«Քանի՞ տղամարդ մեր երկրում իր կնոջը թև է տալիս»

 

Այս հարցադրումը թերևս  միակը չէր  ուշագրավ այն դիտարկումների շարքում, որ հնչեցին   «Մեդիա կենտրոնի» կողմից կազմակերպված   «Ավագանու ընտրություններին ընդառաջ. կանանց ներգրավածությունը քաղաքական գործընթացներում» թեմայով քննարկման ընթացքում, որին մասնակցում էին  տարբեր քաղաքական ուժերի, կանանց հիմնահարցերով զբաղվող հկ-ների ներկայացուցիչներ, փորձագետներ:

 

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը իր խոսքում նշեց, որ ինքն անձամբ միշտ քննադատել է հայրենի կուսակցությունը այն զգուշավորության համար, որ ՀՀԿ-ն ունեցել է կանանց` ակտիվ քաղաքական գործընթացներում ներգրավվելու առումով: Սակայն այսօր ուրախությամբ փաստում է, որ վերջին ընտրություններում հատկապես այդ զգուշավորությունը փոխվեց համարձակությամբ, ինչի արդյունքում այսօրվա Ազգային Ժողովում ներկայացված 14 կանանցից 9-ը ՀՀԿ խմբակցության անդամ են:

 

«Եվ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, և «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների ու հնարավորությունների մասին» օրենքը, որը շուտով երրորդ ընթերցմամբ կընդունենք նպաստում են, որպեսզի կանանց ներկայացվածությունն բարձրանա:  Բայց ամենակարևորը թերևս մեր հասարակության վերաբերմունքն է և կանանց իրար հանդեպ հանդուրժողականությունը, որի մասին ես շատ եմ բարձրաձայնել, բայց դարձյալ պետք է կրկնեմ` հիմնականում հենց կանայք են անխնա քննադատում կանանց և հենց կանայք չեն ընտրում կանանց»,- հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավորը` հավելելով, որ եթե հասարակությունում առկա է այդ պահանջը, որպեսզի կանայք շատ լինեն քաղաքականության մեջ, ապա կանայք պետք է ավելի հանդուրժող լինեն միմյանց հանդեպ:

 

Անդրադառնալով առաջիկայում սպասվող Երևանի ավագանու ընտրություններին, Կարինե Աճեմյանը նշեց, որ վստահ է, որ այդ ժամանակ ևս կարտացոլվի ՀՀԿ-ի դիրքորոշումը` ավելացնել կանանց մասնակցությունը քաղաքական գործընթացներում:

 

«Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանի կարծիքով,  Հայաստանում, որտեղ ոչ մի ոլորտում օրենք չի գործում, այդպես էլ այն չի գործում կանանց ներրկայացվածության  պարագայում: Օրինակ բերելով Ազգային Ժողովի չորրորդ գումարման նստաշրջանում «Ժառանգություն» խմբակցությունը, որտեղ կանայք և տղամարդիկ գրեթե հավասարապես էին ներկայացված, տիկին Բախշյանը հայտարարեց, որ իրենց կուսակցությունը նոր մշակույթ բերեց խորհրդարան` ցույց տալով, թե ինչպիսին պետք է լինի ԱԺ պատգամավորը , սակայն հավելեց` «պարզվեց սակայն, որ դա բավարար չէր, որպեսզի մենք նորից հայտնվեինք ԱԺ-ում..» .

 

«Այստեղ շատ խորքային ու համակարգային խնդիրներ կան ու նաև կարևոր է` կինը իշխանություն է ներկայացնում, թե ընդդիմություն»,- հայտարարեց նա, ինչին անմիջապես հակադարձեց ՀՀԿ-ական պատգամավորը, մատնանշելով, որ գոնե Ա.Բախշյանը դա չպետք է ասի, հաշվի առնելով նրա աշխատանքը (Ա.Բախշյանը, հիշեցնենք, ներկայումս զբաղեցնում է Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրենի պաշտոնը- Է.Մ.):

 

Անդրադառնալով  խոչընդոտներին, որոնք  խանգարում են կանանց  տղամարդկանց հետ հավասար դրսևորվել  քաղաքականության մեջ, «Ժառանգության» ներկայացուցիչը նշեց, որ դրանց թվում առաջնայինը այն  խնդիրն է, որ կանայք իրենք իրենց չեն վստահում ու չգիտեն, թե ինչ ուժ ունեն.

 

«Դա կախված է ոչ միայն միջավայրից, այլ ընտանիքից ու ամուսնուց, ով քեզ հավատում ու վստահում է, քո կեսն է ու թև է տալիս քեզ: Եթե ամուսինդ այդպիսին է, ապա դու կարող ես ու անում ես դա: Իսկ քանի՞ տղամարդ մեր երկրում իր կնոջը թեև է տալիս` եկեք այս հարցը տանք ինքներս մեզ»,- հետաքրքրվեց նախկին պատգամավորն ու համաձայնեց մասնակիցների այն կարծիքների հետ, որ այսօր այդպիսի տղամարդկանց թիվը, բարեբախտաբար, աճել է:

 

Ինչ վերաբերում է Երևանի ավագանու ընտրություններում իրենց ցուցակին ու հավանական հաղթանակին, ապա Ա.Բախշյանը հույս հայտնեց, որ անցողիկ տեղերում մեծ կլինի նաև կանանց թիվն ու որակը, քանի որ այն ոլորտը, որտեղ շատ են կանայք, «ավելի լավ ու հեշտ է շնչում և ավելի նպաստավոր է դառնում հասարակության համար»:

 

ԲՀԿ ցուցակի 6-րդ հորիզոնականում ներկայացված Թամարա Պողոսյանը, ով նաև առաջին կին թեկնածուն է այդ ցուցակում, իր տեսակետը թեմայի  շրջանակում ներկայացնելուց առաջ հիշեցրեց, որ Հայաստանի առաջին հարնապետությունում Ճապոնիայում մեր դեսպանը առաջին կին դեսպանն  է եղել աշխարհում, ինչը գալիս է ապացուցելու, որ դեռևս 100 տարի առաջ մենք ունեցել ենք կնոջ այն տեսակը, որն ունակ էր մասնակցել երկրի կառավարմանը և այսօր  էլ ուննեք, սակայն այսօր  կանայք առնչվում են  լուրջ խնդիրների ու հանդիպում խոչընդոտների: Այնուհետև Թ.Պողոսյանը համեմատական անցկացրեց արևմտյան մի շարք երկրների հետ, որտեղ կնոջ ներկայացվածությունը ակտիվ քաղաքական գործընթացներում 40-45 տոկոսի է հասնում, մինչդեռ Հայաստանը  այս ցուցանիշով հազիվ տեղավորվում է 10 տոկոսի  մեջ.

 

«Հայաստանում 11 տոկոս է, սակայն ես չեմ կարծում, որ սա կնոջ ներուժի, նրա որակների ու հմտությունների չափանիշ է»,- նշեց նա:

 

Թ.Պողոսյանը ևս համաձայն է այն մտքի հետ, որ կինն ինքը պետք հավատա, որ պոտենցիալ ունի, որ  պատրաստ է ներգրավվել քաղաքական գործընթացներում ու մտնել   քաղաքական կոշտ պայքարի դաշտ.

 

«Մենք լավագույն օրինակներ ունենք, երբ  կանայք ցուցակներում են հայտնվում ոչ թե սեռի համար, այլ իրենց որակների, մրցունակության շնորհիվ: Ընտրական օրենսգրքում քվոտավորումը ամրագրելով մենք չենք կարողացել այդ խնդիրը մինչև վերջ լուծել , մինչդեռ ես համոզված եմ` կանանց քաղաքական առաջխաղացման լավագույն ինստիտուտը համամասնական ցուցակներն են, քանի որ այստեղ կնոջ համար ավելի ընդունելի են մրցակցության պայմանները, իսկ կայացման առումով մեծ է թիմային աջակցությունը»,- ասաց  Պողոսյանը `  ընդգծելով, որ թվարկած  հնարավորությունը Հայաստանում մինչև վերջ չի օգտագործվում:

 

Շարունակելով թեման նա նշեց, որ անկախացումից այս կողմ բոլոր որոշումները կայացվում են տղամարդկանց կողմից, այնպես որ այն իրավիճակը, որում մենք հայտնվել ենք, տղամարդկանց` քաղաքական, պետական այրերի  հիմնական պատասխանատվությամբ է,  քանի որ կանայք այդ մակարդակներում գրեթե չկան:

 

Իսկ ԲՀԿ-ական ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանն էլ կարծիք հայտնեց, որ կնոջ ներգրավվածությունը երբևէ չպետք է լինի ինքնանպատակ, դրա հիմքում առաջնային պետք է դրված լինի որակ, որովհետև կանանց նկատմամբ հասարակությունը շատ ավելի պահանջկոտ է ու չներող, քան տղամարդկանց:

 

Երևանի ավագանու ընտրությունների մասին խոսելիս «ՊրոՄեդիաԳենդեր» հկ նախագահ Թամարա Հովնաթանյանը թվեր ներկայացրեց անցած ՏԻՄ ընտրություններից` մատնանշելով, որ կանանց թվի ավելացում տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակում անցած ընտրություններում, ցավոք, չենք արձանագրել: Մինչդեռ Հազարամյակի զարգացման նպատակների ծրագրի շրջանակում Հայաստանը պարտավորություն է ստանձնել 2015-ին առնվազն 10 տոկոս կին համայնքների  ղեկավարների թվում.

 

«Դիտարկումներն ու վերլուծությունները ցույց են տալիս, որ այսօր ՏԻՄ-երում կանանց ներկայացվածությունը նույնիսկ 2 տոկոս չի կազմում, ավելին` վերջին ՏԻՄ ընտրություններում մենք չկարողացանք պահել կանանց թիվը և շատ ու շատ արժանի կանայք, ովքեր նախորդ տարիներին իրենց աշխատանքով բավականին լավ էին դրսևորվել, չկարողացան վերընտրվել: Ու պատճառն այստեղ ամենևին էլ այն չէ, որ այդ կանայք վատ էին աշխատել»,- տեղեկացրեց Թ.Հովնաթանյանը:

Էնզելա Մակարյան

 

 

Ծանոթացեք  նաև այս քննարկման մասին այլ հրապարաումներին.

 

«Կանանց ներկայացվածությունը քաղաքականության մեջ չպետք է լինի ինքնանպատակ». Քննարկում ապրիլի 7-ին ընդառաջ

 

«Գյուղապետերի մակարդակում կանայք անգամ 2 տոկոս ներկայացվածություն չունեն»

 

Դիտումների քանակը` 3156

Գլխավոր էջ