ԵՊՀ-ում բացվեց Գենդերային Հետազոտությունների և Սռաջնորդության Կենտրոն
Եթե մենք կարողանանք ազատվել կեղծ արժեքներից և համատեղենք մեր իրական ազգային արժեքները համաշխարհային փորձի հետ, ապա Հայաստանում հնարավոր է հասնել գենդերային հավասարության, համոզված են Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) պաշտոնապես բացված Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի հիմնադիրները:
Կենտրոնի նպատակն է իրականացնել գենդերային հավասարության և կանանց առաջնորդության հիմնախնդիրներին վերաբերվող հետազոտություններ, ներդնել գենդերային կուրսերը ուսումնական պլանի մեջ, աջակցել համալսարանի կին շրջանավարտների մասնագիտական առաջխաղացմանը, իրականացնել հանրային իրազեկման միջոցառումներ:
– Մեր հեռահար նպատակն է գենդերային հետազոտություններին հաղորդել որոշակի ինստիտուցիոնալացում-, ասում է Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի տնօրեն Գոհար Շահնազարյանը,- միգուցե նաև մագիստրոսական ծրագիր հետագայում մշակվի, կա այդպիսի նպատակ, բայց դեռևս կենտրոնը գործելու որպես ռեսուրսային հետազոտական կենտրոն, իրականացնելով նաև կապը գենդերային խնդիրներով զբաղվող ՀԿ-ների և միջազգային կառույցների հետ:
Կենտրոնը ԵՊՀ և ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի պետական համալսարանի (ԱՊՀ) միջև համագործակցության արդյունք է, այն հիմնադրվել է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Բարձրագույն կրթությունը զարգացման համար» ծրագրի շրջանակում:
– Հայաստանում կան բազմաթիվ կրթված և բարձր որոկավորում ունեցող կանայք,- ասում է ԱՄՆ ՄԶԳ ծրագրային բաժնի ղեկավար Ռիչարդ Բայզը,- սակայն անհամապատասխանություն կա կրթված կանանց թվի և աշխատաշուկայում ու քաղաքական կյանքում նրանց ներկայացվածության թվի մեջ: Մենք մեծ պատրաստակամությամբ ենք ներդրումներ կատարում հայ կանանց զարգացման և առաջնորդության մեջ ու ես հույսով եմ, որ մեր աշխատանքը չի մնա ԵՊՀ-ի շրջանակներում, այլ անմիջանականորեն նպաստելու է կանանց առաջխաղացմանը քաղաքական և տնտեսական ոլորտում:
Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնը չի առաջադրելու գենդերային հավասարության հասնելու որևէ պատրաստի բաղադրատոմս, այլ լինելու է համագործակցություն փորձի փոխանակման հիման վրա, վստահեցնում են կենտրոնի հիմնադիրները:
– Ես կարծում եմ, որ նորաստեղծ կենտրոնը անձնային և մասնագիտական նոր հնարավորություններ է տրամադրելու ԵՊՀ-ի և Հայաստանի այլ ուսումնական հաստատություների ուսանողներին, դասախոսներին և հետազոտողներին,- ասում է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, շեշտելով , որ կենտրոնը շատ ակտիվ կհամագործակցի գիտական այլ հաստատությունների և իհարկե ՀԿ-ների հետ, որովհետև առանց այդ համագործակցության կենտրոնի գործունեությունը հաջողել չի կարող:
Ինչպես նկատեց Արիզոնայի Համալսարանի պրոֆեսոր Վիկտոր Աղաջանյանը Կենտրոնի բացումը , ըստ էության, երկու համալսարանների միջև շուրջ մեկ տասնամյակ առաջ սկսված համագործակցության արդյունք է: Այն կֆինանսավորվի Արիզոնայի պետական համալսարանի Հումանիտար գիտությունների կոլեջի Մելիքյան կենտրոնի հատկացված 1.3 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհի միջոցով:
– Ես բազմաթիվ մարդկանց հետ եմ խոսել Հայաստանում,- ասում է Վիկտոր Աղաջանյանը,- պատմել եմ ծրագրի նպատակների մասին: Ինձ ասում էին, որ գենդերային հավասարությունը շատ կարևոր խնդիր է, բայց մենք ավելի կարևոր խնդիրներ ունենք տնտեսական զարգացում, գործազրկություն, դեմոգրաֆիայի անկում, ազգային անվտանգություն և այլն: Այս կենտրոնի ամենակարևոր մարտահրավերներից մեկն է ապացուցել հայ հասարակությանը, որ նշված խնդիրներից ոչ մեկը չի կարող արդյունավետ լուծվել, եթե հաշվի չառնենք գենդերային ասպեկտը:
Գալիք երեք տարիների ընթացքում կանանց հիմնախնդիրների հետազոտություններով զբաղվող ԵՊՀ-ի 8-ը գիտաշխատողներ կմասնակցեն ԱՊՀ-ի Սոցիալական զարգացման ֆակուլտետի կանանց և գենդերային հետազոտությունների ծրագրի դասընթացներին: Առաջին խումբը Արիզոնա կմեկնի այս տարվա աշնանը:
Կարինե Պետրոսյան
Դիտումների քանակը` 4720