Մարգարեթ Թետչեր. «Իսկ երբ ես մեծացա, կներեք, պարոնայք, արդեն ուշ էր»:
«Բավական է մեկ անգամ կնոջը դնես տղամարդուն հավասար մակարդակում, որ նա իսկույն սկսի գերազանցել տղամարդուն». Սոփոկլես
…«Շատ լավ է, որ ես ամբողջ կյանքում սովորել եմ աղջիկների համար նախատեսված կրթական հաստատություններում: Մանկությունից գրեթե անծանոթ լինելով տղաների պահավածքին՝ ես այդպես էլ չսովորեցի բարդույթավորվել նրանց մոտ և զիջել միայն այն պատճառով, որ տղաներ են: Իսկ երբ ես մեծացա, կներեք, պարոնայք, բայց արդեն ուշ էր», -ասում էր նա, ով համարձակություն ունեցավ ներխուժելու տղամարդկանց իշխանության հուսալի պաշտպանվող ամրոց և դառնալ Մեծ Բրիտանիայի վարչապետ:
…Մարգարեթ Թետչերը բազմաթիվ անգամներ խոսել է ընտանեկան և մասնագիտական պարտականությունների հնարավոր համատեղման մասին: Նրա կարծիքը միանշանակ էր. այո՛, դա հնարավոր է: 1983 թ. Cosmopolitan-ին տված հարցազրույցում նա նշեց. «Ես հույս ունեմ, որ ապագայում մենք կտեսնենք ամուսնությունն ու կարիերան համատեղող ավելի շատ կանանց: Նախատրամադրվածությունը այդ երկակի դերի հանդեպ միայն տղամարդկանց մոտ չէ նկատվում: Ցավոք, առավել հաճախ դա հանդիպում է հենց կանանց մոտ»:
…«Երկաթյա լեդի»-ի դիմակի տակ թաքնված էր սիրող դուստր, մայր և կին: Ե՛վ Թետչերը, և՛ ամուսինը շատ քիչ էին խոսում անձնական կյանքի մասին, սական մի անգամ Դենիս Թետչերն ասաց: «Աշխարհը և ընտանիքը Մարգարեթին տարբեր աչքերով են նայում: Աշխարհը նրան «Երկաթյա լեդի» է անվանում, իսկ երեխաներ անվանում են այնպես, ինչպես պետք է անվանեն «Մա»: Ես նրան այլ կերպ եմ անվանում: Իհարկե, որպես իսկական անգլիական ջենթլմեն, նա այդպես էլ չասեց ինչպես էր դիմում կնոջը:
«Ինչու՞ եք ասում՝ բախտս բերեց, ես արժանի եմ»:
1925 թ. հոկտեմբերի 13-ին Գրանթեմում, երբ Ալֆ և Բեատրիս Ռոբերթսների ընտանիքում ծնվեց նրանց երկրորդ երեխան ՝ Մարգարեթ Հիլդան: Ընտանիքը մի փոքրիկ մթերային խանութ ուներ, որի վերևում էլ գտնվում էր իրենց բնակարանը՝ առանց տաք ջրի և տարրական հարմարավետությունների:
Հայրն ամեն օր, կաթիլ առ կաթիլ ներշնչում էր նրան այն համոզմունքը, որ չարժե նմանվել բոլորին, պետք է անկախ լինել: Նա ասում էր.«Անկախներն են ղեկավարում, երբեք մի գնա ամբոխի հետևից, այլ ամբոխին տար քո հետևից»: Զինվելով հոր խրատներով` երիտասարդ Մարգարեթը դարձավ առաջնորդ, ում աշխարհը երկար կհիշի: Խորաթափանցությունն ու նպատակասլացությունն օգնեցին Մարգարեթին դառնալու անգլիական թորիների առաջնորդ, իսկ փառասիրությունը հնարավորություն տվեց իշխանության մեջ ավելի երկարակյաց լինելու, քան 20-րդ դարի որևէ այլ գործիչ:
