Յուրաքանչյուր կին ունի իր սեփական ուղին կերտելու իրավունքն ու ազատությունը

Մարտի 8-ը ոչ թե կանանց ծաղիկ նվիրելու, այն նրանց իրավունքների մասին բարձրաձայնելու օր է: Այսօր Երեւանի կենտրոնում տեղի ունեցող երթի նպատակը քաղաքացիներին կանանց իրավունքների ոտնահարումների մասին հիշեցնելն է:

 

«Կանանց իրավունքները Հայաստանում լիարժեք պաշտպանված չեն: Կանայք, ներկայացնելով բնակչության 52%-ը, ենթարկվում են  բռնությունների և խտրականության՝  սկսած ընտանիքից մինչև հասարակական-քաղաքական տարբեր հարթակներ: Հայաստանի կանանց 61%-ը ենթարկվում է որևիցե տեսակի բռնության»,- ահազանգում են երթի մասնակիցները:

 

Ֆեմինիզմ պլատֆորմի նախաձեռնած երթն անցավ Երեւանի կենտրոնական փողոցներով՝ քաղաքացիներին նվիրելով թռուցիկներ, որոնք պատմում են Կանանց իրավունքների միջազգային օրվա ստեղծման պատմությունն ու խորհուրդը:

 

Օրը ֆեմինիստները եզրափակելու են ժամը 19:00-ին Էօն հակասրճարանում, որտեղ տեղի կունենա համերգ՝ տոնելու կին երաժիշտների ձեռքբերումները (համերգը տեղի է ունենում Էօնի և Ֆեմինիստ պլատֆորմի համագործակցության արդյունքում): Համերգի հասույթի  մի մասը տրամադրվելու է Կանանց Ռեսուրսային կենտրոնի և Կանանց Աջակցման Կենտրոնի կողմից կազմակերպված  ֆոնդին, որն ուղղված է ընտանեկան բռնությունից տուժած կանանց աջակցությանը:

Դիտումների քանակը` 2788

Գլխավոր էջ