Ուղերձ կանանց քաղաքական մասնակցությունը ընդլայնելու վերաբերյալ

Ուղերձ կանանց քաղաքական մասնակցությունը ընդլայնելու վերաբերյալ

Վերջերս տեղի ունեցած  «Կանանց նկատմամբ խտրականության հաղթահարումը և քաղաքական մասնակցության ընդլայնումը՝ որպես երկրի կայուն զարգացման նախադրյալ» ֆորումի ժամանակ Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիան ներկայացրեց հանրությանը Հայաստանում Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի (CEDAW) կատարման վերաբերյալ այլընտրանաքային զեկույցը: Նշված ֆորումը հատկանշական էր  նաեւ նրանով, որ դրա արդյունքում ընդունվեց  ուղերձ ՝ ՀՀ Ազգային ժողովում և տեղական ինքնակառավարման մարմիններում կանանց և տղամարդկանց հավասարակշռված ներկայացվածության ապահովմանն ուղղված ՀՀ Ընտրական օրենսգրքում  փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ: Ներկայացնում ենք տեքստն ամբողջությամբ:

 

«Կանանց քաղաքական մասնակցության ընդլայնումը`

որպես  երկրի կայուն զարգացման  նախադրյալ»

համաժողովի մասնակիցների ուղերձը

13 մայիսի 2015 թ.

Մենք` «Կանանց քաղաքական մասնակցության ընդլայնումը` որպես  երկրի կայուն զարգացման  նախադրյալ» համաժողովի մասնակիցներս,  նշում ենք, որ.

–        Կանանց դրությանը նվիրված Պեկինի չորրորդ համաշխարհային համաժողովից 20 տարի անց` չնայած ձեռնարկված որոշակի միջոցառումներին, երկրում առկա է կանանց և տղամարդկանց ներկայացվածության անհավասարակշռություն ՀՀ Ազգային ժողովում, գործադիր իշխանության բարձրագույն պաշտոններում և տեղական ինքնակառավարման համակարգում:

Կանայք կազմում են ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդամենը 10,7%, գործադիր իշխանության քաղաքական և հայեցողական պաշտոններում 19 նախարարներից 2 են կին, 66 փոխնախարարներից` 6,  ոչ մի կին մարզպետ, 21 փոխմարզպետներից` ընդամենը 2 են կին: Քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոններում կանայք կազմում են 11%:

Տեղական ինքնակառավարման համակարգում չկա ոչ մի կին  քաղաքապետ և փոխքաղաքապետ: Կանայք գլխավորում են 866 գյուղական համայնքներից միայն 17-ը և կազմում են քաղաքային և գյուղական համայնքների ավագանիների անդամների ընդհանուր թվի  9,2%,

–        Հայաստանում քաղաքական և հասարակական նշանակության հարցերին առնչվող որոշումների կայացման մակարդակում կանանց և տղամարդկանց անհավասար ներկայացվածությունը խախտում է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված սեռերի իրավահավասարության սկզբունքը,

–        կանանց ներուժի ցածր ընդգրկվածությունը կառավարման համակարգում և որոշումների կայացման բոլոր մակարդակներում վնաս է հասցնում ժողովրդավարության կայացմանը և դանդաղեցնում երկրի կայուն զարգացումը:

 

Մենք` համաժողովի մասնակիցներս,

 

քննարկելով օրենսդիր և գործադիր իշխանության, տեղական ինքնակառավարման մարմիններում կանանց և տղամարդկանց հավասարակշռված ներկայացվածության հիմնախնդիրը և հաշվի առնելով, որ.

–        2015 թ. մարտին Նյու-Յորքում կայացած Կանանց դրության հարցերով ՄԱԿ-ի հանձնաժողովի 59-րդ նստաշրջանը հանդես է եկել առաջարկությամբ 2015 թ. սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովում գենդերային հավասարության ապահովումը և կանանց հնարավորությունների ընդլայնումը համարել 2015 թվականից հետո կայուն զարգացման նպատակներից մեկը,

–        2015 թ. սեպտեմբերին նախատեսվում է համաշխարհային առաջնորդների հանդիպում` նվիրված գենդերային հավասարության ապահովմանը և կանանց հնարավորությունների ընդլանմանը,

 

նշելով, որ օրենսդիր և գործադիր իշխանության որոշումների ընդունման մակարդակում կանանց և տղամարդկանց հավասարակշռված մասնակցության համար պայմանների ապահովման անհրաժեշտությունը բխում է.