…Մարգարեթը հոր խոսքերը միշտ էր հիշում, հատկապես երբ տխրում էր: Նա հաճախ էր կրկնում. «Այս ամենին ես կարողացել եմ հասնել միայն շնորհիվ իմ հայրիկի, նրա տված դաստիարակության և պատվիրանների: Պատվիրանները շատ չէին. երբեք չդադարել աշխատել, երբեք հունից դուրս չգալ, երբեք բարձրաձայն չխոսել սեփական անհաջողությունների մասին և երբեք չգնալ ամբոխի ետևից, ավելի լավ է քո հետևից տանես: Խոնարհ դուստրը միշտ հետևում էր այս խորհուրդներին: Չնայած չհետևել չէր կարող. ընտանիքում ընդունված էր լսել հայրիկին, հաճախակի եկեղեցի գնալ, հանգստյան օրերին չհանգստանալ և խնայել: Երբ Մեգին մեծացավ, նրան հասնում էր շաբաթական 2 պենս գրպանի ծախսերի համար և մի քիչ ավելին՝ տոների և ծննդյան օրերի համար: Սակայն դա չի նշանակում, որ նա անմիջապես ծախսում էր այդ փողերը պաղպաղակի վրա: Փողերը կուտակվում էին բանկային հաշվեհամարում, և նրա մտքով անգամ չէր անցնում իր համար որևէ նոր զգեստ գնել կամ կինոթատրոն գնալ: Իր ամբողջ ազատ ժամանակը նվիրում էր ուսմանը: Մի անգամ նա հաղթում է բանաստեղծությունների մրցույթում, և ուսուցչուհին, հանձնելով մրցանակը, ասում է. «Բախտդ բերեց, Մարգարեթ», և ի պատասխան Մեծ Բրիտանիայի ապագա վարչապետն ասում է. «Իսկ ինչու՞ եք ասում՝ բախտս բերեց, ես արժանի եմ»:
Դպրոցից հետո օրիորդ Մարգարեթը սովորել է Օքսֆորդի հնագույն կանանց քոլեջում՝ քիմիա էր ուսանում: Հակառակ սեռի ներկայացուցիչների հետ հարաբերությունները այդքան էլ լավ չէին դասավորվում: Նա սիրահարվեց մի երիտասարդ կոմսի, սակայն նրա մայրը դեմ էր, և խանութպանի աղջկա հարցը մեկընդմիշտ լուծված էր: Օրիորդ Ռոբերթսը, իհարկե, տխրեց, սակայն ոչ այնքան, որ թողնի իրեն կոմսից ավելի շատ հետաքրքրող ոլորտը՝ քաղաքականությունը: Քաղաքականություն, քաղաքականություն, քաղաքականություն… Պարզվեց՝ այդ սերը փոխադարձ էր:
Այնուհետև ՝ Լոնդոն և առաջին խորհրդարանական ընրություններ: Պարտված, իհարկե: Մի՞թե այնպիսի հզոր արդյունաբերական շրջանը, ինչպիսին Դարթֆորդն է, կքվեարկեր 23-ամյա աղջկա օգտին: Սակայն այդ ընտրությունները Մարգարեթին տվեցին ավելին, քան նա սպասում էր. Դենիս Թետչերին:
«Ոտքը արգելակին»
Արդյոք դա սեր էր առաջին հայացքից: Երևի թե ոչ: Մարգարեթը արդեն երկու անգամ հասցրել էր պարտվել ընտրությունների ժամանակ, երբ Դաունինգ-Սթրիթ 10 վերադարձավ իր կուռքը՝ Ուինսթոն Չերչիլը: Տոնական հանդիսություններից մեկի ժամանակ էլ Դենիսը ամբիոնից հայտարարեց, որ ամունանում է Մարգարեթի հետ:
1951 թ. դեկտեմբերի 13-ին նա խորանի մոտ հայտնվեց ոչ թե սպիտակ, այլ մուգ կապույտ թավշյա զգեստով: Նախ՝ Դենիսը ամուսնացած էր եղել (նրա առաջին կնոջ անունը նույնպես Մարգարեթ է եղել), երկրորդը՝ հարսանիքից հետո նա դարձրեց այն երեկոյան զգեստ և երկար ժամանակ դեռ կրում էր, և երրորդը՝ կապույտը պահպանողականների գույնն է:
Դենիս Թետչեր: Այս անունը Անգլիայում ասոցացվում էր վառ և հաջողակ կնոջ թիկունքի ետևում ճնշված տղամարդու կերպարի հետ: Սակայն նրանք, ովքեր ասում են այս, չգիտեն, որ իրականում այդ տղամարդը թիկունք և հենարան էր, և ինչպես Դենիսն էր ինքն իրեն անվանում, «արգելակի վրա գտնվող ոտք» վարչապետի համար:
