23 մլն չծնված աղջիկ. գիտնականները հաշվել են սելեկտիվ աբորտների զոհերին

Ընդհանուր առմամբ 23 մլն  աղջիկ լույս աշխարհ չի եկել միայն այն պատճառով, որ ծնողները, իմանալով պտղի սեռը, ընդհատել են նորմալ, առողջ ու առանց խնդիրների հղիությունը։ Սեռով պայմանավորված աբորտների խնդրին անդրադարձել է իր հոդվածում BBC-ի ռուսական ծառայության  գիտության հարցերով թղթակից Նիկոլայ Վորոնինը:   

 

Թիվն առավել պատկերավոր լինելու համար նշենք, որ 23 մլնը Իսպանիայի բնակչության կեսն է, կամ էլ Ավստրալիայի ողջ բնակչության թվաքանակը։ Դա կրկնակի շատ է, քան այն մարդկանց թիվը, որոնք ապրում են Բելգիայում կամ Կուբայում, Դանիայի կամ Ֆինլանդիայի բնակչության թվից էլ չորս անգամ մեծ է։ 

 

Նման տվյալներ ստացվել են լայնածավալ հետազոտության արդյունքում, որի արդյունքներն անցած շաբաթ հրապարակվել են ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի ամսագրում։ Գիտնականները վերլուծել են ամբողջ աշխարհում վերջին մի քանի տասնամյակներում ծնելիության տվյալները և հայտնաբերել են,  որ միանգամից մի քանի երկրում  գրանցվել են նորածինների՝ սեռով պայմանավորված կտրուկ փոփոխություններ։ Լույս աշխարհ սկսկել են ավելի շատ տղաներ գալ, քան աղջիկներ։

 

Այս միտումն առավել վառ արտահայտված էր տասներկու երկրներում, որոնց թվում են նաև հետխորհրդային երեք երկրներ՝ Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը։ Ընդհատված հղիությունների  առյուծի բաժինը հասնում է խիտ բնակեցված այնպիսի երկրների, ինչպիսիք են Հնդկաստանը, Չինաստանը։

Անցանկալի դուստրեր

 

Միջին հաշվով ամեն 100 նորածին աղջկան բաժին է հասնում 105 տղա։ Ժամանակ առ ժամանակ այս բնական հարաբերակցությունը կարող է մի փոքր շեղվել այս կամ այն կողմ՝ 1.03-1.07-ի միջակայքում, բայց ընդհանուր առմամբ այն անփոփոխ է՝ անկախ երկրից։

 

Սակայն 40 տարի առաջ, երբ ստեղծվեցին ու սկսեցին կիրառվել հղիության ընթացքում երեխայի սեռը որոշելու հնարավորություն ընձեռող տեխնոլոգիաները, սկիզբ դրվեց սելեկտիվ աբորտներին։ Ապագա ծնողները հնարավորություն ստացան որոշում կայացնելու՝ թողնե՞լ երեխային, թե՞ ազատվել նրանից, կախված այն բանից, աղջի՞կ, թե՞ տղա երեխայի են սպասում։

 

Հետազոտությունները ցույց են տվել, որ գնալով ավելի ու ավելի շատ ընտանիքներ են որոշում կայացնում ընդհատել հղիությունը, եթե նրանց դուր չի գալիս երեխայի սեռը և նորից փորձել հղիանալ։ Ընդ որում, ավանդաբար նախապատվությունը տրվում է տղաներին։

 

 

Ասե՞լ  թե չասե՞լ  պտղի սեռը հղիության վաղ շրջանում

 

Մասնագետները նշում են, հղիության վաղ շրջանում պտղի սեռը ծնողներին ասելը շատ դեպքերում հանգեցնում է աբորտի։ Հենց այդ պատճառով է, որ շատ երկրներում օրենքն արգելում է ծնողներին ասել երեխայի սեռը հատկապես հղիության վաղ փուլում, երբ ավելի հեշտ է ընդհատել այն։

