«Նշված ծառայողի լիազորությունները դադարեցվել են», պարզաբանում է ոստիկանությունը
Հայաստանի ոստիկանությունն արձագանքել է Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Աննա Սաֆարյանի հայտարարությանը՝ պարզաբանում տարածելով:
«ՄԻՊ խորհրդական Աննա Սաֆարյանը հայտարարություն է տարածել Կոմիտասի պողոտայում «լրագրողների տեսախցիկի ֆիքսած» դրվագի վերաբերյալ, երբ, ըստ իրեն՝ ոստիկանը «թիկունքից փաթաթվել» ու համբուրել է «քաղաքացիական պայքարի մասնակցող կնոջ» պարանոցը: Խորհրդականի եզրահանգումը միանշանակ է՝ «Նման երեւույթը կարող է ակնհայտորեն բնորոշվել որպես սեռական ոտնձգություն՝ հետագա իրավական հետեւանքներով: Պահանջում ենք…» եւ այլն, եւ այլն:
Երբ քաղաքացիներն են շտապում կարծիք հայտնել այս կամ այն երեւույթի վերաբերյալ, ինչ-որ տեղ հասկանալի է, բայց երբ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի պես հեղինակավոր կառույցի ներկայացուցիչն է հապճեպ գնահատական տալիս ու կանխակալ վերաբերմունք արտահայտում, մտահոգիչ է:
Խորհրդականի հայտարարությունից երկու օր առաջ արդեն իսկ տեղեկացրել էինք, որ տեսագրությունն ուսումնասիրվում է: Ոստիկանության պետի ցուցումով՝ ոստիկանության հիշյալ ծառայողի լիազորությունները դադարեցվել են: Եզրակացությունները կկատարվեն լիարժեք եւ ամբողջական ուսումնասիրությունների հիման վրա:
Ոստիկանությունը մեկ անգամ եւս հիշեցնում է, որ հավատարիմ է իր ռազմավարությանը. ոստիկանության ծառայողի ցանկացած գործողություն, որ դուրս է իր լիազորությունների շրջանակներից, կարժանանա համարժեք գնահատականի»,- ասվում է ոստիկանության պարզաբանման մեջ:
Կարդացեք այս թեմայի շուրջ մեր կայքում.
«Իրականում ոստիկանությունը պետք է պաշտպանի թե կանանց, թե տղամարդկանց»… / լրացված
Դիտումների քանակը` 3365