Արարողակարգի համաձայն նա միշտ պետք է լիներ իր կնոջից երեք քայլ ետ, հարցերին տար հակիրճ պատասխաններ և չխառնվեր պետական գործերին: Դենիսը չէր էլ խառնվում: Ընդհանրապես նա տիպիկ անգլիացի էր. շատ քիչ էր խոսում, շատ վիսկի էր խմում, շատ գոլֆ էր խաղում և ոչ մի էմոցիա ցույց չէր տալիս: Մարգարեթը ուղղակի պաշտում էր նրան. «Իմ ելույթների ժամանակ նա երբեք չի քնում և ծափահարում է անհրաժեշտ տեղերում»:
Լրագրողների այն հարցին, թե ով է իրենց ընտանիքում տաբատ հագնում, Դենիսը տիպիկ անգլիական հումորով պատասխանում էր. «Ես: Ինչպես նաև լվանում և արդուկում եմ այն»:
Ինչ խոսք, առանց Դենիսի, ավելի ճիշտ առանց նրա փողերի, Մարգարեթի քաղաքական կարիերան չէր կայանա: Շատերն էին կարծում, որ այդ ամուսնությունը շահադիտական նպատակներ էր հետապնդում, սակայն 52 տարվա համատեղ կյանքը արդյոք չի կարող հերքել այդ տեսակետը:
Երբ 88 տարեկան հասակում Դենիսը հեռացավ կյանքից, Թետչերն առաջին անգամ զգաց, որ իրենից երեք քայլ ետ այլևս ոչ ոք չկար: Եվ առաջին անգամ կյանքում նա լաց եղավ հանրության առջև:
«Արթնացե՛ք, կանայք»
Մարգարեթը երկրորդ՝ իրավաբանական կրթություն էր ստանում, երբ պարզվեց, որ հղի է: Իսկ Անգլիայում գահին բազմեց Եղիսաբեթ II-ը, և, ոգևորված այդ իրադարձությունից, Մարգարեթը «Արթնացե՛ք, կանայք» խորագրով հոդված գրեց: «Իսկ ինչու կինը չի կարող դառնալ ֆինանսների կամ արտաքին գործերի նախարար», շարունակ հարցնում էր նա թերթերի և ամսագրերի շապիկներից: Իսկ ինչու կինը չի կարող դառնալ վարչապետ, նա չէր հարցնում, որովհետև հասկանում էր դա դեռևս անհասանելի է իր պարագայում, երբ հղի տնային տնտեսուհին պատրաստվում էր փաստաբան դառնալ: Ծնվեցին երկվորյակները՝ Մարկը և Քերոլը, և չար լեզուները շտապեցին նկատել , որ դա էլ ժամանակի տնտեսման արդյունք էր:
Քերոլը դարձավ առաջատար լրագրող: Իսկ Մարկը ամբողջ կյանքն ապրելով մոր փառքի և հոր փողերի շվաքի տակ՝ 52 տարեկան հասակում ճաղերի ետևում հայտնվեց Գվինեայում քաղաքական հեղաշրջում կազմակերպելու մեղադրանքով: Մեկուկես տարի մահապատժի սպառնալիքի տակ լինելուց հետո նրան ազատ արձակեցին 165 000 ֆունտ ստեռլինգ դիմաց, որոնք մայրն էր վճարել:
1953-ին, նույն տարում, երբ լույս աշխարհ եկան իր երեխաները նա ուժ ու ժամանակ գտավ ավարտելու իրավաբանական դպրոցը ` ստանալով իրավաբանի որակավորում: Դրանից հետո 5 տարի իրավաբանական գործունեություն է ծավալել: Հետագայում նա իր մտածելակերպը բնութագրել է որպես տարաբնույթ կրթության արդյունք.«Սկզբում ես գիտնական-հետազոտող էի, քանզի գիտության մեջ փաստերը դիտարկում ու եզրահանգումներ ենք անում, ապա դարձա փաստաբան. ուսումնասիրելով օրենսդրությունը` ուսումնասիրում ենք կառույցները: Ու երբ որևէ գործընթաց ենք հանգուցալուծում, երբեմն հակասություն է առաջանում գործող օրենքների ու ներկա հասարակության միջև: Այդ ժամանակ ստեղծում ենք նոր օրենքներ»:
