«Կանանց և տղամարդկանց իրավունքների հավասարությունը խորթ չէ մեր ազգային նկարագրին»
Հունվարի 19-ին Ազգային ժողովում պատգամավորների, կառավարության անդամների, մարդու իրավունքների պաշտպանի, հասարակական կազմակերպությունների ու մի շարք միջազգային կառույցների ներկայացուցիչների` ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևայի, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Դեսպան Տրայան Հրիստեայի և այլոց մասնակցությամբ տեղի ունեցան խորհրդարանական լսումներ` «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրինագծի վերաբերյալ:
Այն , ինչպես հայտնի է, արդեն իսկ քննարկվել էր առաջին ընթերցմամբ անցյալ տարվա դեկտեմբեր ամսին, սակայն, քանի որ նախագծի շուրջ տարակարծությունները շատ էին, մարդու իրավունքների պաշտպանության և եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների նախաձեռնությամբ որոշվեց խորհրդարանական լսումներ հրավիրել՝ հասարակական կազմակերպությունների նկատառումները և առաջարկները ստանալու ակնկալիքով: Լսումների կազմակերպմանը աջակցություն ցուցաբերեց ՀՀ-ում Եվրոպական միության խորհրդատվական խումբը:
Լսումներին բացման խոսքով հանդես եկավ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը, որը կարևորեց օրենքը և նշեց, որ դրա ընդունումն ունի քաղաքական, իրավական, պատմական ու անգամ ազգային անվտանգության տեսանկյունից լուրջ հիմնավորումներ:
«Հայաստանում կանայք մեծամասնություն են կազմում, նրանք շատ գրագետ են, շատ գեղեցիկ, և չօգտագործել այդ հզորությունն ու հնարավորությունը՝ շռայլություն կլինի: Պետք է փորձենք գտնել այնպիսի մոտեցումներ, որ գենդերային իրավահավասարությունը գործուն մեխանիզմ դառնա: Խնդիրն այն է, որ Սահմանադրությամբ և օրենքներով հավասար իրավունքները տրված են, բայց կիրառման համար գործուն մեխանիզմներ չկան: Այս օրենքի ընդունումը շատ հարցերի պատասխան կտա», – ասեց նա:
Աժ նախագահը բավականին լայն պատմական էքսկուրս կատարեց՝ նշելով, որ կանանց և տղամարդկանց իրավունքների հավասարությունը խորթ չէ մեր ազգային նկարագրին, այն կազմում է մեր մշակույթի բաղկացուցիչ մասը:
Հայ կինը միշտ եղել է հայ տղամարդու կողքին և դրա վառ վկայությունն են հայ իրավունքի հուշարձանները: Նրա հիմնավորմամբ՝ սկսած 4-րդ դարի կեսերից` Աշտիշատի կանոններում, Շահապիվանի կանոններում, Դավիթ Ալավկաորդու կանոններում, Մխիթար Գոշի Հայոց դատաստանագրքում, Կոստանդնապոլսի Ազգային Սահմանադրությունում(1863թ.) խոսվել է կանանց և տղամարդկանց իրավահավասարության մասին:
«Մասնավորապես, Մխիթար Գոշի «Հայոց դատաստանագրքում», դեռև ս 12-րդ դարում, խոսվում է կանանց գույքային իրավունքների, պատվի և արժանապատվության ճանաչման և հարգման, կնոջ ամուսնության իրավունքի, ամուսնական տարիքի, ամուսնալուծվելու, 2-րդ անգամ ամուսնանալու, և այլ իրավունքների մասին», – նշեց Նիկոյանը:
Իսկ այսօրվա ըմբռնմամբ, ըստ բանախոսի, կանանց և տղամարդկանց իրավահավասարության ընկալումը ուղղակիորեն տրված է Շահամիր Շահամիրյանի «Որոգայթ Փառացում», որը գրվել է 1773թ. և ըստ որի կանայք ու տղամարդիկ իրավահավասար են անկախ սեռից, քաղաքացիությունից, և մեկը մյուսի վրա իշխելու իրավունք չունեն:
Աժ նախագահն անդրադարձավ նաև Կոստանդնապոլսի Ազգային Սահմանադրությանը, որի ներածության մեջ ուղղակիորեն են նշվում կանանց մի շարք իրավունքներ` տղամարդկանց հետ հավասար կրթություն ստանալու, սոցիալական ապահովության և այլն: Ըստ այս Սահմանադրության` կանայք, չունենալով քվեարկության իրավունք , ակտիվորեն մասնակցել են Ազգային Ժողովի աշխատանքներին` իրականացնելով սոցիալական, կրթական բարեգործական, առողջապահական մի շարք ծրագրեր:
Եվ վերջապես, Նիկոյանը վկայակոչեց նաև մեր առաջին հանրապետության տարիները, երբ կանայք ունեցել են ընտրելու և ընտրվելու իրավունք: Նրա բնորոշմամբ` սա նշանակում է, որ հայ քաղաքական միտքը դարերի ընթացքում տվել է արժեքներ ողջ քաղաքակրթությանը և այսօր այդ արժեքները համամարդկային քաղաքակրթությունը վերադարձնում է:
«Մենք դա պետք է ընկալենք հենց այդպես և ընդունենք, որովհետև դա մեր մոռացված հինն է»,-ասաց ԱԺ նախագահը:
Խորհրդարանական լսումներին ելույթներով հանդես եկան նաև Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան, ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան, ԱԺ-ում օրինագծի գլխադասային հանձնաժողովների ղեկավարներ՝ Արամ Սաֆարյանը, Նաիրա Զոհրաբյանը, այլ պատգամավորներ և հանրապետության կանանց կազմակերպությունների մի շարք ներկայացուցիչներ:
Հիմնական զեկուցողները երեքն էին՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը, « Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, Համալսարանական կրթությամբ կանանց ասոցացիայի» նախագահ Ջեմմա Հասրաթյանը:
Ակնկալվում է, որ գարնանային նստաշրջանի բացման առաջին իսկ օրը՝ փետրվարի 6-ին, օրինագիծը քվեարկության է դրվելու առաջին ընթերցմամբ, այնուհետև մինչև երկրորդ ընթերցում լրամշակվելու է՝ շահագրգիո կազմակերպություններից ստացված առաջարկները հաշվի առնելով:
Հ.Գ. Լսումների ուշագրավ դրվագներին կանդրադառնանք հաջորդիվ:
Դիտումների քանակը` 6728