Կարինե Դանիելյան. «Դժվար է, բայց դեռ հնարավոր է ուղղել անցյալում թույլ տրված սխալները…»

 

Հաշված օրեր են մնացել  Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ավարտին:  Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիայի նախագահ, էկոլոգ Կարինե Դանիելյանը՝   մեկնաբանելով քարոզարշավի ընթացքը  ՝ կարծիք հայտնեց, որ   երբեք այսպիսի հետաքրքրություն չի եղել քաղաքի ավագանու ընտրությունների նկատմամբ:

 

«Սա ես դա շատ դրական եմ գնահատում և հույս ունեմ, որ քաղաքում իրոք դրական փոփոխություններ կլինեն, անկախ նրանից թե ինչ արդյունք կտան ընտրությունները»,- ասաց  նա WomenNet-ի հետ զրույցում:

 

Ըստ նրա` մայրաքաղաքում առկա են  քաղաքաշինական, էկոլոգիական, սոցիալական խնդիրներ, որոնց գրեթե բոլոր ընտրություններին մասնակցող  կուսակցություններն  են անդրադառնում:

 

«Շատ կարևոր է , որ քաղաքի բոլոր հիմնական հիմնախնդիրները բարձրացվում են: Դա բավականին հուսադրող է ինձ համար»,-նշեց նա:

 

Կ.Դանիելյանը մայրաքաղաքի խնդիրներից առանձնացրեց քաղաքաշինության ոլորտում առկա իրավիճակը, ընդգծելով, որ  իր համար անսպասելի էր, որ  անկախության տարիներին քաղաքականությունն  այս ուղղությամբ եղավ հակազգային: Նրա դիտարկմամբ`այն  տարվում էր ոչ թե քաղաքի, այլ սպասարկում  միայն մի խումբ մարդկանց  ֆինանսական շահերը:

 

«Դժվար է ուղղել այն սխալները, որոնք արդեն եղել են`այդ  հսկա շինությունները, որոնք շարվել են իրար վրա քաղաքի կենտրոնում: Քիչ հավանական է, որ կարելի է դրանց հարկերը քչացնել կամ ինչ որ ուրիշ բան անել: Բայց կարելի է գոնե այդ որդեգրած սարսափելի ճանապարհը չշարունակել: Շատ գեղեցիկ էր մեր թամանյանական Երևանն իր կանաչ տարածքներով,  ներդաշնակ ճարտարապետությամբ: Իսկ հիմա քաոս է Երևանում: Միգուց, դեռ հնարավոր է մի փոքր շտկել այդ սխալները»,-ասաց Կ. Դանիելյանը:

 

Անդրադառնալով իր համար ամենացավոտ կանաչ տարածքների խնդրին` նա նշեց, որ բոլոր կուսակցություններն էլ անդրադառնում են Երևանի բնապահպանական խնդիրներին, կանաչ տարածքներին: Լուծումներից մեկն իր կարծիքով այն է, որ  քաղաքը պետք է շրջապատվի կանաչ զոնաներով:

 

« Բացի այդ շատ քչերն են խոսում ուղղաձիգ կանաչապատման մեծ հնարավորությունների մասին: Դա եղել է, բայց հենց առաջին հարկերը, նկուղները բաժանեցին բիզնեսի համար, համարյա բոլորը  արմատները կտրտեցին  և դրանով  այդ  խաղողների վերջը տրվեց: Դա պետք է վերականգնել: Գետառը բացել, որի վրա հիմա ռեստորաններ են շարել…»,- կարծում է էկոլոգը:

 

Ամփոփելով իր խոսքը, Կ.Դանիելյանը ևս մեկ անգամ  շեշտեց, որ  քաղաքապետն իր որոշումները կայացնելիս պետք է ելնի քաղաքի, քաղաքացու շահերից:

 

Ա.Հակոբյան

Դիտումների քանակը` 5173

Գլխավոր էջ