«Նորից այս գրողի տարած կինը»
1959 -ին Մարգարեթը խորհրդարան մտավ, իսկ երկու տարի անց նրան պաշտոն առաջարկեցին նախարարությունում: Բաղձալի բարձունքին հասնելու հաջորդ քայլը կրթության և գիտության նախարարի պաշտոնն էր: Հատկանշական է, որ հենց նա չեղյալ հայտարարեց 7-ից-11 տարեկան երեխաներին անվճար կաթով կերակրելու ծրագիրը: Խնայողությունը ընդամենը 19 մլն. դոլար էր, սակայն ամբողջ կյանքում նրան այդպես էլ չհաջողվեց ազատվել «Թետչեր – Միլք Սնեչեր» (կաթ առևանգող) մականունից: Ճիշտ է, նա նույնիսկ իր ամուսնուն էր կերակրում պաշտոնական ընթրիքներից հետո մնացաց ուտելիքներով: Այնուամենայնիվ, շատերը իսկապես ատում էին նրան: Եվ, չնայած, արցունքները թափվում էին, Մարգարեթը անդրդվելի էր: «Ինձ երբեք չեն ստիպի իմ ցանկությանը հակառակ շարժվել»:
1979 թ. Մարգարեթը մտավ վարչապետի նստավայր՝ ասելով. «Մենք համաձայնություն կբերենք այնտեղ, ուր կա տարաձայնություն, ճշմարտություն կբերենք այնտեղ, ուր կա մոլորություն, մենք հույս բերենք այնտեղ, ուր կա հուսահատություն»: Եվ այն ամբոխը, որ դեռ երեկ ատում էր նրան, հիմա գոչում էր. «Կապույտը մեր գույնն է, իսկ մեր առաջնորդը՝ Մեգգին է»:
…Երբ ամեն ինչ գրեթե կորած էր թվում, Մարգարեթի քաղաքական կարիերան փրկեց պատերազմը: Ամենաիսկական պատերազմը Ֆոլքլենդյան կղզիներում: Երկու ամսվա ընթացքում մոտ հազար մարդ զոհվեց, իսկ Թետչերի քաղաքական դիրքը արմատապես փոխվեց: Նրա հակառակորդներն իմացան՝ ինչպիսի մետաղից է ստեղծված «Երկաթյա լեդին»: Մեծ Բրիտանիան և Թետչերը հաղթեցին: Եվ հանրությունը կրկին սիրեց նրան:
Լեդի Մարգարեթը մանկուց սովոր էր մականուններին, և նրան բոլորովին չէր հուզում իր կառավարման դարաշրջանին գրեթե պաշտոնապես տրվող անունը՝ Թետչերիզմը: Ցավոք, այս բառը շատ հաճախ բացասական երանգով է արտասանվում, սակայն գոյություն ունի անշահախնդիր և արդարադատ դատավոր՝ ժամանակը:
Իր ոչ այնքան պոպուլյար քայլերը նա արդարացնում էր Աբրահամ Լինքոլնից փոխառած մտքով.«Դուք չեք կարող ուժեղացնել թույլին` ուժեղին թուլացնելով, չի կարելի, հարուստներին վերացնելով, օգնել աղքատներին: Չեք կարող օգնել մարդկանց` նրանց փոխարեն անելով այն, ինչ կարող են ու պետք է անեն հենց նրանք»:
Բոլոր դեպքերում Թետչերն արեց ավելին, քան իր երեք նախորդները` միասին վերցրած: Նա կարողացավ պետական տնտեսության խորտակվող նավի ղեկանիվն արագ ու արդյունավետ պտտել, և թերևս չգտնվեր մեկ ուրիշը, որ կարողանար այդպես լավ գլուխ հանել ստեղծված իրավիճակից: Բայց վերաբերմունքը նրա նկատմամբ երբեք միանշանակ չի եղել:
Երբ նա խորհրդարան էր գալիս, առաջին շարքերից լսվում էր. «նորից այս գրողի տարած կինը»՛, իսկ հետևի շարքերից քթի տակ մրթմրթում էին ՝ «վհուկ»: Անգլիական խորհրդարանում մրցակցին չի կարելի անվանել խաբեբա, ստախոս, իսկ «վհուկ» ՝ խնդրեմ, կանոններում այդ մասին ոչինչ չի ասվում…
