Աղջիկների մուտքը ռազմական հաստատություններ՝ բանակի բարեփոխումների մի մասն է

 

Հայկական բանակում սպասվում է փոփոխությունների մի հսկայական շարք: Մի քանի տարի անց Զինված ուժերի սպաների կազմում Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի բնորոշմամբ կտեսնենք նաեւ  «նուրբ սեռի ներկայացուցիչների»:

 

 

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում եւ ՀՀ ՊՆ Մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտում մինչեւ հուլիսի մեկը պատրաստ են դիմավորել այն աղջիկներին, ովքեր ցանկանում են ռազմական կրթություն ստանալ եւ ծառայել հայոց բանակում: Դիմորդների թվի վերաբերյալ Պաշտպանության նախարարությունում դեռ լռում են: Գերատեսչությունում առայժմ վստահ են մեկ հարցում` աղջիկները ոչ միայն կգեղեցկացնեն բանակը, այլեւ կնպաստեն կարգապահությանն ու զգոնությանը:

 

 

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գնահատմամբ` բանակում սկսված բարեփոխումների արդյունքում շեշտադրումը դրվել է որակյալ կրթության վրա. կրթությունն ու դաստիարակությունը կարեւորագույն դերակատարություն ունեն բանակում ծառայության մակարդակը բարձրացնելու եւ միջանձնային հարաբերություններից խուսափելու համար: Բարեփոխումների ցանկում է ընդգրկվել նաեւ սպա աղջիկների մասնակցությունը բանակաշինության գործում:   Նախարարը փաստում է, որ աղջիկ սպաների ծառայությունը նոր չէ: Վարչական ապարատում բազմաթիվ են կին զինվորականները: Օհանյանը չի մոռանում նաեւ պատերազմի ժամանակ կանանց մասնակցությունն ու հերոսական գործունեությունը հիշատակել: Նրանցից շատերն այսօր էլ ծառայում են հայոց բանակում եւ իրենց կերպարով օրինակ ծառայում երիտասարդների համար:

 

Ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցի գնահատմամբ` ռազմական բուհ-երում իգական սեռի աղջիկների ընդունելության հարցը  մտածելու տեղիք է տալիս, քանի որ նմանատիպ նախադեպ չենք ունեցել: «Թեպետ նշվել է, որ ՌՈՒՀ-երում աղջիկներն ազատ ելք են ունենալու եւ գիշերելու են տանը, սակայն կան հարցեր, որոնք բաց են մնում: Աղջիկ կուրսանտների ներկայությունն ունենալու է սթափեցնող, զգոնությունը բարձրացնող էֆֆեկտ ինչպես կուրսանտական, այնպես էլ հրամանատարական եւ պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար, սակայն պետք է հասկանանք որ հրամանատարական եւ պրոֆեսորադասախոսական անձնակազմն ունենալու է խնդիր աղջիկների հետ աշխատելու ժամանակ,  քանի որ չունեն իգական սեռի հետ աշխատելու փորձ, ինչն ամենայն հավանականության առաջին փուլում բարդություններ կառաջացնի»,- ասաց ռազմական փորձագետը` հավելելով, միայն մեկ տարի անց հնարավոր կլինի վերլուծել եւ հստակ ասել, թե նման որոշումն ի՞նչ արդյունք տվեց, քանի որ այս ուսումնական տարում աղջիկների ընդունելությունը ռուհ-երում կրում է փորձնական բնույթ:

 

 

«Ինքներս մեզ փորձում ենք համոզել, որ իբր Հայաստանում կինը և բանակը անհամատեղելի են, մինչդեռ դա այդպես չէ: Բայց արդեն այսօր զինված ուժերում ծառայող կին զինծառայողների թիվը հարյուրներով է հաշվվում: Զուտ մտածողության խնդիր է, որ մենք չենք փորձում պատկերացնել այդ իրողությունը: Այստեղ տեղին է հիշել, որ ժամանակին նման կերպ էր հասարակությունն ընդունում հայտարարությունը, երբ ոստիկանության ակադեմիան աղջիկների ընդունելություն էր կազմակերպում: Բայց այսօր արդեն դա շատ սովորական երեւույթ  է ու ոչ մեկի համար ոչ զարմանք, ոչ էլ տարօրինակություն չի առաջացնում»,- ասաց փորձագետը:

 

 

Հիշեցնենք, որ ընդունելությանը կարող են մասնակցել ՀՀ քաղաքացի հանդիսացող, 18 տարին լրացած, ֆիզիկապես կոփված, «մաթեմատիկա» և «ֆիզիկա» առարկաներից միասնական քննության վկայագիր ներկայացնող իգական սեռի ներկայացուցիչները, որոնց առողջական վիճակը բավարար կճանաչվի ռազմաուսումնական հաստատությունում սովորելու և հետագա զինվորական ծառայություն անցնելու համար:

Հ. Հ.

Լուսանկարում՝  կուռսանտ աղջիկները ՌԴ-ի բանակում

Դիտումների քանակը` 14026

Գլխավոր էջ