Երբ տղամարդիկ ստորագրում են, որ կանայք հզորանան / վիդեո
Հուշագրի տակ, որը պիտի նպաստի Լոռու մարզում կանանց սոցիալ-տնտեսական հզորացմանը, դրվեց 13 տղամարդու եւ ընդամենը մեկ կնոջ ստորագրություն: Այդ կինն էլ «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի» նախագահն է , – հաղորդում է Ա1 պլյուս կայքի թղթակիցը, ով ներկա է գտնվել Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի սկիզբը ազդարարող հուշագրի ստորագրմանը: Հուշագիրը ստորագրեցին օգոստոսի 2-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզի ութ քաղաքապետերը եւ չորս ամենամեծ գյուղերի ղեկավարները:
Ծրագիրը իրականացվելու է «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ CISP կազմակերպության , Լոռու մարզպետարանի և Վանաձորի քաղաքապետարանի հետ գործընկերությամբ:
Լոռու մարզի 113 համայնքներից վեցի ղեկավարը կին է: Նրանց ղեկավարած գյուղերը համեմատաբար փոքր են: Շնողի գյուղապետ Հովիկ Սահակյանը ուրախ կլինի, որ իր ղեկավարած համայնքում կանայք հասարակական ակտիվություն ցուցաբերեն: Մանավանդ որ արտագաղթի հետեւանքով գյուղում մնացել են հիմնականում կանայք: Այս գյուղի դպրոցում ուսուցչական մեծամասնությունը կին է, սակայն տնօրենը տղամարդ է: Պարոն Սահակյանի կարծիքով՝ գյուղական համայնքներում կանանց հասարակական -քաղաքական պասիվությունը մեր ազգային մենթալիտետից է գալիս, երբ կանայք ավելի ընտանեկան հոգսերով են զբաղված:
«Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի» նախագահ Լիլիթ Ասատրյանն այլ տեսակետ ունի. կանայք ՀՀ-ում ավելի քիչ են պաշտոններ զբաղեցնում, քանի որ տնտեսապես անկախ չեն:
Այս ծրագրով լոռեցի կանանց համար կազմակերպվելու են տարբեր դասընթացներ, ինչպես նաեւ տրամադրվելու է ֆինանսական աջակցություն ձեռնարկատիրական ծրագրերի իրականացման համար:
Լիլիթ Ասատրյանն ասում է, որ ծրագրեր կարող են ներկայացնել ոչ միայն հուշագիրը ստորագրած համայնքների կանայք: Հավանության կարժանան հատկապես արդյունաբերական ծրագրերը:
ԵՄ այս եռամյա ծրագրի ընդհանուր բյուջեն 768.357,95 եվրո է: Ծրագրի տևողությունն է 3 տարի` 2013թ. մայիսից մինչև 2016թ. մայիսը:
Աղբյուրը՝ A1Plus.am
Դիտումների քանակը` 5146