Ջեմմա Բաղդասարյան. «Չեմ կարող ասել, որ հեշտ է, բայց ես սիրում եմ իմ աշխատանքը»

 

Ջեմմա Բաղդասարյանը Հայաստանի այն եզակի կանացից է, ով երկար տարիներ աշխատել է ղեկավար պաշտոններում` շուրջ 17 տարի զբաղեցնելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության վարչության պետի, իսկ 2009-ից` նախարարի տեղակալի պաշտոնը: Ինչպես նա նշեց WomenNet-ի թղթկացի հետ զրույցում, շատ է սիրում իր աշխատանքը և ապրում է դրանով:  

 

– Եթե հետադարձ հայացք եք գցում Ձեր անցած ուղղուն` ապա , որպես կին, ի՞նչ դժվարություններ եք ստիպված եղել հաղթահարել :

Որպես կին ես խնդիր չեմ ունեցել: Իհարկե, եղել են դժվար, լարված, մարտահրավերներով լի ժամանակներ, բայց կին լինելու հանգամանքը երբևէ չի  խանգարել: Ասեմ ավելին` կոլեկտիվում կանանց ներկայությունը մեծապես օգնում է արյունավետ աշխատանքին:  Չեմ ընդունում  «տղամարդ կին» բնորոշումը: Կինը չպետք է կորցնի կանացիությունը, միաժամանակ մնալով պահանջկոտ ղեկավար և լավ կազմակերպիչ:

  

 

-Եթե Ձեզ հնարավորություն տրվեր նորից վերապրել անցած տարիները, ինչ-ոչ  բան կփոխեի՞ք:

Կարծում եմ, շատ բան չէի փոխի, որովհետև իմ խառնվածքն է դա պահանջում: Մարդկանց հետ աշխատել, խնդիրներ վեր հանել, որոշումներ ընդունել,  ակտիվ գործունեություն ծավալել` սա է իմը: Ես ապրում եմ այդ ամենով, շատ եմ սիրում իմ աշխատանքը: Չեմ կարող ասել, որ հեշտ է, ոլորտը բազում խնդիրներ ունի. հաշմանդության, տարեցների, ծերացման, բազմաբնույթ այլ հարցեր, բայց ես սիրում եմ նաև դժվարություններ հաղթահարել:

 

 

-Շատերը ասում են, թե  կին- պաշտոնյան և ընտանիքը անհամատեղելի են: Ձեր ընտանիքը տուժե՞լ է այս հարցում:

Պաշտոնյա կանայք, իհարկե, որոշակի դժվարություններ ունենում են: Սակայն իմ բախտն այդ առումով բերել է: Ես ապրել եմ սկեսուրի, սկեսայրի, տալիս հետ: Ամբողջ կյանքը մենք միասին ենք ապրել և ընտանիքիս անդամները միշտ ըմբռնումով են մոտեցել իմ զբաղվածությանը, գործուղումներին, նաև տանը` երեկոյան ժամերին,  հանգստյան օրերին աշխատանքային խնդիրներ  լուծելուն: Ամենամեծ աջակցությունը միշտ ստացել եմ ամուսնուցս, որն  իմ ամենալավ ընկերն է և  միշտ ինձ լավ է հասկացել:  Բայց պետք է ասեմ, որ ես ինքս ևս ամեն ինչ անում եմ, որպեսզի ընտանիքս չտուժի: Աշխատանքի վայրում ես ղեկավար եմ, իսկ տանը կին, հոգատար մայր: Փորձում եմ  յուրաքանչյուր օրը հետաքրքիր դարձնել: Շատ եմ սիրում խոհանոց, հետաքրքիր ուտեստներ եմ պատրաստում նաև իմ սեփական բաղադրատոմսերով, ինչը հաճույքով է ընդունվում ոչ միայն ընտանիքիս անդամների, այլև մեր բազմաթիվ ընկերների կողմից :

 

Ունեմ երկու որդի, նրանք կայացել են, աշխատում են ընտրած մասնագիտություններով: Մեծ տղաս մեզ երկու հրաշք թոռնիկ է պարգևել: Եթե հանրագումարի բերեմ ասածս, ապա` ցանկացած կնոջ համար առաջնայինն  ընտանիքն է, սակայն ոչ պակաս կարևոր է աշխատանքում ևս կայանալը, ինքնազարգացումը, պատասխանատվությունը վստահված գործի հանդեպ:

– Տիկին Բաղդասարյան, ձեզ իրոք հաջողվել է կայանալ  եւ աշխատանքում,  եւ անձնական կյանքում:  Սակայն Հայաստանում քիչ չեն այն  ընտանիքները, որտեղ կինը գրեթե ձայնազուրկ է, պարտավոր է միայն տան գործերով զբաղվել, երեխաներին պահել և այլն: Ի՞նչ կասեք այդ մասին և առհասարակ ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում գենդերային հավասարությանը հասնելու հեռանկարը:

 

-Իհարկե, եթե ասենք այդ առումով պրոբլեմներ չկան `սխալ կլինի: Վերջին տարիներին կառավարությունը, մեր նախարարությունը, հասարակական կազմակերպությունները մեծ աշխատանք են տանում`  գենդերային հավասարության, կնոջ դերի մասին  իրազեկվածության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ: Դա միայն կնոջ խնդիրը չէ, ամբողջ հասարակության խնդիրն է:  Պետք է փաստեմ, որ այս առումով որոշակի առաջընթաց կա:  Այսօր ունենք ակտիվ կանայք ԱԺ-ում, կառավարությունում, տեղական ինքնավարման մարմիններում, բիզնես միջավայրում, նրանցով մենք հպարտանում ենք:  Այլ բան է, որ կնոջ հսկայական պոտենցիալը դեռևս լիարժեք չի օգտագործվում և մենք դեռ շատ անելիքներ ունենք:

 

 

-Ոստիկանության տվյալներով`անցյալ տարի ընտանեկան բռնության հետևանքով Հայաստանում 5 կին է մահացել: Ձեր գնահատականը այդ երևույթի նկատմամբ:

Այստեղ պետք չէ թվերով խոսել, մեկ դեպքն էլ արդեն իսկ շատ-շատ  է: Երևույթն է ահավոր: Պետք է ամեն ինչ անել նման երևույթները կանխարգելելու  և մեղավորներին  պատժելու համար:

 

 

-Ի՞նչ խորհուրդ կտաք այն կանանց, ովքեր հանդիպում եմ արգելքների, պատնեշների:

-Պետք չէ դժվարություններից վախենալ: Լավ կլինի, որ մեր երիտասարդները մինչև ամուսնանալն այդ հարցը քննարկեն իրենց ընտրյալի հետ: Սակայն հետո էլ ուշ չէ: Պետք է ընտանիքում խորհրդակցել, բացատրել, հասնել փոխըմբռնման:  Եթե կինն իրոք ցանկանում է աշխատել, կայանալ, վստահ է իր ուժերին, կարող է հաջողության հասնել:

 

Ա.Հակոբյան

Լուսանկարները՝ անձնական արխիվից

Դիտումների քանակը` 9618

Գլխավոր էջ