Հայաստանը նշում է «Աղջիկները ՏՀՏ ոլորտում» միջազգային օրը

 

 

Ապրիլի 25-ին «Աղջիկները ՏՀՏ ոլորտում» միջազգային օրվա առթիվ Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ «Տեխնոլոգիաներին անհրաժեշտ են աղջիկներ» խորագրով ֆորումը: Միջոցառման նպատակն էր քաջալերել հայ աղջիկներին իրենց կարիերան տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտում (ՏՀՏ) սկսելու:

 

ՏՀՏ ոլորտի մի շարք հաջողակ գործարար կանայք, ինչպես նաև կառավարության, կրթական, հասարակական և մասնավոր ոլորտների կին ներկայացուցիչներ իրենց գիտելիքներն ու փորձը կիսեցին ֆորումի ավելի քան 200 մասնակիցների հետ: Միջոցառման ավարտին մրցանակներ հանձնվեցին այն ուսանողուհիներին, ովքեր մասնակցել էին ֆորումին նախորդած «Ինչպե՞ս եք պատկերցանում տեղեկատվական հասարակությունը»շարադրությունների մրցույթին: Այս տարի ֆորումի աշխատանքն ուղիղ եթերով առցանց հեռարձակվեց Հայաստանի մարզերի մի շարք դպրոցների համար` շրջաններում բնակվող երիտասարդ կանանց հնարավորություն ընձեռելով հեռակա կերպով մասնակցելու ֆորումին:

 

Միջոցառմանը ելույթի խոսքով հանդես եկան ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդը, Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Բրյուս Պողոսյանը, «Կանայք և տեղեկատվական հասարակությունը» ՀԿ-ի տնօրեն Նարինե Աբազյանը: Ֆորումին նաև մասնակցում էին ղեկավար կանայք«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամից, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ից, «Idram» ՍՊԸ-ից, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնից և այլ կազմակերպություններից: Երևանում հարցաշար`շարադրությունների մրցույթին մասնակցել էին 18 դպրոցների 127 աշակերտներ, որոնցից 23-ը պարգևներ ստացան ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի («Ի-Դի-Էմ-Սի») կողմից, որը երկրորդ անգամ էր աջակցում ֆորումի կազմակերպմանը:

 

Ֆորումը կազմակերպել էր «Կանայք և տեղեկատվական հասարակությունը» ՀԿ-ն՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ԱՄՆ ՄԶԳ «Ի-Դի-Էմ-Սի» ծրագրի, Հայաստանի ամերիկյան  համալսարանի, Cisco ընկերության, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի աջակցությամբ և Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) տեղեկատվական օժանդակությամբ:

 

«Աղջիկները ՏՀՏ ոլորտում» միջազգային օրը նախաձեռնվել է Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) կողմից, որը ՄԱԿ-ի մասնագիտացված մարմին է: Օրը միջազգայնորեն նշվում է 2010 թվականից` նպատակ ունենալով ստեղծել գլոբալ միջավայր, որը խրախուսում է աղջիկներին և երիտասարդ կանանց մտածելու ՏՀՏ աճող ոլորտում իրենց կարիերան սկսելու վերաբերյալ:

 

Ըստ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության

 «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության»› («Ի-Դի-Էմ-Սի») ծրագրի

մամլո հաղորդակցության

 

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության»› («Ի-Դի-Էմ-Սի») ծրագիրն ուղղված է Հայաստանում բիզնես միջավայրի բարելավմանն ու փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) զարգացմանն աջակցելուն: Հնգամյա այս ծրագրի նպատակն է Հայաստանում բարձրացնել զբաղվածության և եկամուտների մակարդակը` խթանելով աճը արտահանման մեծ ներուժ ունեցող ընտրված արժեքի շղթաներում, որոնք են բարձր տեխնոլոգիաները, դեղագործությունը/բիոտեխնոլոգիաները, պտուղ-բանջարեղենի վերամշակումն ու զբոսաշրջությունը:

 

«Կանայք և տեղեկատվական հասարակությունը» ՀԿ-ն ստեղծվել է 2011թ. սեպտեմբերին: Կազմակերպության առաքելությունն է նպաստել կանանց և աղջիկների ներգրավմանը Հայաստանի տեղեկատվական հասարակությանը: ՀԿ-ն գործում է բազմաթիվ, այդ թվում՝ մասնավոր հատվածի, կառավարության, գիտակրթական և շահույթ չհետապնդող կազմակերպությունների շահառուների համագործակցության հիմքի վրա և նպատակ ունի ռեսուրսները համախմբել հետազոտությունների, հանրային իրազեկման, ծրագրերի խթանման համար, որպեսզի վերացնի աղջիկների և կանանց կողմից տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների օգտագործումը սահմանափակող խոչընդոտները: Այդ իսկ պատճառով ՀԿ-ի գործողությունների նպատակն է նպաստել կրթության, ձեռներեցության, ինչպես նաև ՏՀՏ-ի և հարակից ոլորտներում կանանց մասնակցության և առաջնորդության աճին:

 

Կարդացեք նաև այս թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Դուք բոլորդ Բիլ Գեյթս եք»…

Ժենյա Ազիզյան. «Բոլոր աղջիկները գնում էին պարի խմբակ, իսկ ես՝ ծրագրավորման»…

Համացանցի թագուհիները

Շերիլ Սենդբերգը՝ առաջին կինը Facebook-ի տնօրենների խորհրդում

Դիտումների քանակը` 6426

Գլխավոր էջ