Գ.Հայրապետյան. «Կնոջ դերը մեր հասարակության մեջ շատ ավելի նվազ է, քան տղամարդու»
Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, ինչպես նաև Ալբանիայում և մասամբ նաև Կոսովոյում սեռով պայմանավորված աբորտները` ընտանիքում տղա երեխայի գերապատվությունը ահագնացող միտում ունի: Ավելին` այս երկրները ուղղակիորեն կանգնած են ժողովրդագրական աղետի առջև: Այս մասին «Նորածինների սեռերի անհամամասնությունը Հայաստանում. ժողովրդագրական տվյալներ և վերլուծություն» ուսումնասիրության արդյունքների շնորհանդեսի մեկնարկին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:
Ինչ վերաբերում է մեր հարևան Թուրքիային, ապա այս երկրում ծնելիությունը բավականին բարձր ցուցանիշի վրա է գտնվում ու թեև այսօրվա դրությամբ անհանգստացնող միտում չկա, բայց ժամանակի ընթացքում հնարավոր է, որ խնդրին առնչվեն նաև այս պետությունում:
«Մեր հասարակության մեջ կնոջ դերը շատ ավելի նվազ է, քան տղամարդու դերը: Մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ ծնողները իրենց հույսը ավելի շատ կապում են տղա երեխայի հետ` այն մտայնությամբ, որ տղան հետագայում նրանց կպահի: Բայց եթե մենք շարունակենք այդ կերպ մտածել և արմատախիլ չանենք հասարակության մեջ այդ մոտեցումը, ինչպես նաև փոփոխություններ չլինեն գենդերային հավասարության ոլորտում, օրինակ` ինչո՞ւ կինը պետք է նույն պաշտոնը զբաղեցնելիս 20-25 տոկոսով պակաս աշխատավարձ ստանա և այլն, ապա իրավիճակը կմնա նույնը ու մեր երկիրը տասնամյակ հետո լուրջ աղետի առջև կկանգնի»,- ասաց Գ.Հայրապետյանը:
Նրա խոսքով, կառավարությունը որոշակի քայլեր այս ուղղությամբ արդեն ձեռնարկել է, մասնավորապես` վերջին երկու-երեք տարիներին Հայաստանում առաջին անգամ ընդունվել է գենդերային հավասարության ռազմավարության մասին գործողությունների ծրագիրը, ինչպես նաև Ազգային Ժողովն առաջիկայում երկրորդ ընթերցմամբ կքննարկի «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասարությունների մասին» օրենքի նախագիծը.
«Ինչ-որ քայլեր արվում են և կարծում եմ, որ բոլորն արդեն ակնհայտ խնդիրը տեսնում են ու նաև տեսնում են ինչ-որ բան անելու անհրաժեշտություն»,- նշեց Գ.Հայրապետյանը:
Նշենք, որ ուսումնասիրությունն իրականացվել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի պատվերով` Փարիզի Բնակչության և զարգացման կենտրոնի Զարգացման հետազոտական ինստիտուտը ներկայացնող դոկտոր Քրիստոֆ Գիլմոտոյի կողմից, ով հղիության սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների հիմնախնդրով զբաղվող խոշորագույն գիտնականներից մեկն է աշխարհում: Անցկացվել է 2012-2013 թթ-ին:
Աղբյուրը՝ Panorama.am
Կարդացեք այս թեմայի շուրջ մեր կայքում.
Նորածինների սեռերի խախտված համամասնությունը սպառնում է Հայաստանի ժողովրդագրությանը/ վիդեո
Դ-ր Գիլմոտո. «Հայաստանը մինչև 2060-ը կկորցնի գրեթե 93 հազար պոտենցիալ ապագա մայր»
«Կորսված հավասարակշռություն. արու զավակի նախընտրությունը Հայաստանում»
Ոչինչ չի եղել, ուղղակի մի Լիլիթիկով պակաս կծնվի Հայաստանում…
Աբորտը ՝ մարդասպանություն է, բայց օրենքով դրա արգելումը խնդիր չի լուծում
Յուրաքանչյուր տարի կորցնում ենք մոտ 1400 պոտենցիալ մայր
Մարդկության մայրամուտը սկիզբ կառնի, երբ երկրի վրա «վերջանան» կանայք …
Պե՞տք է արդյոք ծնողներն իրավունք ունենան ընտրելու իրենց երեխայի սեռը
Դիտումների քանակը` 4198