Սուսաննա Բարխուդարյան. «Հաջողակ է այն ընտանիքն ու պետությունը, որտեղ պահանջված է կնոջ միտքը, խելքը, շնորհքը»
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից ,Բարև Երևանե բլոկի ցուցակն ունի 64 անդամ, որից 25%-ն են կանայք: Նրանցից է 19-րդ տեղը զբաղեցնող Սուսաննա Բարխուդարյանն, ով սիրով համաձայնվեց պատասխանել WomenNet-ի հարցերին: Տիկին Սուսանան ծնվել է 1951թ-ին, ամուսնացած է, ունի մեկ դուստր, իսկ աշխատանք` ներկայումս չունի: Ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտը, Մոսկվայի Պլանավորման և մատակարարման բարձրագույն դպրոցը և այլ ուսումնական հաստատություններ:
Մասնագիտական աշխատանքներից բացի, նա ներգրավված է եղել նաև հասարակական աշխատանքներում: ,Ժառանգությունե կուսակցության անդամ է 2007 թ.-ից: Եղել է Կանոնադրական հանձնաժողովի նախագահ, վարչության անդամ: Համակարգել է Կենտրոնի և Դավիթաշենի ստորաբաժանումները, իսկ ներկայումս համակարգում է Մալաթիա-Սեբաստիա համայնքի կուսակցական աշխատանքները:
-Ինչպե՞ս և ինչո՞ւ հայտնվեցիք «Ժառանգություն» կուսակցությունում:
-Միշտ համակրանք եմ ունեցել Րաֆֆի Հովհաննիսյան քաղաքական գործչի, նրա գործունեության նկատմամբ և մի օր վճռեցի դառնալ ,Ժառանգությունե կուսակցության անդամ: Հիմա շատ ուրախ եմ, որ այդ կուսակցության անդամ եմ և պայքարում եմ նոր Հայաստանի կայացման համար: Եկել է ժամանակը, որ մեր իշխանավորները հասկանան, որ այսպես շարունակել այլևս հնարավոր չէ…
Գիտեք, ես շատ հնարավորություններ են ունեցել արտերկրում անհոգ ապրելու, սակայն երբևիցե մտքովս չեմ անցկացրել դիմել այդ քայլին: Ես սիրում եմ իմ երկիրը և հպարտությամբ եմ կրում հայ լինելու իմ կոչումը: Ուստի պետք է մնալ այստեղ և պայքարել նոր Հայաստանի կայացման համար:
–Որքանո՞վ եք կարևորում մայիսին սպասվող Երևանի ավագանու ընտրությունները և ինչպե՞ս եք գնահատում «Ժառանգություն» կուսակցության հնարավորությունները` հաշվի առնելով այն գնահատականները, որ շարժման վարկանիշը վերջին օրերին ընկել է:
-Երևանի ավագանու ընտրությունններով մեր մայրաքաղաքի ապագան է պայմանավորված: Եվ կարծում եմ, որ մենք անպայման հաջողության ենք հասնելու: Իսկ վարկանիշի անկմանը վերաբերող գնահատականները պարզապես քաղաքական խանդի դրսևորումներ են:
-Տիկին Սուսաննա , ասում են ,խոսունե կարգախոսը շատ հարցեր է լուծում: Ըստ Ձեզ, ո՞րն է «Բարև Երևան»-ի հաջողության գրավականը:
-Բարևն Աստծուն է և դրա մեջ մեծ խորհուրդ կա: Բարևի մեջ մեծ իմաստ կա: Այդ ձեռքսեղմումների միջոցով քո զգացումները, հոգու կանչը ու նվիրումը փոխանցում ես դիմացինիդ: Ես այդտեղ մեծ խորհուրդ եմ տեսնում:
-Երևանը երեկ և այսօր` Ձեր գնահատականը:
-Շատ է փոխվել Երևանը: Երեկվա Երևանի շատ կանաչ տարածքներ դարձել են ոմանց շահերը սպասարկելու միջոց: Դավիթաշեն թաղամասն, ու հիմա ես ապրում եմ, (Պուշկինի փողոցից ենք տեղափոխվել այնտեղ) պետք է լիներ բացառիկ կանաչապատ ավան` իր օազիսներով…
Շատ փոփոխություններ եղան ի վնաս Երևանի: Թամանյանական հարմոնիան խեղվեց և այսօր, ցավոք, ունենք այն, ինչ որ ունենք: Անխնա ոչնչացվում են պատմամշակության արժեքները, օրինակ Փակ շուկան: Երևանի ապագան պետք է հուսալի ձեռքերում հայտնվի:
-Ըստ Ձեզ, որոնք են Երևանում առկա առանջնահերթ լուծման կարիք ունեցող խնդիրները:
-Երևանը գիտե՞ք ինչպես եմ դիտարկում: Երևանը, կարծես, իմ տունը լինի, իսկ քաղաքացիներին միշտ մոտենում են այնպես, ինչպես իմ ընտանիքի անդամներին: Ես իսկապես տեսնում եմ շատ մեծ փոփոխությունների անհրաժեշտություն, հատկապես կանաչապատման առումով: Բուժսպասարկման ոլորտն էլ բարեփոխումների կարիք ունի:
Իսկ ընդհանարպես ես ավելի քիչ տեղ եմ տալիս նախընտրական ծրագրերին: Մեկ- մեկ, երբ լսում եմ մեր պաշտոնյաներին, նրանք այնպիսի անթերի ծրագրերով են հանդես գալիս, որ ես ամեն անգամ հիանում եմ: Բայց խնդիրն այստեղ այն է, որ այդպես էլ այդ ծրագրերը չեն իրականացվում. շատ ծրագրեր կարող են գրվել և չիրականացվել: Իմ կարծիքով, առաջինն անհրաժեշտ է մարդուն գնահատել , դա է ,Ժառանգությունե կուսակցության գործելաոճը: Ամենամեծ արժեքը մեզ համար դա մարդն է:
-Ինչպես եք տեսնում կանանց մասնակցությունը Ձեր կողմից նշված հարցերի, խնդիրների լուծման գործում :
-Անգնահատելի դեր կարող են կանայք ունենալ այդ հարցերում: Կինը քաղաքականության մեջ կարծես բեկում է մտցնում: Ըստ իս`այն ընտանիքներն են հաջողակ, որտեղ կա տղամարդու և կնոջ կարծիքների, համատեղ գործելու մեծ համադրություն : Դա այդպես է, ոչ միայն տանը: Հաջողակ են այն ընտանիքն ու պետությունը, որտեղ անմնացորդ օգտագործվում են կնոջ միտքը, խելքը, շնորհքը:
-Իսկ Ձեր գնահատմամբ` երկրի այսօրվա կառավարման համակարգում արդյունավե՞տ է այդ ներուժն օգտագործվում:
-Եթե մեր կուսակցության համար ասեմ, ապա պետք է նշեմ, որ «Ժառանգություն»-ում կանանց իրոք արժևորում են: Իսկ ընդհանրապես, հայ կինը մեր երկրում ակտիվ հասարաքաղաքական գործունեություն ծավալելու համար դեռ շատ դժվարություններ պետք է հաղթահարի:
Ա.Հակոբյան
Դիտումների քանակը` 3750