4000-ից ավելի ընտրող ունեցող համայնքներում ՏԻՄ ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով

Խորհրդարանը հունիսի 18-ի նիստում  երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց  Կառավարության և մի խումբ պատգամավորների հեղինակած «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք», «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքներում,  Տեղական ինքնակառավարման մասին»  և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում   փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին  փաթեթը:

 

 

Նշենք, որ հիմնական զեկուցող Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ կարևորելով ներկայացված նախագծերը, նշել էր, որ սահմանադրական փոփոխություններից հետո կարիք առաջացավ նոր իրողություններին համահունչ տեղական ինքնակառավարման մարմիններ ունենալ:

 

 

«Առաջարկվում է սահմանել մինչև 4000 ընտրող ունեցող համայնքներում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների մեծամասնական ընտրակարգով ընտրություններ: 4000-ից ավելի ընտրող ունեցող համայնքներում, նաև բազմաբնակավայր համայնքներում համայնքի ավագանու ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով: Սա կարևոր է նրանով, որ քաղաքական կուսակցություններն իրենց ունեցած ռեսուրսը կարողանալու են իրացնել, իրենց ներուժը հինգ տարի շարունակ կարողանալու են իրացնել ավագանիում»,-ասաց Պապիկյանը:

 

 

Նախարարի խոսքով` նախկինում շատ են եղել դեպքերը, երբ մեծամասնական ընտրակարգով պայքարող համայնքապետը մեկ-եկու տոկոսով կամ նույնիսկ մի քանի ձայնով պարտություն է կրել, և տվյալ քաղաքական ուժի ներկայացուցիչը հինգ տարի շարունակ դուրս է մղվել տվյալ համայնքում քաղաքական դերակատարում ունենալուց:

 

 

«Այս օրենքի նախագիծը երաշխավորում է, որ տվյալ համայնքում լինի առողջ քաղաքական մթնոլորտ, և եթե հնարավորություն ընձեռվի կառուցողական մթնոլորտում ապահովել ավագանու համագործակցությունը, ապա կլինի փոխզսպված ավագանի ու համայնքի ղեկավար: Այն մոդելը, որն առկա է խորհրդարանում, կտեղափոխվի տեղական ինքնակառավարման մարմիններ»,-ասաց Սուրեն Պապիկյանը:

 

 

Նախարարի խոսքով` փոփոխություններ են առաջարկվում համայնքների ավագանիների թվաքանակի, ընտրական գրավի չափի, նախընտրական հիմնադրամների ձևավորման վերաբերյալ կարգավորումներում:

 

 

Ըստ նախագծի` մինչև 500 ընտրող ունեցող համայնքի դեպքում համայնքի ղեկավարի թեկնածուն և ավագանու անդամն ընտրական գրավ չեն վճարում: 501-ից 1000 ընտրող ունեցող համայնքի դեպքում համայնքի ղեկավարի թեկնածուն վճարում է նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի, ավագանու անդամը՝ 10-ապատիկի, 1001-ից 4000 ընտրող ունեցող համայնքի դեպքում՝ համայնքի ղեկավարի թեկնածուն՝ 100-ապատիկի, ավագանու անդամը՝ 15-ապատիկի չափով ընտրական գրավ:

 

 

«Առաջարկվում է մանդատների բաշխմանը մասնակցելու համար անցողիկ շեմը կուսակցությունների համար սահմանել 4%` գործող 6%-ի փոխարեն, կուսակցությունների դաշինքի համար` 6%` գործող 8-ի փոխարեն: Եվ եթե կողմ քվեարկած քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի առնվազն 4 կամ 6 տոկոս կողմ քվեարկած քվեաթերթիկներ ստացել են երեքից պակաս կուսակցություն, կուսակցությունների դաշինք, ապա մանդատների բաշխմանը մասնակցում են առավելագույն կողմ քվեարկած քվեաթերթիկներ ստացած երեք կուսակցությունները և կուսակցությունների դաշինքը»,-ասաց Պապիկյանը:

 

 

Նախարարը կարևորեց այն կետը, որով առաջարկվում է Ընտրական օրենսգրքից հանել մանդատների առնվազն 40% ստացած կուսակցության ընտրական բոնուսը:  «Սա տարբեր հարթակներում քննադատվել է իմ շատ գործընկերների, ձեր՝ շատերիդ կողմից: Այս հանգամանքը հաշվի առելով՝ որոշում ենք կայացրել առաջարկել ձեզ այս փոփոխությունը կատարել»,-ասաց Սուրեն Պապիկյանը:

 

 

Առաջարկվում է նաև «Կուսակցությունների մասին» օրենքի այն դրույթները, որոնք վերաբերում են Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքների ավագանիների ընտրության ժամանակ կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կողմից թեկնածուներ առաջադրելու իրավահարաբերություններին, տարածել համամասնական ընտրակարգով ընտրվող համայնքներիբոլոր ավագանիների ընտրության վրա:

 

 

Պապիկյանի խոսքով` համայնքապետի լիազորությունների դադարեցման ժամանակ, երբ կա գործող ավագանի, համայնքի դեպքում պաշտոնակատար է նշանակվում մարզպետի կողմից, քաղաքապետի պարագայում` վարչապետի կողմից:

 

 

Ըստ նախագծի` մեծամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուն բացում է նախընտրական հիմնադրամ, եթե զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչության իրականացման, դահլիճների, տարածքների վարձակալման (բացառությամբ ընտրական շտաբների), քարոզչական պաստառի, քարոզչական տպագիր և այլ նյութերի պատրաստման, ձեռքբերման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի պատրաստման ֆինանսավորման համար օգտագործելու է կամ արդեն օգտագործել է նվազագույն աշխատավարձի 500-ապատիկը գերազանցող գումար:

 

 

Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուն իրավունք ունի իր հիմնադրամում մուծում կատարելու նվազագույն աշխատավարձի մինչև 150-ապատիկի չափով, իսկ նրան առաջադրած կուսակցությունը՝ մինչև 200-ապատիկի չափով գումար:

 

 

Նախընտրական քարոզչության ընթացքում համայնքի ղեկավարի թեկնածուն զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչության իրականացման, դահլիճների, տարածքների վարձակալման (բացառությամբ ընտրական շտաբների), քարոզչական պաստառի, քարոզչական տպագիր և այլ նյութերի պատրաստման, ձեռքբերման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի պատրաստման ֆինանսավորման համար իրավունք ունի ծախսելու նվազագույն աշխատավարձի մինչև 3000-ապատիկի չափով գումար:

 

 

Նշենք, որ համամասնական ընտրակարգով անցնող ընտրություններում գործելու է գենդերայաին քվոտան , այն է. 

 

« Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) և դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ընտրական ցուցակի 1-ին համարից սկսած` ցանկացած ամբողջ թվով եռյակներում (1-3, 1-6, 1-9 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 70 տոկոսը»:

 

 

Սակայն մինչև 2021 թվականն ուժի մեջ են լինելու անցումային դրույթները, ըստ որոնց կուսակցությունների ցուցակներում թեկնածուների սեռերի ներկայացվածության համամասնությունը 25/75 է լինելու:

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

ՏԻՄ համամասնական ընտրություններ. քայլ առաջ թե՞ վերադարձ անցումային դրույթներին

Դիտումների քանակը` 1305

Գլխավոր էջ