Լիլիթ Թադևոսյան. «Մյուս քաղաքական ուժերի կանայք վստահ եմ՝ հալածանքներին ու դժվարություններին չէին դիմանա»:
Լրագրող Լիլիթ Թադևոսյանը ՀԱԿ-ի ընտրական ցուցակում 20-րդն է : Ասում է, որ թեպետ առաջին անգամ եմ առաջադրվում որպես Երևանի ավագանու թեկնածու, բայց իրեն քաղաքականությունից հեռու մարդ չի համարում: 2008 –ից Հայ Ազգային Կոնգրես ի ակտիվիստներից է: Բացի այդ որպես լրագրող լուսաբանել է քաղաքական անցուդարձը:
Լրագրողից ավագանի դառնալու հավակնությունն ինչպե՞ս ընդունեց շրջապատը:
– Իմ շրջապատը, ընտանիքը և ընկերները դրական ընդունեցին ավագանի դառնալու իմ որոշումը և հարգանքով են վերաբերվում իմ որոշմանը: Նրանք բոլորն էլ հայտնել են ինձ աջակցելու պատրաստակամություն, ինչի համար ես նրանցից շնորհակալ եմ: Նշեմ, որ ես իմ լրագրողի մասնագիտությունը իսկապես սիրում եմ, բայց քանի որ ինձ առաջարկվեց ՀԱԿ-ի ցուցակով մասնակցել ավագանու ընտրություններին, ես ընդունեցի այդ առաջարկը: Կարծում եմ, որ եթե ՀԱԿ-ում գտել են, որ ես կարող եմ օգտակար լինել այս գործում, ապա ես պատրաստ եմ անել հնարավոր ամեն ինչ, մեր օգտակար և ազնիվ նպատակների իրականացման համար: Իսկ այդ նպատակների իրականացումը բխում է հենց երևանցու շահերից: Բացի դա լրագրողական դաշտի ներկայացուցչի ներկայությունը Երևանի ավագանում կարծում եմ նաև կստեղծի լրագրող ավագանի կապը, որ այսօր դժվարությամբ է ստացվում: Ինքներդ էլ հավանաբար կհաստատեք, որ հինգ տարվա մեջ նեկայիս ավագանու անդամներից և ոչ մեկը պատրաստակամ չի եղել լրագրողների հետ զրույցում, և միշտ խուսափել են լրագրողների հետ հանիպումներից: Ես խոստանում եմ, որ այդ կապը անպայման կվերականգնեմ և լրագրողների հետ շփումը կլինի ավելի բաց: Եվ քաղաքացին վերջպես կճանաչի իր ընտրած ավագանու անդամներին:
– Մասնագիտության բերումով, կարծում եմ, ծանոթ եք Երևանի խնդիրներին: Ի՞նչ կցանկանայիք փոխել :
– Քաղաքում այնքան փոխելու բան կա, որ նույնիսկ չգիտեմ, թե որը նշեմ: Որպեսզի բաց թողած չլինեմ որևէ խնդիր, կասեմ միայն, որ այն ամենը ինչ հնարավոր կլինի փոխել՝ կփոխենք ու կփորձենք վերադարձնել քաղաքը քաղաքացուն: Քաղաքի խնդիրներին իհարկե ծանոթ եմ, քանի որ լրագրողի մասնագիտությունն է պահանջում տեղյակ լինել բոլոր խնդիրներին: Չի եղել մի դեպք, երբ ես չարձագանքեմ, քաղաքում տեղի ունեցող որևէ խնդրի ահազանգին:
–Ո՞վ է Լիլիթ Թադևոսյանի ընտրողը:
– Իմ ընտրողն առաջին հերթին բնականաբար հարազատներս են, բարեկամներս, ընկերներս, և ինձ ճանաչող մարդիկ, իսկ նրանք հավատացնում եմ ձեզ քիչ չեն: Հայ Ազգային Կոնգրեսը ընտրություններին մասնակցում է «Իշխանությունը՝ քաղաքացուն» կարգախոսով: Այս կարգախոսն արդեն իսկ ասում է, որ այս պահին քաղաքացին իր քաղաքի տերը չի և մենք գալիս ենք, որպեսզի այս քաղաքի տիրոջը, այսինքն՝ քաղաքացուն վերադարձնենք իր իշխանությունը:
–Հե՞շտ է կնոջը մտնել քաղաքականություն: Ի՞նչ եք կարծում, Հայաստանում կա՞ն խոչընդոտներ կանանց քաղաքական մասնակցության համար:
– Կարծում եմ, որ խոչընդոտներ կան, սակայն ամբողջ քաղաքական դաշտի մասին չեմ կարող ասել, բայց Հայ Ազգային Կոնգրեսում ես խտրականություն երբեք չեմ նկատել:
Իսկ ընդհանրապե՞ս: Ձեր նկատմամբ խտրականություն երբևէ զգացե՞լ եք:
– Հայաստանում կանանց նկատմամբ խտրականություն կա և որքան էլ փորձում են այդ խտրականությունը մեղմել, միևնույն է չի ստացվում: Իմ նկատմամբ առանձնապես չեմ զգացել դա, այս դեպքում հավանաբար ինձ օգնել է իմ լրագրողի մասնագիտությունը:
–Երբևէ մասնակցե՞լ եք կանանց լիդերության դպրոցներին:
– Կանանաց լիդերության դպրոցի մասնակցել եմ, բայց չեմ ավարտել ամբողջությամբ՝ ժամանակի սղության պատճառով: Բայց չեմ կարծում, որ շատ մեծ բան եմ կորցրել ամբողջությամբ դասերին չհաճախելով, քանի որ իմ պրակտիկայում ես ավելի շատ բան եմ սովորել, քան որևէ դպրոց հաճախելով:
– Կանայք ակտի՞վ են Երևանի ավագանու ընտրություններում: Ինչպե՞ս կգնահատեք կանանց մասնակցությունը:
– Կանանց մասնակցությունը կարծես թե քիչ է բոլոր քաղաքական ուժերի մոտ, բայց դա էլ հավանաբար գալիս է նրանից, որ կանայք, ըստ երևույթին, ավելի քիչ են ցանկանում քաղաքականությամբ զբաղվել: Սա առհասարակ եմ ասում, խոսքը ՀԱԿ-ի կանանց մասին չէ: Կոնգրեսի կանայք այն բացառիկ ամուր կանանցից են, որոնք այս հինգ տարիների ընթացքում տեսել են բազմաթիվ դժվարություններ, ընկել են ոստիկանական մահակների տակ, նրանց տարել են ոստիկանական բաժիններ, տարբեր խուլիգանների հարձակման են ենթարկվել, նրանք այս ռեժիմի դեմ պայքարել են և՛ ցրտին, և՛ շոգին, և անձրևի ու ձյան ժամանակ: Նրանք մինչև օրս էլ պայքարում են երկրում առկա բոլոր ապօրինությունների ու անարդարությունների դեմ: Ահա կանանց այս տեսակը միշտ քաղաքականության մեջ է և նրանց ոչ ոք չի արգելում զբաղվել քաղաքականությամբ: Իսկ մյուս քաղաքական ուժերի կանայք վստահ եմ՝ այս հալածանքներին ու դժվարություններին չէին դիմանա:
–Ինչո՞ւ քաղաքապետի թեկնածուների մեջ կին չկա և բոլոր ուժերի ցուցակներում առաջին հորիզոնականները տղամարդիկ են:
– Ես կարող եմ ասել մեր ցուցակի մասին, որովհետև մեր համար քաղաքապետի նախընտրելի թեկնածուն Վահագն Խաչատրյանն է, ով քաղաքապետի պաշտոնում աշխատել է Հայաստանի համար ամենածանր տարիներին: Նշեմ, որ նրա քաղաքապետության ժամանակ չի գտնվի մեկը, ով նրա մասին որևէ վատ բան կասի: Եվ թող որևէ մեկը գլուխ չգովի, թե այդ տարիներին կարող էր Վահագն Խաչատրյանից ավելի լավ քաղաքապետ լինել: Ուստի և մենք նախընտրելի ենք համարել հենց նրա թեկնածությունը և կարծում եմ, որ նա ամենաարժանի քաղաքապետի թեկնածուն է:
Զրուցեց` Մարիաննա Ղահրամանյանը
Դիտումների քանակը` 5583