Գարիկ Հայրապետյան. «Սելեկտիվ աբորտների հիմքում՝ գենդերային անհավասարությունն է»

 

Արդյո՞ք գենդերային անհավասարության հետեւանք  չեն  նաև  պտղի սեռով պայմանավորված՝ հղիության արհեստական ընդհատման դեպքերի մտահոգող ծավալները, և իրավիճակն ինչպիսի՞ն է Հարավային Կովկասի տարածաշրջանում – երեկ  ԵԱՀԿ գրասենյակում հրավիրված ասուլիսի  ընթացքում լրագրողների  կողմից հնչեցված այս հարցին  պատասխանեց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:

 

Նա  պարզաբանեց, որ Հայաստանում սեռով պայմանավորված աբորտների վերաբերյալ վերջին երկու տարիներին իրականացված հետազոտությունները թույլ են տալիս  որոշակի եզրահանգումներ անել այդ խնդրի վերաբերյալ: Այսպես, 2012թ. տվյալներով՝ միջին ցուցանիշը եղել է 114 տղա – 100 աղջիկ հարաբերակցությունը, և այդ ցուցանիշով Հայաստանը գտնվում է աշխարհում երրորդ տեղում՝  Չինաստանից և Ադրբեջանից հետո:

 

«Ունենք նաեւ  մարզային կտրվածքով տվյալներ, ըստ որոնց  Հայաստանի որոշ մարզերը՝ Գեղարքունիքը և Արագածոտնը իրենց  124 տղա-100 աղջիկ հարաբերակցությամբ  աշխարհում ամենաբարձր ցուցանիշն են: Ի դեպ հետաքրքիր դիտարկում, այդ մարզերում  ամենամեծ միգրացիոն հոսքերն են: Ընդհանուր առմամբ, Հայաստանում արու զավակ ունենալու ցանկությունը միջին հաշվով մեծ է վեց անգամ՝ 10 անգամ՝ շրջաններում, չորս անգամ՝ Երևանում:

 

Ինչ վերաբերում է տարածաշրջանին, ապա ըստ տվյալների՝ Ադրբեջանը՝ 116, Հայատանը՝ 114, Վրաստանը՝ 113. Այսինքն բոլորս համարյա նույն նավակի մեջ են: Փորձում ենք համատեղ աշխատել այս երկու երկրների հետ, փորձելով տեսնել, թե այս երկրների համար, որքանով են տարբեր կամ նման պատճառներն ու հետևանքները: Հիմա փորձում ենք քաղաքականություն մշակել, որ  այս խնդիրը փորձենք մեղմել», – նշեց բանախոսը, ընդգծելով, որ հակառակ դեպքում մտահոգիչ պատկերը պահպանվելու է, իսկ դա  վերջին հետազոտությունների կանխատեսումների համաձայն նշանակում է, որ  մինչև 2060 թ. չի ծնվելու 93 հազար ապագա մայր ՝ հղիության արհեստական ընդհատման պատճառով», – նշեց  Հայրապետյանը:

 

 

Այս երեւույթի հիմքում, ըստ Գարիկ Հայրապետյանի, գենդերային անհավասարությունն է. հենց այդ անհավասար կարծրատիպային վերաբերմունքի պատճառով ենք   մենք զրկում աղջիկ պտղին ապրելու իրավունքից: Եվ միայն  կնոջ արժեքն ու դերը  հասարակության մեջ բարձրացնելով կարելի պայքարել  դրա դեմ:

 

 

«Այս առումով, «Կանանց ու տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքն ուղղակիորեն կապ ունի պտղի սեռով պայմանավորված աբորտների հետ: Ավելի պատկերավոր, որ լինի իրական օրինակ բերեմ.  բժիշկներից մեկը պատմեց, որ գալիս հարցնում են՝ հը՞, տղայա՞: Ասում է՝ տղա չի, հարցնում են՝ բա ի՞նչ ա: Տանձի պոչ ա՞ … Ծնողները մտածում են, որ աղջիկներն ի վիճակի չեն լինի իրենց պահել, երբ մեծահասակ դառնան, դրա համար էլ ուզում են տղա ունենալ, որ իրենց պահեն… », – նշեց բանախոսը, համաձայնվելով այն տեսակետի հետ,  որ իրականում հաճախ հակառակն է ստացվում՝  հենց աղջիկներն են  խնամում  ծեր ծնողներին :

 

 

Անդրաառնալով  «գենդեր» եզրույթի թյուրըմբռնմանը  Հայրապետյանը  նկատեց.  «Շատ միակողմանիորեն է լուսաբանվում ու ես ուզում եմ միանշանակորեն ասել, որ այն եզրույթը, որը օգտագործում են օրենքի ընդդիմախոս  կազմակերպությունները, ոչ մի կապ չունի, որևէ միջազգային կազմակերպության կողմից ամրագրված «գենդեր»-ի սահմանման հետ: ՄԱԿ-ը շուտով կհրապարակի բոլոր իր  պաշտոնական սահմանումները և կտեսնեք, որ այդ   եզրույթի իմաստը միտումնավոր խեղաթյուրվում է…»

 

Կարդացեք ասուլիսի մասին մեր կայքում.

 

Ջյուն Զեյթլին. «Գենդեր» տերմինի միտումնավոր աղավաղումները պետք է վիճարկվեն…»

 

Ջեմմա Հասրաթյան. «Եթե այս օրենքը վտանգ ներկայացներ մեր ընտանիքների համար, առաջինը ես դեմ կլինեի դրան»

 

Դիտումների քանակը` 6710

Գլխավոր էջ