2016 թվականը Հայաստանում հայտարարվել է հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների տարի
Այսօր Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առթիվ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում Կազմակերպության հանրային տեղեկատվության վարչությունը ՀՀ հաշմանդամների «Փյունիկ» միության հետ համատեղ կազմակերպել էր արդեն ավանդական «Փյունիկ» միության և Երևանի «Ջերմիկ անկյուն» ՀԿ-ների սաների աշխատանքների ցուցահանդես-վաճառք: Ցուցահանդեսի նպատակն է հանրության ուշադրությունը մեկ անգամ ևս սևեռել հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերին և ներկայացնել այն ներուժը, որը կարող է դրսևորվել հավասար հնարավորություններ ստեղծելու դեպքում:
Միջոցառման սկիզբը ազդարարեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հանրային տեղեկատվության վարչության գործող ղեկավար Արմինե Հալաջյանը, ով ընդգծեց սույն թվականի սեպտեմբերին ընդունված Կայուն զարգացման 17 նպատակներից երեքում նշված այն թիրախները, որոնք անմիջապես վերաբերում են հաշմանդամություն ունեցող անձանց: Այդ նպատակները առնչվում են ներառական ու որակյալ կրթության, բոլորի համար հավասար ու արժանապատիվ աշխատանքի և քաղաքները ներառական ու դիմակայուն դարձնելուն։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը անդրադարձավ hաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին ՀՀ օրենքի նախագծին: Նա ընդգծեց, որ 2016 թվականը ՀՀկառավարության որոշումով հայտարարվել է հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների տարի:
«Save the Children» կազմակերպության «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» (LIFE) ծրագրի տնօրեն Ջինա Սարգիզովան տեղեկացրեց . «2015թ նոյեմբեր – դեկտեմբեր ամիսներին «Save the Children»-ը իր գործընկեր կազմակերպությունների հետ, որոնց շահառուներից նաև «Փյունիկ»-ը, անցկացնում է «Խտրականությունը ՉԻ՛ աշխատում» խորագրովքարոզարշավը»:
Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության ծրագրերի ղեկավար Ռուզաննա Սարգսյանը ընդգծեց. «Օրվա խորհուրդն այն է, որ հաշմանդամություն ունեցող անձինք կարող են: Մենք պետք է սևեռենք մեր ուշադրությունը ոչ թե հաշմանդամություն ունեցող անձանց անկարողությունների, այլ կարողությունների վրա և պետք է ստեղծենք հավասար հնարավորություններ հասարակության մեջ նրանց լիարժեք ինտեգրման համար։ Ու այսօր այստեղ ցուցադրված են մեր այն անդամների ձեռային աշխատանքները, ովքեր ներառված են «Save the Children»-ի նշված ծրագրում»:
Համաձայն Ընդհանուր վեհաժողովի 1992 թվականի հոկտեմբերի 14-ին ընդունած 47/3 բանաձևի՝ ամբողջ աշխարհում Հաշմանդամությունունեցող անձանց միջազգային օրը ամեն տարի նշվում է դեկտեմբերի 3-ին: Այն խթանում է իրազեկվածությունն ու մոբիլիզացնում էջանքերը այն առանցքային խնդիրների շուրջ, որ վերաբերում են հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավվածությանըհասարակության ու զարգացման մեջ:
«Այս տարի Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը նշում ենք կայուն զարգացման՝ մինչև 2030 թ. իրականացվելիք հավակնոտ օրակարգի ընդունումից անմիջապես հետո: Գործողությունների այս համաշխարհային ծրագիրը մեզ կոչ է անում «ոչ ոքի հետ չթողնել»: Բոլորի համար կայուն, ներառական աշխարհի կառուցումը պահանջում է ցանկացած կարողության տեր անձանց լիարժեք ներգրավվածություն: «Կայուն զարգացման օրակարգ – 2030» փաստաթուղթը հաշմանդամություն ունեցող անձանց հուզող բազմաթիվ հարցեր է ընդգրկում, և մենք պետք է միասին ջանանք այս հանձնառությունները վերածել գործողությունների», – ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի օրվա առթիվ ուղերձում:
Աղբյուրը՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ
Դիտումների քանակը` 3820