Կանայք ՏԻՄ-երում. ներկա և ապագա հաջողությունների գրավականը / վիդեո

 

Վերջերս   Ջերմուկ քաղաքում կայացած երկօրյա համաժողովում , որին   մասնակցում էին Սյունիքի և Վայոց ձոր մարզի կին-ավագանիները,  ամփոփվեցին   2012-ից իրականացվող  “Կանանց  քաղաքական հզորացման աջակցություն` տեղական մակարդակում” ծրագրի արդյունքները :  Նշենք, որ ծրագիրն իրականացվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և  Նիդեռլանդների թագավորության դեսպանատան  (Վրաստան, Թբիլիսի)  համատեղ աջակցությամբ:

 

Ծրագրի ղեկավար Նվարդ Խաչատրյանը ներակայացնելով  ծրագրի ընթացքում արձանագրված  հաջողությունները, ձեռքբերումները և քաղած դասերը, նշեց, որ այսօր արդեն կարելի է փաստել՝ այս  ծրագիրը  խթանեց կանանց քաղաքակական ակտիվությունը և մի քանի քայլ առաջընթաց արձանագրեց կանանց ինքնագնահատականի բարձրացման  և սեփական ուժերի հանդեպ վստահության ավելացման առումով:

 

 

Մասնավորապես,  Սյունիքի մարզում այս փաստը անմիջական ազդեցություն ունեցավ  ՏԻՄ ընտրությունների արդյունքների վրա:  2012-ի սեպտեմբերին Սյունիքում կայացած ընտրությունների արդյունքներով` կանանց թիվը ավագանիների կազմում ամենամեծն է` 17,4 տոկոս, այն դեպքում, երբ ողջ հանրապետության կտրվածքով կանայք ավագանիներում ընդամենը 8,3 տոկոս են կազմում:

 

 

Այստեղ կանայք ակտիվություն ցուցաբերեցին նաև առաջադրման փուլում:  ԿԸՀ տվյալներով` Սյունիքի մարզում համայնքի ղեկավարի թեկնածություն էին առաջադրել 13 կին (9%), իսկ ավագանու անդամության կին թեկնածուների թիվը 120-ն էր (17,3%): Համեմատության համար նշենք, որ հանրապետության կտրվածքով` համայնքի ղեկավարի պաշտոնին հավակնող կանանց թիվը 3,5 տոկոսից չի անցել, իսկ ավագանու անդամության թեկնածու կանայք 9 տոկոս էին կազմել:

 

 

Կին թեկնածուների քաղաքական ակտիվությունն այս տարածքում  մեծապես պայմանավորված էր  նաև այն հանգամանքով, որ այստեղ  գործող ՀԿ-ներն  աջակցել են կանանց` տարբեր նախաձեռնություններ իրականացնելով «Կանանց քաղաքական հզորացման աջակցություն` տեղական մակարդակում» ծրագրի շրջանակներում: Գորիսի կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամը, Սյունիքի մարզի կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի հետ համատեղ աջակցել են Գորիս, Խնածախ, Հալիձոր, Քարահունջ համայնքներում առաջադրված կին թեկնածուներին: Նրանց մասին պատրաստվել են տեսանյութեր, քաղաքական գովազդներ, որոնք հեռարձակվել են տեղական և մարզային հեռուստաընկերություններով: Արդյունքում բոլոր այն կանայք, որոնց մասին պատրաստվել են տարբեր տեղեկատվական նյութեր ու տարածվել տեղեկատվական հարթակներում, ընտրվել են: Թերևս այս փաստն անուղղակիորեն ապացուցում է, որ կանայք ՏԻՄ ընտրություններում գերխոչընդոտները հաղթահարելու խնդիր ունեն և լրացուցիչ աջակցություն ստանալու դեպքում, լինի բարոյական թե տեղեկատվական, հասնում են հաջողության:

 

 

Ըստ էության «Կանանց քաղաքական հզորացման աջակցություն` տեղական մակարդակում» ծրագիրը  ծառայեց իր նպատակին՝ նպաստեց  ՏԻՄ ընտրություններում կանանց  թվի ավելացմանը,  բայց  սա միայն առաջին քայլն է: Այսօր ընտրված կանայք  ակտիվ հաղորդակցվում են իրար հետ և ընտրողների հետ այդ նույն  ծրագրի շրջանակներում ստեղծված բլոգի ( http://womenavagani.blogspot.com/ ) միջոցով: Այն նպաստում է փորձի փոխանակմանը, ավագանու աշխատանքների թափանցիկությանը և նոր հբնարավորություններ ստեղծում  համայնքային խնդիրների լուծման առումով: Մի խwսքով՝ առջևում ՝ նոր պլաններ ու հեռանկարներ են բացվում, որոնք ընտրված կանայք   կփորձեն կյանքի կոչել իրենց ամենօրյա աշխատանքով: Արդյունքները համոզված ենք` չեն ուշանա:

 

 

Առաջարկում ենք   դիտել  Գորիսի երիտասարդ լրագրողների «Շարավիղ» ակումբի  անդամ Իրինա Յոլյանի ռեպորտաժները  համաժողովի , ինչպես նաև  Վայոց Ձորում  ՏԻՄ ընտրություններում կանանց մասնակցության մասին:

 

 

 

 

Դիտումների քանակը` 4378

Գլխավոր էջ