 

–        1993 թ. հունիսին Հայաստանի Գերագույն խորհրդի կողմից վավերացված Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿի կոնվենցիայի դրույթներից,

–        2007 թ. ՀՀ Ազգային ժողովի կողմից վավերացված Կանանց քաղաքական իրավունքների մասին ՄԱԿի կոնվենցիայի պահանջներից,

–        2009 թվականին Կանանց նկատմամբ խտրականության վերացման ՄԱԿ-ի կոմիտեի 43-րդ նստաշրջանում Հայաստանի ներկայացրած համատեղ երրորդ և չորրորդ պարբերական զեկույցների վերաբերյալ  ընդունված եզրափակիչ դիտարկումներից,

–        2010 թ. փետրվարին ՀՀ կառավարության կողմից հաստատված Գենդերային քաղաքականության հայեցակարգի սկզբունքներից,

–        2013 թ. մայիսին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքից,

 

ընգծելով, որ

 

– Հայաստանը հավաստել է իր կողմնակցությունը մի շարք միջազգային փաստաթղթերում ամրագրված սկզբունքներին` ուղղված օրենսդիր և գործադիր իշխանությունում գենդերային ներկայացվածության հավասարակշռման ապահովմանը, մասնավորապես, Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի «Քաղաքական և պետական որոշումների կայացմանը կանանց և տղամարդկանց հավասարակշռված մասնակցության մասին» (2003 թ.), Խորհրդարանական վեհաժողովի «Ընտրություններին կանանց մասնակցության մասին» (2004 թ.) և  «Որոշումների կայացման գործընթացին կանանց մասնակցությունը երաշխավորող մեխանիզմների մասին» (2006թ.), Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի «Տեղական և տարածաշրջանային ընտրությունների մատչելության հավասարությունը» (2010թ.) և «Աջակցություն քաղաքական կյանքում սեռերի կայուն հավասարությանը տեղական և տարածաշրջանային մակարդակում» (2010թ.) բանաձևերի և հանձնարարականների դրույթներին, որոնք ենթադրում են ընտրական համակարգի բարեփոխում և գենդերային քվոտաների ներմուծում,

– 2010 թ. հունվարին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վերաժողովի ընդունած 1706 բանաձևում երաշխավորվում է համամասնական ընտրակարգ ունեցող երկրներում քննարկել օրենսդրությամբ ոչ միայն կին թեկնածուների բարձր տոկոս նախատեսող քվոտայի (լավագույն դեպքում առնվազն 40 տոկոս) ամրագրում, այլև թեկնածուների ցուցակում խիստ հերթականության սահմանում տղամարդկանց և կանանց հերթագայության միջոցով,

 

դիմում ենք Ձեզ` ՀՀ Ազգային ժողովում և տեղական ինքնակառավարման մարմիններում կանանց և տղամարդկանց հավասարակշռված ներկայացվածության ապահովմանն ուղղված առաջարկություններով ՀՀ Ընտրական օրենսգրքում  փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:

 

 

«Ազգայինժողովիհամամասնականընտրակարգովպատգամավորիթեկնածուներառաջադրելը» 108 հոդվածի 2-րդ կետում սահմանված է, որ «Յուրաքանչյուր կուսակցություն, կուսակցությունների դաշինք իրավունք ունի առաջադրելու թեկնածուների միայն մեկ ընտրական ցուցակ: Կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունն իրավունք չունի իր անունից առանձին ընտրական ցուցակ առաջադրելու: Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով կուսակցության, կուսակցությունների դաշինքի և դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ընտրական ցուցակի 2-րդ համարից սկսած ցանկացած ամբողջ թվով հնգյակներում (2-6, 2-11, 2-16 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 80 տոկոսը: Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով կուսակցության, կուսակցության դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկվում է առնվազն 25 թեկնածու: Կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների թիվը չի կարող գերազանցել Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով պատգամավորների մանդատների թվի համար սույն օրենսգրքով սահմանված թվի եռապատիկը: Կուսակցության ընտրական ցուցակում կարող են ընդգրկվել նաև այդ կուսակցության անդամ չհանդիսացող անձինք»:

 

Տվյալ կետի «կուսակցությունների դաշինքի և դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ընտրական ցուցակի 2-րդ համարից սկսած ցանկացած ամբողջ թվով հնգյակներում (2-6, 2-11, 2-16 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 80 տոկոսը»  դրույթով, ըստ էության, Հայաստանի օրենսդրության մեջ ամրագրվել է ուղղակի խտրականություն սեռի հատկանիշով, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրությանը և «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» ՄԱԿի կոնվենցիային:

Հիմնավորված չէ, թե ինչու ցուցակի առաջին համարը դուրս է մնացել ամբողջ թվով հնգյակներից:

Հոդվածը ձևակերպված է անհասկանալի և խճճված, մասնավորապես, հնգյակների ձևավորման սկզբունքը:

 

Առաջարկում ենք նշված կետը շարադրել հետևյալ խմբագրմամբ.