Նա սիրում էր նաև մեջբերել Սոփոկլեսին.«Բավական է մեկ անգամ կնոջը դնես տղամարդուն հավասար մակարդակում, որ նա իսկույն սկսի գերազանցել տղամարդուն», և այս փաստը նրան կարծես թե երբեք չէին ներում…
Ամենակարևորը առողջությունն է և գազոնը
Վարչապետության վերջին օրը նա արցունքները հազիվ էր զսպում. իր թիմի որոշ անդամներ փախան հաղթողի մոտ: Սակայն կարողացավ հավաքվել և խաղալ իր կյանքի ամենաազդեցիկ ներկայացումը: Ելույթն այնքան ազդեցիկ էր, որ հակառակորդները իրենց տեղերից բարձրանում և գոչում էին. «Անգլիացիները երևի խելագարվել են՝ նման յուրահատուկ թեկնածուի թեկնածությունը չհաստատելով»:
Նա հիշողությունների գիրք գրեց, որտեղ նկարագրեց այհն ամենն ինչ կատարվում է աշխարհում: Անձնական կյանքի մասին շատ քիչ բան կա այնտեղ: Միայն ափսոսանքն այն բանի համար, որ երբեմն ուզեցել է կարմիր զգեստ հագնել, բայց արարողակարգը միշտ չէ, որ թույլ է տվել:
1992-ին թագուհի Եղիսաբեթ II-ը բարոնուհու կոչում շնորհեց և ցկյանս իրավունք նստել Լորդերի պալատում:
2005 թ. հոկտեմբերի 13-ին Մարգարեթ Թետչերը դարձավ 80 տարեկան: Չնայած բժիշկների արգելքներին նա սեփական հոբելյանի ժամանակ հրապարակային ելույթ ունեցավ: Սակայն նա չխոսեց ապրած տարիների կամ ընտանիքի մասին: Երկաթյա լեդին հավատարիմ մնաց իրեն և քննադատեց Թոնի Բլերի որոշումը զորքերը Իրաք մտցնելու մասին: Նրան չխանգարեց նույնիսկ այն հանգամանքը, որ թագուհին և հենց Թոնի Բլերը ներկա էին:
Ավելի հաճախակի դարձան միկրոինսուլտները. այդքան էլ երկաթյա չէր երկաթյա լեդիի առողջությունը:Այսօր նրա հետ, մի ողջ դարաշրջան է հեռանում: Իր վերջին հարցազրույցներից մեկում Մարգարեթ Թետչերն ասել է, որ ցավոք կամ էլ բարեբախտաբար, առաջին անգամ կյանքում ավելի շատ ժամանակ է ունենում մտորելու համար: Ասաց, որ իր գեղեցիկ այգում ճոճվող բազկաթոռին նստած՝ նա մտածում է իր առողջության, երեխաների բարեկեցության և երկրի բարգավաճման մասին»: Հենց այդ հերթականությամբ:
Երբ բրիտանացիների շրջանում հարցում էին անցկացնում, թե Թետչերի՝ վարչապետի պաշտոնում կատարած քայլերից որն են առավել դրական գնահատում, հարցվողների մոտ մեկ երրորդը պատասխանում էին. «Նրա՝ իշխանության գալուց ի վեր այգիներում գազոններն ավելի խնամված դարձան»: Ահա այսպես: Քաղաքականություն, տնտեսություն. իսկական անգլիացու համար այս ամենն այնքան էլ կարևոր չէ: Եթե անգլիական գազոնը խնամված է, ուրեմն երկրում ամեն ինչ կարգին է: Շնորհակալությու՛ն, լեդի Թետչեր…
Նյութը պատռաստված է ՝
Ջին Լանդրամի «Տասներեք կին,որոնք վերափոխեցին աշխարհը»
գրքի և այլ բաց աղբյուրների հիման վրա
Լուսանկարները՝ Daily Mail
Կարդացեք նաև մեր կայքում.
Լոնդոնը հրաժեշտ է տալիս Մարգարեթ Թետչերին
«Աքլորը կարող է բարձր ծուղրուղու կանչել, ձվեր սակայն, հավերն են ածում» – Մարգարեթ Թետչեր
Հեռացավ կյանքից Մարգարեթ Թետչերը
Դիտումների քանակը` 10466