերածվել է նույնանուն գրքի: Այն քառահատոր մի մատենաշար է, հերոսավեպ, պատմության յուրօրինակ դասագիրք, որտեղ ամենայն մանրամասնությամբ նկարագրված են իրադարձությունները, մարտական գործողությունները եւ առաջին հերթին մարդիկ, որոնք կերտում էին այդ պատմությունը:
Յուրաքանչյուր փաստ տիկին Գոհարը ճշտում է ամենայն բծախնդրությամբ` մարտական ընկերներից, եթե հարկ է լինում անգամ զանգահարում է ԼՂՀ` սահմանային գիծ` օրը, վայրը, ժամը, զոհվելու պարագան ճշտելու համար: Գոհար Մարտիկյանը նշում է, որ պատրաստ են ևս 3 հատորներ, որոնք դեռեւս չեն տպագրվում` ֆիանասավորման բացակայության պատճառով:
– Ինձ թվում է, եթե զբաղվեմ տպագրության համար ֆինասներ հայթայթելով, հնարավոր է ` կորցնեմ այդ ընթացքում որեւէ մի հերոսի ու երևի տխուր ինչ-որ հայացք զգամ վերևից ու … Դրա համար էլ, խնայելով ժամանակս միայն աշխատում եմ, կգրեմ այնքան, որքան Աստված ինձ կյանք է պարգևել: Արդեն գրեթե ավարտել եմ Երևանը, կերպարներ ունեմ նաև Արցախից: Եթե անգամ ես չհասցնեմ տպագրել, վստահ եմ`տպագրվելու են, քանի որ դրանք բոլորն էլ ամենահերոսական, ամենանվիրական սխրանքի օրինակներ են:
Ամեն անգամ մի զոհված հերոսի մասին գրելիս, նայում եմ տղայիս լուսանկարին ու ասում՝ կներես, ես դեռ քո մասին շատ-շատ բան ունեմ ասելու, բայց դեռ ժամանակ չունեմ շարունակելու: Բայց գիտես որդիս, նրանք էլ են արժանի դրան… Եվ այսպես չեմ հասցնում տրտմել, պահանջել, պահանջս դարձնել իրագործված … Գտել եմ ապրելու իմ բանաձևը, դա նվիրումն է Արցախյան պատերազմի պատմությանը: 20-րդ դարավերջը համարում եմ հայոց պատմության ոսկեդար և ջանում եմ վերհանել նրա բոլոր էջերը …
Զրուցեց ԼԻԼԻԹ ՔՈՉԻՆՅԱՆԸ
Դիտումների քանակը` 6553