56 երկրներ, այդ թվում Հայաստանը, ամփոփեցին Պեկին+20-ի արդյունքները

«Բոլորը պատասխանատու են, և ժամանակը եկել է»` այս խորագրի ներքո նոյեմբերի 3-5-ը Ժնևում կայացած ոչ կառավարական կազմակերպությունների ֆորումը ընդունեց հռչակագիր, որով ամփոփեց Պեկինի գործողությունների ծրագրի իրականացման արդյունքները ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (UNECE) տարածաշրջանի 56 երկրներում, այդ թվում` Հայաստանում: Ֆորումն ընդունեց նաև հանձնարարականներ 10 հիմնական խնդրահարույց ուղղություններով: Դրանք ներկայացվեցին Պեկին+20-ի քննարկմանը նվիրված նոյեմբերի 6-7-ը ժնևում անցկացված կառավարական մակարդակով հավաքին:

 

Պեկինի գագաթնաժողովից ի վեր բոլոր հետպեկինյան գործընթացներում ակտիվ ներգրավված են ոչ կառավարական կազմակերպությունները, և նրանց տեսակետը պարտադիր հաշվի է առնվում կառավարական մակարդակով անցկացվող քննարկումների ժամանակ: Ժնևի հավաքը այս առումով բացառություն չէր, քննարկումները ընթանում էին գրեթե զուգահեռ ռեժիմով: Հասարակական կազմակերպությունների ֆորումին մասնակցում էին 56 երկրներից 700 պատվիրակներ, որոնք ներկայացնում էին 350 ՀԿ-ներ, կոալիցիաներ և ցանցեր: Եվս 500 պատվիրակ մասնակցում էր անդամ պետությունների կառավարական մակարդակով քննարկումներին, որոնք մեկնարկեցին ՀԿ-ների ֆորումի ավարտից անմիջապես հետո:

 

Իր տպավորություններով է կիսվում ՀԿ-ների ֆորումի մասնակից, փորձագետ Լիլիթ Զաքարյանը: Նրա դիտարկմամբ` չկար նմանատիպ միջոցառումներին հատուկ հանդիսավորությունը, ելույթները կարճ էին, գործնական: Բոլորը ավելի շատ խոսում էրն հիմնախնդիրների, քան ձեռքբերումների մասին.

 

Ժնևի ֆորումը մի փոքր դրվագ էր Պեկին+20 միջոցառումների համատեքստում, թեև մասնակիցների թիվը բավականին պատկառելի էր: Առաջինը, որ աչքի զարնեց, մասնակիցների միջինից բարձր տարիքն էր: Հետագայում ելույթներից պարզ դարձավ, որ մասնակիցների մեծ մասը հենց այն սերունդն է, որը ժամանակին մասնակցել է Պեկինի գագաթնաժողովին: Կար յուրահատուկ նոստալգիա, նաև մի փոքր հիասթափություն: Ինչպես պատկերավոր արտահայտվեց ֆորումի նախագահ Նյարադզայի Գամբոնզվանդան Nyaradzayi Gumbonzvanda, Պեկինում իր մասնակցության մասին. «Ես այն ժամանակ երիտասարդ էի, կարծում էի` հնարավոր է աշխարհը միանգամից փոխել: 20 տարիների ընթացքում իրոք շատ դժվարություններ հաղթահարվեցին, սակայն մնացել են շատ չլուծված խնդիրներ»:

 

Նկատի ուներ, առաջին հերթին, այն, որ Պեկինում պարտավորություններ ստանձնած գրեթե բոլոր պետություններում բազմաթիվ օրենսդրական փոփոխություններ են կատարվել, օրենքներ ու ծրագրեր ընդունվել, սակայն դրանք հիմնականում մնացել են թղթի վրա, այսինքն` չեն իրագործվել: Ժնևյան ֆորումը հիմնական խնդիրը տեսավ դրանում և պատահական չէ, որ գլխավոր կարգախոսը դարձավ «Հռետորաբանությունից իրականություն»: Մյուս հիմնախնդիրը, որ անընդհատ ընդգծվում էր, գենդերային վիճակագրության պակասն է, որը հնարավորություն չի տալիս վերլուծաբաններին ու փորձագետներին գնահատելու գենդերային անհավասարության իրավիճակը և ճիշտ նպատակաուղղել գործողությունները: Չափազանց մեծ ուշադրություն հրավիրվեց փաստաթղթերի գենդերային ուղղորդման հարցերին, գենդերային փորձաքննությանը: Կոչ արվեց կառավարություններին, խորհրդարաններին և համալսարաններին օգնել այս հարցերում:

 

Որոշակի հետաքրքրություն էր ներկայացնում ինձ համար հետպեկինյան իրողությունների վերլուծությունը IT ոլորտի հետ կապված: Նշվեց, որ ժամանակակից տեխնոլոգիաները կարող են ինչպես նպաստել, այնպես էլ խոչընդոտել կանանց շարժմանը: Դա նոր մարտահրավեր է, ինչպես և նոր մարտահրավերներ կան առևտրի, միգրացիայի և այլ ոլորտներում: Մյուս կարևր խնդիրը, որ այնտեղ խիստ տեսանելի էր, այն էր, որ ֆինանսատնտեսական ճգնաժամի և սոցիալ-տնտեսական բնույթի դժվարությունների հետևանքով գենդերային հավասարությունը հետին պլան է մղվել, այնինչ այն զարգացման կարևոր նախապայմաններից է: Խոսվեց նաև այն բացասական ազդեցության մասին, որ ունենում է վերջերս արձանագրված միլիտարիզմի, նացիոնալիզմի աճը, հետամնաց ավանդույթների վերածնունդը շատ երկրներում:

 

Ֆորումի հետաքրքիր առանձնահատկություններից էր նաև այն, որ խովեց նաև տղամարդկանց հիմնախնդիրներին ուշադրություն դարձնելու մասին, չէ՞ որ գենդերային հավասարությունը վերաբերում է երկու սեռերին: Առաջարկ եղավ ավելի լայնախոհ մոտենալ հարցերին` կանանց և տղամարդկանց հիմնախնդիրները դիտարկել գլոբալ մարտահրավերների համատեքստում` կլիմայի փոփոխություն, սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներ: Բացի այդ, շեշտադրվեց, որ տղամարդկանց մասնակցությունը նոր թափ է հաղորդում կանանց իրավունքների համար պայքարին:

 

Ակնկալվում է, որ արդյունքների նման գնահատում կարվի ՄԱԿ-ի հինգ տարածաշրջանային հանձնաժողովների յուրաքանչյուրի կողմից, ինչից հետո 2015-ի մարտին Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 59-րդ նստաշրջանում կամփոփվեն «Պեկին+20»-ի գլոբալ արդյունքները, և կնախանշվեն հետագա անելիքները:

 

 

Դիտումների քանակը` 3033

Գլխավոր էջ