 

 

Չափից շատ տղաներ

 

Ուսումնասիրելով 1970-2017 թվականների ընթացքում ծննդաբերությունների վերաբերյալ  վիճակագրությունը՝ գիտնականները մի քանի անոմալ երևույթներ են նկատել, երբ այս կամ այն ժամանակահատվածում նորածին երեխաների սեռային հարաբերակցությունը կտրուկ փոփոխվում է։ Օրինակ, Չինաստանում 2015-ին 100 նորածին աղջկան բաժին էր հասնում 118 տղա, իսկ Հնդկաստանում տասը տարի առաջ՝ 111 տղա։ Նման անոմալ շեղումներ գրանցվեցին նաև Ադրբեջանում, Ալբանիայում, Հայաստանում, Վիետնամում, Վրաստանում, Թայվանում, Թունիսում, Չեռնոգորիայում (Մոնտենեգրո), Հարավային Կորեայում։

 

Ինչպե՞ս Հարավային Կորեայում կարողացան վերջ դնել ընտրովի աբորտներին

 

Առաջին երկիրը, որտեղ սկիզբ առավ սելեկտիվ աբորտների ալիքը, Հնդկաստանն էր։ Ավելի մեծ թվով տղաներ այնտեղ սկսկեցին ծնվել դեռ 1975 թվականներից և այդ միտումը պահպանվում է մինչ օրս։

 

Արդեն 1980-ականների սկզբին այդ ալիքը տարածվեց դեպի Չինաստան, Կորեա, Թայվան, Թունիս, Մոնտենեգրո։ Վերոնշյալ բոլոր երկրներում նորածինների սեռային համամասնությունն արդեն վերականգնվել է, բացի Չինաստանից, որտեղ 100 աղջկա հաշվով նախկինի նման ծնվում է 114 տղա։

 

Հետխորհրդային նախկին երեք երկրներում՝ Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում սեռով պայմանավորված աբորտների թվի աճ գրանցվեց ԽՍՀՄ փլուզումից հետո՝ 1991-1992 թվականներին, այն ուղեկցվեց ծնելիության կտրուկ նվազմամբ։

 

Եվ եթե Վրաստանում այդ հարաբերակցությունն արդեն հարթվել է, ապա Հայաստանում ու Ադրբեջանում  հիմա էլ սելեկտիվ աբորտները լայն տարածում ունեն, ինչպես նախկինում։ 2017-ին 100 նորածին աղջկա հաշվով ծնվել է միջինում 112-113 տղա։

 

Վերադառնալով Հարավային Կորեայի հաջողված փորձին,  նկատենք, որ աղջիկ երեխայի սպասող կանանց շրջանում աբորտների թիվը կրճատելու համար այդ երկիրը դեռ 1988-ին բժիշկներին արգելեց հայտնել պտղի սեռը։ Միաժամանակ կանանց շրջանում էականորեն բարձրացրեցին կրթական մակարդակը, ավելի շատ կանայք սկսեցին աշխատել՝ կոտրելով ավանդական այն կարծրատիպը, ըստ որի ընտանիքում  գումար վաստակել կարող է միայն տղամարդը։

 

Բոլոր այս գործոնները միասին բերեցին այն արդյունքի, որ գենդերային հավասարակշռությունը նորածինների շրջանում վերադարձավ իր բնական վիճակին։ Համաշխարհային բանկը հայտարարել է, Հարավային Կորեան դարձել է Ասիայում առաջին երկիրը, որը կարողացել է  ունենալ այդ ձեռքբերումը։ Արդեն 2015-ին 100 նորածին աղջկա հաշվով ծնվել է 105.3 տղա։ Նման ցուցանիշ ունեն արևմտյան մի շարք երկրներ, այդ թվում, օրինակ, Կանադան։

 

Հ. Կարապետյան

 

Հոդվածն ամբողջությամբ  այստեղ

Դիտումների քանակը` 2332

Գլխավոր էջ