«1915 թվականի կանայք». Ամեն վայրագություն, ի վերջո, պարտվում է մարդասիրության առաջ…
«1915 թվականի կանայք» (Women of 1915), ամերիկահայ ռեժիսոր Պարետ Մարոնյանի նկարահանած ֆիլմը Հայոց ցեղասպանության մասին։ Ցեղասպանություն տեսած հայ կնոջը ֆիլմ նվիրելու գաղափարն առաջ է եկել Ցեղասպանության որբերը ֆիլմից հետո:
«1915 թվականի կանայք» վավերագրական ֆիլմը տարբեր ենթավերնագրերից բաղկացած վավերագրական կինոպատում է՝ փաստագրական արժեքավոր հետազոտություն, որը ներկայացնում է Հայոց ցեղասպանության տարիներին ( և դրանից հետո) հայ որբերի և կանանց փրկության գործում հսկայական դեր ունեցած հայ և օտարազգի կանանց պատմությունները: Ներկայացնելով ցեղասպանության տարիներին հայ կնոջ ոդիսականը ֆիլմը բացահայտում է մահվան ճանապարհը հաղթահարած, զավակներին կորստից փրկած և օտար ափերում օջախը վառ պահած կնոջ կերպարը, ինչպես նաև օտարազգի կանանց դերակատարումը հայ որբահավաքի գործում:
Ռեժիսոր, պրոդյուսեր Պարետ Մարոնյանը Հայաստանի հանդիսատեսին ծանոթ է մասնավորապես իր «Ցեղասպանության որբերը» վավերագրական ֆիլմով, որը 2014 թ. ցուցադրվել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնում:
«Երբ աշխատում էի «Ցեղասպանության որբերը» ֆիլմի վրա, նկատեցի, որ ամեն փրկված որբուկի հետևում մի կին է կանգնած: Կա´մ հայ կին, կա´մ օտար: Ես խուսափում եմ իրականում օտար բառն օգտագործելուց: Ավելի լավ է ասեմ՝ ոչ հայ: Նրանք հարազատից էլ հարազատ էին մեզ: ԱՄՆ-ից, Եվրոպայից, Սկանդինավյան երկրներից երիտասարդ կանայք, իրենց հանգիստ, հանդարտ կյանքը թողնելով, պատերազմի ու սարսափի մեջ հայ կանանց ու երեխաների էին փրկում: Նրանցից շատերն իրենց ամբողջ կյանքը նվիրեցին մեր ժողովրդին նույնիսկ Ցեղասպանությունից հետո: Վերջիններս անգամ հայացած էին, որովհետև հայերի հետ էին ապրում, յուրացրել էին հայերի կենցաղը, հայկական ճաշեր էին ուտում, հայկական երգեր լսում, լեզու սովորում, հայկական սովորություններ էին որդեգրել: Այս ֆիլմով ուզում էի ցույց տալ նաև, թե որքան մեծ էր նրանց սերը մեր ժողովրդի հանդեպ: Այս բացառիկ կանանց մասին պատմությունները ես հակադրել եմ վայրագությունների մղձավանջին: Ամեն վայրագություն, ի վերջո, պարտվում է մարդասիրության առաջ », – պատմում է ռեժիսոր Պարետ Մարոնյանը:
Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել անցյալ տարի Նյու Ջերսիում, ապա ցուցադրվել է Սիդնեյում, Մելբուռնում, Լոս Անջելեսում, Տորոնտոյում և այս տարի ցուցադրությունները շարունակվել են աշխարհի այլ քաղաքներում: Այս կարճ ժամանակահատվածում Ֆիլմը մի շարք մրցանակների է արժանացել: Լոս Անջելեսում կայացած «Արփա» կինոփառատոնում ստացել է «Արմին Վեգներ» մարդասիրական մրցանակը, դրանից առաջ այն ստացել էր Ամերիկայի հեռուստատեսային արվեստների և գիտության ազգային ակադեմիայի (NATAS) տարածաշրջանային ամենամյա «Էմմի» մրցանակաբաշխության մրցանակը լավագույն ռեժիսուրայի համար: Տորոնտոյում կայացած «Նուռ» փառատոնում ֆիլմը ստացավ միանգամից երեք մրցանակ՝ փառատոնի պատվավոր «Ոսկե նուռ» , «Լավագույն վավերագրական» և «Հանդիսատեսի համակրանք» մրցանակները:
Դիտումների քանակը` 2294