Ահաբեկչության կոչեր Կանանց ռեսուրսային կենտրոնի հանդեպ

 

Համացանցում վերջին օրերին Կանանց ռեսուրսային կենտրոն հասարակական կազմակերպությանն ուղղված սպառնալիքներ են հայտնվել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կենտրոնի տնօրեն Լալա Ահարոնյանը նշեց, որ իրենք արդեն դիմել են ոստիկանություն` իրենց անվտանգությունն ապահովելու խնդրով: 

 

«Մեզ հասցեագրված սպառնալիքներն ամենատարբեր բնույթի էին, սակայն հատկապես կցանկանայի շեշտել մեկը` այն, որ կազմակերպությունը պիտի պայթեցնեն և այլն: Մենք լուրջ ենք վերաբերվում այդ սպառնալիքին և ոստիկանությանը խնդրել ենք հետևել դրանց սոցիալական ցանցերում, որովհետև սա ահաբեկչական կոչ է կազմակերպության հանդեպ»,- ասաց նա: Ահարոնյանին մտահոգում է նաև այն, որ իրենց կազմակերպությունը գտնվում է բնակելի շենքում, որտեղ կարող է վտանգ սպառնալ թե քաղաքացիներին, թե այն մարդկանց, ովքեր հաճախում են իրենց կազմակերպություն:

 

Հարցին, թե կարող են գոնե ենթադրել` ովքեր են սպառնալիքների հեղինակները, Ահարոնյանը պատասխանեց, որ իրենք որոշ մարդկանց արդեն առանձնացրել են: «Նախկինում մեր հասցեին ուղղված վիրավորանքներ են եղել, որոնց այդքան կարևորություն չէինք տալիս, հասկանում էինք, որ կարող են պատվիրված լինել, և չէինք ուզում ուշադրություն դարձնել, բայց այս վերջին երկու-երեք օրերին արդեն հստակ սպառնալիքներ ենք ստանում, այդ իսկ պատճառով մտածեցինք` ճիշտ կլինի դիմել համապատասխան մարմիններին»,- ասաց նա:

Կենտրոնի տնօրենը ենթադրում է, որ վերջերս օրակարգում հայտնված գենդերային հավասարության օրենքի հետևանքով ակտիվացել են որոշ խմբակներ, որոնք թիրախ են վերցրել կանանց կազմակերպությունները, ոչ միայն Կանանց ռեսուրսային կենտրոնը: Սպառնալիքները մեծ մասամբ հասցեագրված են կազմակերպությանը, սակայն երբեմն հասցեավորվում են նաև անհատները, նրանց թվում է և ինքը` տնօրենը: Նման ագրեսիվ գործողությունների պատճառներից մեկն, ըստ Ահարոնյանի, իրենց կազմակերպությունը սխալ ներկայացնելն է` իբր իրենք միասեռականության պրոպագանդա են անում: Դրա հետևանքով հասարակության մեջ խուճապ են արթնացնում ու որոշ զանգվածներ օգտվում են առիթից:

 

Տնօրենի խոսքով` Գենդերի մասին օրենքը կարող է պարզապես առիթ լինել, մինչդեռ նման ագրեսիայի պատճառներն այլ են, գուցե ավելի խորքային: Նման կասկածի հիմք է տալիս այն, որ սպառնալիքները մեծ մասամբ ռուսերենով են, ռուսական կայքերից են մեջբերումներ արվում, ուստի Ահարոնյանը կարծում է, որ այս ամենն ավելի քաղաքական հիմքեր ունի, թեև հստակ ոչինչ չի կարող ասել:

 

Աղբյուրը՝  1in.am Armenian News & Analyses

Դիտումների քանակը` 3647

Գլխավոր էջ