22-ամյա երգչուհին սեքսիստական երգը վերածել է ֆեմինիստական հիմնի

Ամերիկյան սկսնակ երգչուհի Սիզի Ռոքեթը (Sizzy Rocket) վերջերս թողարկած իր տեսահոլովակով հայտնվել է  միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Տեսահոլովակը  նկարահանվել է «Beastie Boys» խմբի «Girls» երգի վերափոխված տարբերակի հիման վրա:

 

Ամերիկյան հիփ-հոփ խմբի այս երգը թողարկվել է դեռեւս 1986 թվականին, ասել է թե ավելի վաղ, քան Սիզի Ռոքեթը լույս աշխարհ է եկել, սակայն երիտասարդ երգչուհին համարձակվել է ստեղծել երգի իր տարբերակը՝ փոխելով նրա բառերը:

 

Երգի օրիգինալ տարբերակը սեքսիստական ուղղվածություն ունի, քանի որ կնոջը ներկայացնում է միայն որպես հաճույքները բավարարելու եւ կենցաղում շահագործելու օբյեկտ:

 

«Աղջիկներ՝ սպասքը լվանալու համար,

Աղջիկներ՝ իմ սենյակը մաքրելու համար,

Աղջիկներ՝ լվացք անելու համար,

Աղջիկներ՝ ննջասենյակում,

Աղջիկներ՝ դա ամենն է, ինչ ես իսկապես ուզում եմ»:

 

Սիզի Ռոքեթը թեեւ սիրում է «Beastie Boys» խմբի երգերը, այնուամենայնիվ չի ցանկացել հաշտվել «Girls» երգում կնոջը վերապահված դերի հետ եւ վերափոխել  է այն՝ երգին տալով  ֆեմինիստական ուղղվածություն: Վերափոխված տարբերակում երգչուհին ներկայացնում է, թե ինչպիսի ճնշումների են ենթարկվում կանայք ժամանակակից աշխարհում, նրանց մարմինը մշտապես տղամարդկանց ուշադրության կենտրոնում է: Կանայք ստիպված են համապատասխանել այն չափանիշներին, որոնք թելադրված են տղամարդկանց կողմից:

 

«Նրանք սիրում են, թե մենք ինչպես ենք քայլում,

Բայց չեն ցանկանում լսել, թե մենք ինչ ենք խոսում…

Եւ նրանք պատկերացում չունեն, թե մենք ինչպիսի ճնշում ենք զգում՝

Եղիր նիհար, եղիր գեղեցիկ, եղիր սեքսուալ…»:

 

 

 

Սիզի Ռոքեթը երգի վերափոխված տարբերակը թողարկելուց հետո բազմաթիվ հարցազրույցներ է տվել միջազգային լրատվամիջոցներին՝ նշելով, որ այս երգով նա ցանկանում է կոչ անելի երիտասարդ աղջիկներին լինել այնպիսին, ինչպիսին նրանք ցանկանում են լինել: «Դուք կարող եք միեւնույն ժամանակ լինել եւ սեքսուալ, եւ ուժեղ: Կարծում եմ՝ կարեւոր է գիտակցել, որ դու կարող ես լինել այնպիսին, ինչպիսին հենց ինքդ ես ցանկանում լինել»,- ասել է Սիզի Ռոքեթը:

 

Երգչուհին ցանկանում է, որպեսզի իր երգը ոչ միայն ազդի մարդկանց գիտակցության վրա, այլեւ պարզապես զվարճացնի նրանց, քանի որ համարում է, որ փոփ երաժշտությունը ստեղծված է նախ եւ առաջ մարդկանց զվարճացնելու համար:

 

Հ.Գ.   Ի դեպ, «Beastie Boys» խմբի անդամները «Girls» երգի թողարկումից տասնյակ տարիներ անց, երբ գիտակցել են, որ այն բացասական ազդեցություն է թողնում հասարակական կարծիքի վրա, հրաժարվել են այն կենդանի կատարելուց:

 

Արման Ղարիբյան

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

 

Շեր. «Ճի՛շտն ասա. սա կնոջ աշխարհ է»

 

 

Բիյոնսեն կոչ է անում տղամարդկանց պայքարել հանուն հավասարության/ տեսահոլովակ

 

 

Բեյոնսե: «Ես ամեն օր ասում եմ իմ աղջկան, որ նա կարող է նախագահ դառնալ»…/ վիդեո

 

 

Փինքն առաջարկում է լինել նախագահ կամ ֆուտբոլիստ, բայց ոչ հիմար աղջիկ…

 

 

Քրիստինա Ագիլերայի ինքնատիպ ֆեմինիզմի ակունքները / տեսահոլովակ

 

 

Դիտումների քանակը` 5007

Գլխավոր էջ