Վարչական ռեսուրսի ողջ հմայքն ու թշվառությունը. առաջին հերթին տուժում են կանայք

 admin

 

Թեև նախընտրական քարոզարշավը պաշտոնապես դեռ չի մեկնարկել, իսկ կուսակցությունները դեռ չեն ավարտել իրենց առաջադրումները, սակայն բոլոր ընտրատարածքներում հիմնական խաղացողները հայտնի են, ավելին՝ սկսել են գործել հայաստանյան ընտրական գործընթացների տրամաբանության մեջ: Ցավոք՝ այդ ամենի արդյունքում  առաջին հերթին տուժում են կանայք, որոնք այս կամ այն կերպ կապ ունեն ընտրությունների հետ:

 

Artashat

Մարզպետը  կասկածեց  բժշկուհուն հակաքարոզչության  մեջ 

 

Նախօրեին հայտնի դարձավ, որ Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանը իր մոտ է կանչել Արտաշատի բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի  փոխտնօրեն Սերինե Հայրապետյանին և տեղեկացրել, որ վերջինս աշխատանքից ազատված է՝ կոլեկտիվում հակաքարոզչություն իրականացնելու պատճառով: Թե ի՞նչ հակաքարոզչության մասին է խոսքը՝ մարզպետը չի մանրամասնել, միայն  նշել է, թե դիմում-բողոք է ստացել Հայրապետյանի դեմ, որը սակայն ցույց չի տվել՝  հայտարարելով, որ «ոչինչ  չունի ապացուցելու»: Օրվա երկրորդ կեսից պոլիկլինիկայի աշխատանքը խաթարվել էր, քանի որ կոլեկտիվի անդամները ցանկանում էին հասկանալ, թե ո՞վ է դիմում գրողը և ի՞նչ հակաքարոզի մասին է խոսքը: Խնդիրն ավելի ուշագրավ է դառնում այն պատճառով, որ տիկին Հայրապետյանը կուսակցական չէ և որևէ մտադրություն չունի առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու: Այս մասին պոլիկլինիկայի փոխտնօրենը ասաց WomenNet-ի հետ զրույցում:

 

Օրվա երկրորդ կեսին մի քանի բժիշկներ տնօրենի ուղեկցությամբ հանդիպեցին մարզպետին: «Արտաշատի» բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Հովհաննիսյանի խոսքով՝ մարզպետին պարզաբանել են, որ նման բան չի եղել, որևէ քարոզչություն կամ հակաքարոզչություն կոլեկտիվում չի իրականացվել, և մարզպետը դա ընդունել է: Տնօրենը նաև տեղեկացրել է, թե քանի որ Սերինե Հայրապետյանը իր տեղակալն է, ապաև ինքը պետք է ազատման  հրամանը  տա, իսկ ինքը նման հրաման չի տվել:

 

Նույնը մեզ հետ զրույցում ասաց նաև տիկին Հայրապետյանը. «Երեկ հանդիպել են մարզպետին, խնդիրը հարթվել է, ես այսօր աշխատանքի եմ եղել և ազատմնա հրաման իմ մասով չի տրվել: Ամեն ինչ կարգին է»,- նշեց նա:

 

Մեր տեղեկություններով՝ մարզպետ Արամայիս Գրիգորյանը Սերինե Հայրապետյանից փորձել է ձերբազատվել միայն այն պատճառով, որ վերջինս այդ պաշտոնին է եղել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի օրոք և ըստ լուրերի՝ համարվել նրա համախոհներից: Հայրապետյանը, հիշեցնենք, անկուսակցական է և քաղաքականությամբ չի զբաղվում, բայց միայն Հովիկ Աբրահամյանի գործոնը բավարար էր, որպեսզի մարզպետը ենթադրի, թե պոլիկլինիկայում գոնե ՀՀԿ-ի օգտին քարոզչություն այլևս չի տարվի: Թեև, կրկնում ենք, տիկին Հայրապետյանը շեշտում է, որ քաղաքական որևէ գործընթացի մեջ երբեք ներգրավված չի եղել:

 

Ի դեպ, թերևս հենց մարզպետի այս գործողությունները առիթ հանդիսացան, որպեսզի կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը խստագույնս զգուշացնի՝ ադմինիստրատիվ ռեսուրսը չպիտի օգտագործվի նախընտրական նպատակներով. «Մամուլում կան հրապարակումներ, որ մեր գերատեսչությունների ղեկավարները, մարզային կառույցների ղեկավարները իրենց ադմինիստրատիվ ռեսուրսն օգտագործում են քարոզչության համար: Մտնում ենք նախընտրական փուլ, բոլորին խստագույնս զգուշացվում է, որ նման ծառայություններն արջի ծառայություն են լինելու անկախ նրանից, թե որ կուսակցության շահն են իրենք պահում: Հատուկ ուշադրություն դարձնել այդ խնդրին»,- հայտարարեց վարչապետը:  Իսկ մամուլն անմիջապես գրեց, որ այս կշտամբանքը կոնկրետ հասցեատեր ուներ՝ ի դեմս Արարատի մարզպետի:

 

 

Սահմանամերձ գյուղի  ուսուցչուհին չդիմացավ ճնշմանը

 

Անցած շաբաթ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամներից մեկը տեղեկացրեց, որ Վայոց ձորից ԱԺ ընտրություններին մասնակցելու համար որպես պատգամավորի թեկնածու  մտադրություն ունի առաջադրվելու նաև սահմանամերձ գյուղերից մեկի բնակչուհի Մարիետա Հակոբյանն, ով  գյուղի դպրոցի ուսուցչուհին է:  Սակայն ընդամենը մեկ օր անց ուսուցչուհին տագնապած տեղեկացրել է, որ հրաժարվում է քաղաքական պայքարից, քանի որ «համապատասխան մարդիկ իրեն զգուշացրել են, որ խնդիրներ կունենա, եթե համաձայնվի առաջադրվել»: Հաշվի առնելով այն, որ տիկին Հակոբյանը դպրոցի աշխատակցուհի է և խնդիրները նշանակում են մնալ առանց աշխատանքի, վերջինս հրաժարվել է պայքարից:  WomenNet-ի տեղեկություններով` Մարիետա Հակոբյանի փոխարեն ԲՀԿ-ից մարզում կառաջադրվի մեկ այլ կին թեկնածու`PR մասնագետ Թամարա Սարգսյանը, որը պետական կառույցում չի աշխատում, հետևաբար նրա պարագայում ճնշում գործադրելը կլինի ավելի բարդ: Մնում է հուսալ, որ այս կինը չի ընկրկի ու կպայքարի մինչև վերջ:

 

Լիա Խոջոյան

Դիտումների քանակը` 2920

Գլխավոր էջ