Իսկ ի՞նչ եմ արել, որ ինձ ներում եք…

Փոքրիկ քաղաքում նրա հանդեպ վերաբերմունքը միանշանակ չէ: Նրան կամ արհամարհում են կամ խղճում կամ էլ քննադատում-մեղադրում: Տարիներ առաջ նրա հետ կատարվածը ցնցեց ամբողջ քաղաքը, շատերը հուզվեցին, շատերը բարկացան, մեղադրեցին, սակայն հասկանալ՝ գրեթե ոչ ոք չէր ցանկանում:

 

Գայանեն ու Հրաչն ամուսնացան1993-ին: Երկրում պատերազմ էր սով, խավար:            Գործարանը, որտեղ աշխատում էր Հրաչը, փակվել էր: Հիվանդանոցի բուժքույր Գայանեի աշխատավարձն ամիսներով ուշացնում էին: Տանը նեղվածք էր: Մի հարկի տակ էին ապրում նաև Հրաչի ծնողներն ու փոքր եղբոր ընտանիքը:

 

Գայանեն հիշում է, որ ամուսնական առաջին ամիսներն ամենաերջանիկն էին: Աղքատ էին, երբեմն սոված, տանը ցուրտ էր, բայց  երջանիկ էին: Առաջանում էին կենցաղային տարբեր հարցեր, ֆինանսական դժվարություններ, սակայն  Գայանեն վստահ էր, որ սերն ամեն ինչ կհաղթի ու կհարթի:  “Ինչպես էի սխալվում”, –  հառաչում է Գայանեն:

 

Որոշ ժամանակ անց Հրաչի բնավորության և մտածելակերպի փոփոխությունը ակնհայտ էր:  “Նա դարձել էր լռակյաց, նյարդային, ամբողջ օրը տանը քայլում էր, ինքն իր հետ խոսում: Մտածում էի` աշխատանք չունի, փող չկա ձեռքին դրանից է: Հույս էի տալիս, ասում էի` Հրաչ ջան, բան չկա, մենք միակը չենք, հիմա բոլորն են էդ վիճակում, ինչ անենք, մի կերպ յոլա կգնանք, մինչև տեսնենք, մի դուռ կբացվի: Ջահել ենք կաշխատենք”:

 

Այդպես անցավ մի տարի: Հետո Հրաչը սկսեց ամեն ինչից բարկանալ` թեյնիկը ուրիշ ուղղությամբ պետք է դնել, թախտայի վրայի վերմակը հավասար չի ծալած և այլն:

 

“Մտածում էի` ջհանդամ, կանցնի, բայց միաժամանակ սարսափում էի մտքից, որ ես ու Հրաչը օտարանում ենք: Ավելին, ես չէի կարողանում հղիանալ ու Հրաչն անընդհատ կրկնում էր, որ ես բեռ եմ իր ուսերին, որ եղբոր կնոջ հայրն ու եղբայրը գումարով, սննդով աջակցում են, իսկ իմ մայրն ապրում էր Երևանում և հազիվ իրեն էր պահում: Ավելին, եղբոր կինն արդեն երկու որդի ուներ, իսկ ես մեկն էլ չէի կարողանում ունենալ: Վիրավորանքները կուլ էի տալիս, հետը ջանով էի խոսում, ուտելիքի ամենալավ բաժինն իրեն էի պահում, որ հանկարծ չխոսի, չբարկանա, չհարվածի: Էդպես, մի օր լավ, մի օր վատ անցկացնում էինք”:

 

Ժամանակի ընթացքում Հրաչի հարաբերությունները ոչ միայն կնոջ, այլև ընտանիքի այլ անդամների հետ ավելի էին լարվում: Եղբոր հետ հարաբերությունները սարսափելի էին, օրական գոնե մեկ անգամ կնոջը ծեծելն էր դարձել էր պարտադիր:

 

 

“Ասում էի` դու էլ գնա փոքր եղբորդ հետ շինարարություն արա, հողում աշխատի, որ ձեռքիդ փող ունենաս, ինձ չէր լսում: Ասում էր` ձենդ կտրի, ոչ հարուստ ես, ոչ էլ կարում ես ինձ երեխա բերես, ինչիս ես պետք: Հենց սկզբից նրա մայրն ու Հրաչը բոլորին հայտնում էին, որ չհղիանալու պատճառը ես եմ: Երբ մեկ անգամ առաջարկեցի, որ երկուսս էլ գնանք բժշկի` ստուգվենք, ամուսնուս դաժան ծեծին արժանացա”:

 

 

Գայանեն պատմում է, որ Հրաչը ոչ միայն չէր աշխատում, այլև ծանոթացել էր քաղաքում վատ համբավ ունեցող մի քանի անձանց հետ ու ժամանակը նրանց հետ էր անցկացնում:

 

 

“Գրեթե միշտ տուն էր գալիս գիշերվա կեսին ու հարբած: Երբ հարցնում էի, թե որտեղ էր, ում հետ էր ժամանակ անցկացնում, ասում էր` էնտեղ որտեղ ինձ հասկանում են: Մտածում էի` սիրուհի ունի ու նրա հետ է ժամանակ անցկացնում: Հետո տանից ապրանքներ կորան: Նախ անուսնական մատանիս, հետո հեռախոսը, ծաղկամանը, հեռուստացույց: Պարզվեց` ամուսինս թուղթ էր խաղում ու տան եղածը-չեղածը տանում էր պարտքերը փակելու: Մի օր էլ մի քանի հոգի եկան և կովը տարան: Տագրիս համբերության բաժակը լցվեց  ու նա Հրաչին ծեծեց, այնպես, որ մի քանի օր չէր կարողանում քայլել»…

 

Արդյունքում,  Հրաչը տանը գրեթե չէր լինում, գալիս էր միշտ հարբած, կեղտոտ, ամիսներով չէր սափրվում և նման էր մուրացկանի:  Իսկ մի օր էլ …

 

«Գիշերվա  կեսին դուռը թակեցին: Սև հագուստներով 4-5 տղամարդ ասացին, որ իրենց ամուսինս է ուղարկել: Հրաչը տեղյակ էր, որ տանը մենակ եմ: Նրա ծնողները, եղբայրն ու կինը գնացել էին հարևան գյուղ: Տղամարդկանցից մեկն ասաց, որ Հրաչը թղթախաղով պարտվել է հազար դոլար և քանի որ ինքն այդքան գումար չունի, ապա նրա պարտքերը պետք է ես փակեմ: Սկզբում չհասկացա, թե խոսքն ինչի մասին էր: Ախր ես գումար չունեմ,- լացելով ճչացի ես: Հարբած տղամարդկանցից մեկն էլ, թե դու էլ ուրիշ ձև կարաս փակվես ու հարվածեց այնպես, որ ես ընկա գետնին: Հենց գետնին, մնացածի աչքի առաջ, ինձ բռնաբարեց, հետո երկրորդը, երրորդը, չորրորդը… ”

 

Գրեթե անկենդան Գայանեին, կապտուկների ու արյան մեջ, գտան հարևանները առավոտյան: Գիշերը նրանք լսել էին Գայանեի ձայնը, բայց մտածել էին, որ կրկին ամուսինն է ծեծում ու ոչինչ չէին ձեռնարկել: Գայանեն հիվանդանոցում անցկացրեց յոթ օր: Մարմնական վնասվածքները շուտ ապաքինվեցին, սակայն հոգու սպիներին բալասան գտնել հնարավոր չէր: Երկու օրվա ընթացքում ամբողջ քաղաքն իմացավ Գայանեի հետ կատարվածը: Հրաչը քաղաքից հեռացել էր: Նրան չկարողացան գտնել: Գայանեին բռնաբարած տղամարդկանցից երկուսին ձերբակալեցին, մյուսներին գտնել չհաջողվեց:

 

Թեպետ շատերն էին խոստովանում, որ Գայանեն զոհ է, սակայն նրա հետ անգամ բարևելուց էին խուսափում: Կեղծ բարոյականությունն ու քաղքենիությունը հաղթում էր բոլոր տեսակի մարդկային արժեքներն ու ոչ ոք չէր ցանկանում բռնության և հանցանքի դեմ դուրս գալ:

 

“Ամբողջ քաղաքն իմ մասին էր խոսում:  Շատերն ինձանից խուսափում էին, մեղադրում: Նրանք ասում էին` հա քեզ բռնաբարել են, բայց, դե դու ես մեղավոր եղել: Իսկ ես ինչ մեղք ունեի, ինչ էի արել, չէի հասկանում: Քչերն էին, որ ինձ խղճում էին, օգնում: Հրաչի եղբոր ընտանիքը ինձ պահեց: Նրա մայրը կատարվածին չդիմանալով մահացավ: Հարսս ու տագրս ինձ օգնում էին, բայց ես երրորդ անձ էի զգում, ստորացված, ինձ դիակ էի զգում, ուզում էի մեռնել ու մի օր էլ որոշեցի ինքնասպանություն գործել: Սակայն, տագրս կարողացավ ճիշտ ժամանակին հասնել: Հիվանդանոցում բժիշկները հայտնեցին, որ հղի եմ: Այդքան ժամանակ չհղիանալով հենց այդ տականքներից մեկը պետք է դառնար իմ երեխայի հայրը: Ուզում էի մեռնել, չէի ուզում ապրել, չէի ուզում, որ հետագայում երեխայիս մատով ցույց տային, որ նրան պատմեին, թե ովքեր են իր ծնողները:

 

Հիվանդանոցում Գայանեին  քաղաքի հոգևոր հովիվն այցելեց, զրուցեց նրա հետ…

 

«Նա ինձ ասաց, որ զավակն աստծո պարգև է, որ ես իրավունք չունեմ երեխայի կյանքն ընդհատել, պետք է ապրեմ  զավակիս  համար ու նրան դաստիարակեմ: Հոգևոր հայրը հաճախ էր այցելում: Աստվածաշունչը կարդացի ու հասկացա, որ պետք է ապրեմ…  Ծնվեց աղջիկս` Եվան: Տագրիս ընտանիքն էլ չէր ցանկանում, որ իրենց հետ ապրեմ: Ասում էր` տղաներս մեծանում են, չեմ ուզում , որ նրանց քո ու աղջկադ պատճառով մատով ցույց տան: Ուղղակի մեզ խղճում էր ու տանից դուրս չէր վռնդում: Ես չէի ուզում փախչել, չէի ուզում, որ մարդիկ ասեին, որ ես եմ սխալ, որ ես փախել եմ, ուզում էի, որ նրանք հասկանան, որ ես զոհ եմ` բռնության, դաժանության զոհ, որ նրանք էլ իրենց ընտանիքներում պայքարեն բռնության դեմ: Ծեծը չհամարեն սովորական երևույթ: Եթե հարևաններս այլ կերպ մտածեին, իմ բղավոցները լսելով գային- օգնեին, ինձ հետ այդ ողբերգությունը չէր կատարվի»:

Քաղաքից հեռանալու որոշում Գայանեն կայացրեց, երբ մանկապարտեզի վարիչը հրաժարվեց Եվային ընդունել, ասելով, որ նման կարգի երեխաների մուտքը հաստատություն արգելված է:

 

“Հասկացա, որ եթե Եվան ապրի այդ նույն քաղաքում , նրա կյանքն էլ կխորտակվի: Նա չի դիմանա այդ հարվածներին”:

 

Արդեն մի քանի տարի է Գայանեն տեղափոխվել է մոր մոտ` Երևան: Սկզբում մայրը հրաժարվում էր դստերը ետ ընդունել: Ասում է` հանուն թոռան է ետ ընդունել ու դեռ չի կարողացել աղջկան ներել: Թե Գայանեի մեղքն ինչումն է ու ինչի համար պետք է ների` մայրը հստակ պատասխան չի տալիս: Միայն մեղադրում է, որ ամուսնուն հասցրել է հարբեցողության և խաղամոլության: Այժմ Գայանեն հիվանդանոցում հավաքարարուհի է աշխատում, զուգահեռ տանը չրեր է պատրաստում ու վաճառում:

 

“Եվան չգիտի, թե ինձ հետ ինչ է կատարվել: Նրան խաբել եմ` ասել` հայրն ավտովթարից է մահացել: Մի օր նրան ամեն ինչ կպատմեմ: Ամեն անգամ աղջկաս տեսնելուց  հիշում եմ ինձ հետ կատարվածը: Նա ինձ հիշեցնում է այդ չարաբաստիկ սև գիշերը: Գուցե, երբ նրան պատմեմ ինձ հետ կատարվածը, հոգուս խորքում ինձանից ակամա կառուցված պատնեշը քանդվի, սակայն վախենում եմ, որ նա էլ ինձանից երես կթեքի, ինձ կհամարի անարժան ու անպատիվ կին: Հոգնել եմ, որ ինձ ոչ ոք չի հասկանում, ոչ ոք չի ընդունում: Երբեմն ինքս ինձ ատում եմ, զզվում ինձանից: Եվան ինձ կապել է կյանքին, մայրական զգացմունքն առավել ուժեղ էր, քան ինքնասիրությունը, սական միևնույն ժամանակ նա ինձ հիշեցնում է այն գիշերը: Ուզում եմ` ինքս ինձ հետ խաղաղություն գտնել, ուզում եմ աշխարհում մի վայր լինի, որտեղ կապրեմ հանգիստ հոգով ու որտեղ ոչ ոք չի ասի, դու զոհ ես, ես քեզ ներում եմ, սակայն չեն պատասխանի իմ միակ հարցին, իսկ ես ինչ եմ արել, որ ինձ ներում եք:

 

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Հ.Գ.

Հերոսների անունները փոխված են, քաղաքի անունը նշված չէ հերոսուհու խնդրանքով:

Դիտումների քանակը` 4634

Գլխավոր էջ