 

«Յուրաքանչյուր կուսակցություն իրավունք ունի առաջադրելու թեկնածուների միայն մեկ ընտրական ցուցակ: Կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունն իրավունք չունի իր անունից առանձին ընտրական ցուցակ առաջադրել: Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով կուսակցության ցուցակում մեկ սեռի ներկայացվածությունը չի կարող գերազանցել 70%-ը, ընդ որում` առաջադրված կին և տղամարդ թեկնածուների հաջորդականության տարբերությունը չպետք է գերազանցի երեք տեղը:

Ցուցակից կնոջ թեկնածությունը հանելու կամ պատգամավորական մանդատից կնոջ հրաժարվելու դեպքում նրա տեղը պետք է զբաղեցնի ցուցակում ընդգրկված հաջորդ կինը»:

 

 

«Կուսակցությանընտրականցուցակիգրանցումը» 155 հոդվածի 2-րդ կետում սահմանված է.  «Յուրաքանչյուր կուսակցություն, կուսակցությունների դաշինք իրավունք ունի առաջադրելու միայն մեկ ընտրական ցուցակ: Կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունն իրավունք չունի իր անունից թեկնածուների առանձին ցուցակ առաջադրելու: Կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկվում է առնվազն 25 թեկնածու: Կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների թիվը չի կարող գերազանցել Երևանի ավագանու անդամի մանդատների թվի համար սույն օրենսգրքով սահմանված թվի եռապատիկը:

Կուսակցության, կուսակցությունների դաշինքի և դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ընտրական ցուցակի 2-րդ համարից սկսած` ցանկացած ամբողջ թվով հնգյակներում (2-6, 2-11, 2-16 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 80 տոկոսը: Կուսակցության ընտրական ցուցակում կարող են ընդգրկվել նաև այդ կուսակցության անդամ չհանդիսացող անձինք»:

 

Առաջարկում ենք  155 հոդվածի երկրորդ կետը  շարադրել հետևյալ խմբագրմամբ.

«Յուրաքանչյուր կուսակցություն, կուսակցությունների դաշինք իրավունք ունի առաջադրելու միայն մեկ ընտրական ցուցակ: Կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունն իրավունք չունի իր անունից թեկնածուների առանձին ցուցակ առաջադրելու: Կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկվում է առնվազն 25 թեկնածու: Կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների թիվը չի կարող գերազանցել Երևանի ավագանու անդամի մանդատների թվի համար սույն օրենսգրքով սահմանված թվի եռապատիկը:

Կուսակցության ցուցակում մեկ սեռի ներկայացվածությունը չի կարող գերազանցել 70%-ը, ընդ որում` առաջադրված կին և տղամարդ թեկնածուների հաջորդականության տարբերությունը չպետք է գերազանցի երեք տեղը:

Ցուցակից կնոջ թեկնածությունը հանելու կամ պատգամավորական մանդատից կնոջ հրաժարվելու դեպքում նրա տեղը պետք է զբաղեցնի ցուցակում ընդգրկված հաջորդ կինը»:

 

 

«Տեղականինքնակառավարմանմարմիններիընտրություններ» բաժնում առաջարկում ենք.

քաղաքային համայնքներում ընտրություններն անցկացնել համամասնական ընտրակարգով,

սահմանել, որ « Կուսակցության ցուցակում մեկ սեռի ներկայացվածությունը չի կարող գերազանցել 70%-ը, ընդ որում` առաջադրված կին և տղամարդ թեկնածուների հաջորդականության տարբերությունը չպետք է գերազանցի երեք տեղը:

Ցուցակից կնոջ թեկնածությունը հանելու կամ պատգամավորական մանդատից կնոջ հրաժարվելու դեպքում նրա տեղը պետք է զբաղեցնի ցուցակում ընդգրկված հաջորդ կինը»:

 

ՀՀ Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների հիմքում մեր համոզմունքն է, որ.

– վերջին տարիներին երկրում նկատվում է կանանց  քաղաքական մասնակցության ակտիվացում,

– կուսակցություններում և հասարակական կազմակերպություններում ձևավորվել է սոցիալապես ակտիվ կանանց զգալի ներուժ, որը հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում տղամարդկանց հետ հավասար ընդգրկելու պայմաններում միայն կարելի է ապահովել Հայաստանի կայուն զարգացումը:

 

Մենք վստահ ենք, որ առաջարկվող փոփոխությունները հնարավորություն կստեղծեն իրականացնելու Կանանց դրության հարցերով ՄԱԿ-ի հանձնաժողովի 59-րդ նստաշրջանի Քաղաքական հռչակագրում դրված ռազմավարական նպատակը`  «ձգտել մինչև 2030 թվականը  հասնելու գենդերային հավասարության և կանանց հնարավորությունների ընդլայնման լիակատար կենսագործման»:

 

Ուղերձն ընդունվել է միաձայն եւ ուղարկվել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին:

 

 

Դիտումների քանակը` 3320

Գլխավոր էջ